Տնային գործերը սեռ չեն ճանաչում. EU4Gender Equality–ն գործարկում է գենդերային կարծրատիպերի դեմ նոր «Look Beyond» արշավը
15 Հունվարի, 2021

Տնային գործերը սեռ չեն ճանաչում. EU4Gender Equality–ն գործարկում է գենդերային կարծրատիպերի դեմ նոր «Look Beyond» արշավը


«EU4Gender Equality» նախագծի շրջանակներում գործարկվել է նոր՝ «Look Beyond» խորագրով արշավը, որի նպատակն է խրախուսել Արևելյան գործընկերության տարածաշրջանի հասարակություններին` դուրս գալու ավանդական մասկուլինային (տղամարդկային) և ֆեմինինային (կանացի) դերերից ու համոզել նրանց, որ տնային գործերն ու երեխաների խնամքը սեռ չեն ճանաչում:

ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի (ՄԱԿ–Կանայք) և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող արշավը տեղի է ունենում ԵՄ կողմից ֆինանսավորվող «ԵՄ–ն հանուն գենդերային հավասարության. միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և գենդերային բռնության» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում:

COVID-19 համավարակով պայմանավորված՝ բազմաթիվ մարդիկ դարձել են գործազուրկ, իսկ շատերն էլ այժմ աշխատում են տնից: Միևնույն ժամանակ դպրոցների և երեխաների խնամքի այլ հաստատությունների փակվելը կտրուկ մեծացրել է չվճարվող խնամքի աշխատանքային բեռն ընտանիքների ու հատկապես կանանց համար: Արշավի նպատակն է համոզվել, որ այդ բեռը հավասարապես կիսում են թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք:

ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի զեկույցի համաձայն՝ համավարակից առաջ ամբողջ աշխարհում կանայք ամեն օր 16,4 միլիարդ ժամ էին ծախսում չվճարվող խնամքի աշխատանքի վրա, որը երեք անգամ ավելին է, քան այդ անում էին տղամարդիկ, ինչպես նաև համարժեք է 2 միլիարդ մարդու կատարած չվարձատրվող լրիվ ութժամյա աշխատանքին։

ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի համար Ipsos-ի կողմից 18 երկրներում կատարված հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ համավարակի սկսվելուց ի վեր կանայք սկսել են միջինում լրացուցիչ 5,2 ժամ ծախսել երեխաների խնամքի վրա, որն ընդհանուր առմամբ շաբաթական կազմում է մոտավորապես 31 ժամ: Համեմատության համար նշենք, որ տղամարդիկ հայտնել են 3.5 ժամվա աճի մասին, այսինքն՝ վերջիններս երեխաների խնամքի վրա շաբաթական ընդհանուր առմամբ ծախսում են 24 ժամ:

«Տղամարդկանց կողմից ավելի շատ չվարձատրվող խնամքի աշխատանք կատարելը նշանակում է, որ կանայք շատ ավելի քիչ սթրեսի կենթարկվեն, ավելի շատ ժամանակ կկարողանան նվիրել իրենց մասնագիտական զարգացմանը և հնարավորություն կստանան բազմաթիվ այլ եղանակներով հաղթահարել հնացած գենդերային դերերը: Ապացուցվել է, որ ընտանիքի ներսում գենդերային կարծրատիպերին մարտահրավեր նետելը և տղամարդկանց խթանելը, որպեսզի վերջիններս տարբեր եղանակներով հասկանան ու բնորոշեն իրենց առնականությունը, նույնպես նվազեցնում են ընտանեկան բռնության դեպքերի թիվը` թույլ տալով կանանց ավելի ապահով զգալ սեփական տանը», — ասված է ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի վեբկայքի հոդվածում։

«Look Beyond» արշավը ոչ միայն լուրջ հանրային քաղաքական նախաձեռնություններ է իրականացնում, այլ նաև օգտագործում է խաղային խթանիչներ, ինչպիսին Instagram–ում ֆիլտրման մինի խաղն է, որը տնային գործերը պատահականության սկզբունքով բաշխում է այն համատեղ օգտագործող զույգերի միջև։

«ԵՄ–ն հանուն գենդերային հավասարության. միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և գենդերային բռնության» ծրագիրն (2020-2023թթ․) ուղղված է ամրապնդելու կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներն ու հնարավորությունները՝ գենդերային դերերի մասին սոցիալական ընկալումների փոփոխման, գենդերային կարծրատիպերի հաղթահարման և երեխաների խնամքի ու այլ տնային պարտականությունների ուղղությամբ տղամարդկանց մասնակցության ավելացման միջոցով։

Իմանալ ավելին

Մամուլի հաղորդագրություն



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,