2020 թ․–ի «ԵՄ կոդավորման շաբաթ» միջոցառմանը մասնակցել են 84 երկրներից, այդ թվում՝ արևելյան գործընկերներից ավելի քան 3.4 միլիոն աշակերտներ և ուսուցիչներ
19 Փետրվարի, 2021

2020 թ․–ի «ԵՄ կոդավորման շաբաթ» միջոցառմանը մասնակցել են 84 երկրներից, այդ թվում՝ արևելյան գործընկերներից ավելի քան 3.4 միլիոն աշակերտներ և ուսուցիչներ


84 երկրներից ավելի քան 3.4 միլիոն աշակերտներ և ուսուցիչներ, այդ թվում՝ Արևելյան գործընկեր բոլոր վեց երկրները ներկայացնող թիմեր, միացել են «ԵՄ կոդավորման շաբաթ» (EU Code Week) նախաձեռնությանը և մասնակցել ավելի քան 72 հազար կոդավորման գործողությունների: Այս մասին նախորդ շաբաթ հաղորդեցին միջոցառման կազմակերպիչները։

ԵՄ կոդավորման շաբաթը զանգվածային շարժում է, որն իրականացվում է կամավորների (կոդավորման շաբաթվա դեսպաններ, առաջատար ուսուցիչներ և կոդավորման այլ նվիրյալներ՝ ամբողջ աշխարհից) կողմից: Այն ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ որպես իր Թվային միասնական շուկայի ռազմավարության մաս՝ Թվային կրթության գործողությունների ծրագրի միջոցով:

ԵՄ կոդավորման շաբաթը 2020 թ.-ին անցավ նոր հիբրիդային մոդելի և ներդրեց վիրտուալ միջոցառումներ` Եվրոպայում և դրանից դուրս դպրոցների առցանց մասնակցությունը դյուրացնելու համար: Ձեռնարկված միջոցները ներառում էին առցանց միջոցառումների օրացույց, թվային գանձերի որոնում և վիրտուալ մեկնարկային միջոցառում։

Ըստ ԵՄ կոդավորման շաբաթվա կազմակերպիչների՝ նախաձեռնության շրջանակներում կազմակերպված գործողությունների 55 տոկոսն ուղղված էր խաղերի կոդավորմանը, իսկ 20 տոկոսը` ծրագրավորման հիմնական հասկացություններին: Բայց դրանց ավելի մեծ քանակություն կենտրոնացել էր առավել առաջադեմ STEM գործողությունների վրա, ինչպիսիք են ռոբոտաշինությունը, խաղերի մշակումը կամ տվյալների մանիպուլյացիան: Գործողությունների 20 տոկոսն «անջատված» էին, այսինքն՝ դրանք ոչ մի տեխնոլոգիա չէին օգտագործել: Մասնակիցների միջին տարիքը կազմում էր 10 տարեկան: Նրանց 41 տոկոսն աղջիկներ էին, իսկ 59 տոկոսը՝ տղաներ:

Նախաձեռնությանն իրենց մասնակցությունը բերեցին թիմեր արևելյան գործընկեր բոլոր վեց երկրներից։ Հայաստանը ներկայացնող թիմերը մասնակցեցին 34 գործողությունների։

Անցյալ տարի Կոդավորման շաբաթն էլ ավելի մեծ թվով առցանց ռեսուրսներ ներկայացրեց, որոնք նախատեսված են դպրոցում կոդավորում սովորեցնելու գործում մանկավարժներին օգնելու համար: Նոր ուսումնական նյութերը ներառում են արհեստական բանականության ներածություն (դպրոցների համար), կոդավորում՝ հանուն կայուն զարգացման նպատակների, վեբինարներ, ինչպես նաև վիրտուալ սեմինարների շարք, որը կոչվում է «Coding@Home»: Բացի այդ, 2020 թ.-ին կազմակերպված երկու զանգվածային բաց առցանց դասընթացներին (ԶԲԱԴ) իրենց մասնակցությունը բերեցին 4 հազար ուսուցիչներ՝ ամբողջ աշխարհից: Թեմաները վերաբերում էին կոդավորմանը, հաշվարկային մտածողությանը, տեսողական ծրագրավորմանը, ռոբոտաշինությանը և հավելվածների մշակմանը: 2021 թ.-ի մարտի 8-ին էլ կմեկնարկի նոր երեք մոդուլանոց զանգվածային բաց առցանց դասընթաց՝ «ԱԲ հիմունքներ դպրոցների համար» թեմայով:

ԵՄ կոդավորման շաբաթը հաջորդ անգամ տեղի կունենա 2021 թ.-ի հոկտեմբերի 9-ից 24-ն ընկած ժամանակահատվածում:

Իմացեք ավելին

Մամուլի հաղորդագրություն

 



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,