«Միասին մենք ավելի արագ կհաղթահարենք այս համավարակը»։ ԵՄ-ն և ԱՀԿ-ն կաջակցեն Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի բաշխմանը և պատվաստմանը
19 Փետրվարի, 2021

«Միասին մենք ավելի արագ կհաղթահարենք այս համավարակը»։ ԵՄ-ն և ԱՀԿ-ն կաջակցեն Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի բաշխմանը և պատվաստմանը


Եվրոպական միությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակը միավորում են ջանքերը՝ աջակցելու Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի բաշխմանը և պատվաստումների իրականացմանը: Եվրամիության կողմից ֆինանսավորվող և ԱՀԿ-ի կողմից իրականացվող ծրագիրը կներառի COVID-19-ի դեմ պատվաստանյութերի բաշխման և պատվաստումների իրականացման բոլոր փուլերը և կծառայի որպես խոշոր ներդրում` պատվաստումների համակարգը հզորացնելու համար: 

Ծրագիրն իրականացվելու է ԱՀԿ-ի կողմից երեք տարիների ընթացքում` որպես Եվրոպական միության կողմից ֆինասնավորվող 40 միլիոն եվրո արժողությամբ նախաձեռնության մաս, որի նպատակն է աջակցել արևելյան գործընկեր վեց երկրներին COVID-19-ի դեմ պատվաստումների նախապատրաստման, իրականացման և մոնիտորինգի անցկացման գործում:

«Պատվաստանյութերը մեզ մոտեցնում են համավարակի ավարտին: Այնուամենայնիվ, մենք երբեք չենք հաղթի համավարակը, եթե պատվաստումների ծածկույթը կենտրոնացված լինի աշխարհի միայն որոշակի հատվածներում: Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանին նաև պատվաստումների իրականացման գործընթացում, որպեսզի շուտով կարողանանք հանդիպել միմյանց` առանց վախենալու մեր և մեր մտերիմների կյանքի համար: Միասին մենք ավելի արագ կհաղթահարենք այս համավարակը», – ասել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը:

Ծրագրի ֆինանսական միջոցները կուղղվեն առաջին փուլի նախապատրաստական և պատվաստանյութերի բաշխման աշխատանքների կատարմանը` շեշտը դնելով ռազմավարական ծրագրային ոլորտներում առկա հրատապ կարիքների վրա, ինչպիսիք են՝ պլանավորումը, անհրաժեշտ սարքավորումները/պարագաները, բուժաշխատողների վերապատրաստումը և տեղեկատվական արշավները:

Ծրագիրը շարունակում է ԵՄ-ի և ԱՀԿ-ի կողմից տրամադրվող ընթացիկ աջակցությունը՝ ուղղված COVID-19-ի համավարակին, ներառյալ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող, 35 միլիոն եվրո արժողությամբ «Համերաշխություն հանուն առողջության» համատեղ նախաձեռնությունը, որի նպատակն է աջակցել գործընկեր երկրներին վիրուսի դեմ պայքարում և ավելի արդյունավետորեն լուծել առավել խոցելի մարդկանց կարիքները:

Իմացեք ավելին

Մամուլի հաղորդագրություն

ԵՄ–ն ԱՀԿ–ի հետ մեկնարկում է նոր ծրագիր, որը կաջակցի պատվաստումների համար Արևելյան գործընկերության երկրների նախապատրաստությանը

 



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,