ԵՄ–ն ԱՀԿ–ի հետ մեկնարկում է նոր ծրագիր, որը կաջակցի պատվաստումների համար Արևելյան գործընկերության երկրների պատրաստությանը
12 Փետրվարի, 2021

ԵՄ–ն ԱՀԿ–ի հետ մեկնարկում է նոր ծրագիր, որը կաջակցի պատվաստումների համար Արևելյան գործընկերության երկրների պատրաստությանը


Փետրվարի 11-ին Եվրոպական միությունն՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ համագործակցությամբ, մեկնարկեց ավելի քան 40 միլիոն եվրո բյուջեով նոր տարածաշրջանային ծրագիր, որը նպատակ ունի հրատապ աջակցություն ցուցաբերել Արևելյան գործընկերության (ԱլԳ) վեց երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի բնակչության անվտանգ և արդյունավետ պատվաստման համար պատրաստության և պատրաստվածության ապահովմանը տեղերում։

Ծրագիրը նշված երկրներին կպատրաստի արդյունավետ կերպով պատվաստանյութեր ստանալուն, այդ թվում՝ COVAX-ի, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների հետ պատվաստանյութերի փոխանակման մեխանիզմների միջոցով: Ծրագիրը ներառում է ռիսկերի հաղորդակցման և համայնքի ներգրավման, պատվաստանյութերի մատակարարման շղթայի կառավարմանն օժանդակության, պատվաստումների տվյալների և անվտանգության մշտադիտարկման, պատվաստումային արշավներում ներգրավված բուժղեկավարության և բուժանձնակազմի վերապատրաստման, պատվաստումների նշանակման, ինչպես նաև պատվաստանյութերի և այլ պարագաների առաքման ու կիրառման համար հիմնական նյութատեխնիկական աջակցության գործողություններ։

Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին ասել է. «ԱՀԿ-ի հետ համագործակցությամբ այսօր մեկնարկող նոր ծրագրով ԵՄ-ն ցույց է տալիս, որ հետևողական է առողջապահական ճգնաժամի դեմ պայքարում մեր արևելյան գործընկերներին աջակցելու իր հանձնառությանը: Մեր համատեղ գործողություններն այժմ թույլ կտան նաև արագ աշխատանք տանել տարածաշրջանի կայուն սոցիալ-տնտեսական վերականգնման ուղղությամբ: Այսօր մեկնարկող ծրագիրը լրացնում է ԵՄ 1 միլիարդ եվրոյի օգնությանը, որը մինչ այս պահը մոբիլիզացվել է առողջապահական համավարակի դեմ պայքարի և տարածաշրջանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական վերականգնմանն աջակցելու ուղղությամբ»:

Ծրագիրն իրականացվում է «Team Europe» նախաձեռնության շրջանակներում և հիմնված է Արևելյան գործընկերության տարածաշրջանում ԵՄ-ի և ԱՀԿ-ի «Համերաշխություն հանուն առողջության» համատեղ նախաձեռնության վրա։ 

Ավելի քան 35 միլիոն եվրո արժողությամբ այս առողջապահական նախաձեռնությունն արդեն իսկ զգալի քանակությամբ բժշկական պարագաներ է ապահովել ողջ տարածաշրջանում, այդ թվում՝ ավելի քան 11 միլիոն միավոր անհատական պաշտպանության միջոց, 12000 լաբորատոր հավաքածու, ավելի քան 1500 թոքերի օդափոխման սարք, թթվածնի խտանյութեր և զարկերակային օքսիմետրեր, ինչպես նաև ավելի քան 20000 ՊՇՌ թեստ:

Team Europe-ն COVAX-ի խոշորագույն ներդրողներից է․ այն ավելի քան 850 միլիոն եվրո է ուղղել վերջինիս նպատակներին, որից 500 միլիոն եվրոն՝ ԵՄ բյուջեից: Սա կարևոր ներդրում է COVAX-ի համար, որը մինչև 2021 թվականի ավարտը 1.3 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ կապահովի ցածր և միջին եկամուտ ունեցող 92 երկրի համար:

Պատվաստանյութերի վաղ հասանելիությունն ապահովելու համար և հիմնվելով ԵՄ պատվաստանյութերի ռազմավարության փորձի վրա՝ Եվրոպական հանձնաժողովը կգործարկի ԵՄ փոխանակման մեխանիզմ, որն անդամ պետություններին կօգնի կիսվել ԵՄ–ի ապահոված չափաբաժիններով, այդ թվում՝ արևելյան գործընկերների հետ:

Իմանալ ավելին

Մամուլի հաղորդագրություն

Ծրագրի տեղեկատվական թերթիկ

ԵՄ աջակցությունն Արևելյան գործընկերության երկրներին՝ կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի և վերականգնման ուղղությամ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,