Արևելյան գործընկերության գործող «20 թիրախային արդյունքներ 2020 թվականի համար» ծրագիրը մոտենում է ավարտին: Այժմ անհրաժեշտ է մշակել համատեղ աշխատանքի նոր սկզբունքներ:
Նախորդ տարվա հունիսից Եվրոպական հանձնաժողովը հանրային խորհրդակցություններ է անցկացրել Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության, կառավարությունների, գործարար հատվածի և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ համատեղ կարգով քաղաքականության երկարաժամկետ նպատակներ սահմանելու համար: Այս խորհրդակցությունների արդյունքում համատեղորեն ստեղծվեց Արևելյան գործընկերության նոր քաղաքականության նախագիծը:
Նոր քաղաքականությունն ուղղված է քաղաքացիների կյանքի բարելավմանը և գործընկեր երկրների կայուն զարգացմանը: Քաղաքականությունը նպատակ ունի նաև ամրապնդել Եվրոպական միության դիրքերն աշխարհում:
Արևելյան գործընկերության և դրա նպատակների մասին կարդացեք տեղեկատվական քարտերում:
Ընդհանուր առմամբ, ինչպես ԵՄ-ն, այնպես էլ գործընկեր երկրները գոհ են վերջին 10 տարվա ընթացքում իրենց համատեղ աշխատանքի արդյունքներից: Նոր քաղաքականությունը սահմանում է հինգ առաջնային ոլորտներ, որոնք գործընկերությանը կօգնեն ավելի լավ արձագանքել ժամանակի մարտահրավերներին ու ավելի մեծ ուշադրություն դարձնել հասարակ քաղաքացիների վրա.
Նոր քաղաքականության մեջ շրջակա միջավայրի պաշտպանությունն ու թվայնացումը սահմանվել են որպես գերակա ուղղություններ: Այն նաև կնպաստի գենդերային հավասարությանը, աշխատատեղերի ստեղծմանը և տնտեսական հնարավորություններին, մասնավորապես՝ երիտասարդների համար:
Քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը ճկունության բարելավումն է: Գործնականում սա նշանակում է աջակցություն տնտեսության արդիականացմանն ուղղված բարեփոխումներին, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացմանը և շրջակա միջավայրի պաշտպանությանը, ինչը կօգնի ապահովել երկարաժամկետ արդյունքներ ու կնպաստի երկրների կայուն զարգացմանը և դրանց անվտանգությանը:
Տնտեսության ոլորտում ԵՄ-ն առաջարկում է խորացնել տնտեսական ինտեգրումը, ինչպես նաև ավելացնել առևտրի ծավալները, որը վերջին տասնամյակում գրեթե կրկնապատկվել է: ԵՄ-ն կշարունակի աջակցել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հետ ազատ առևտրի համաձայնագրերի (ԽՀԱԱԳ) իրականացմանը, ինչպես նաև ընդլայնել համագործակցությունը ԽՀԱԱԳ-ում չներառված երկրների հետ, օրինակ՝ ոլորտային համաձայնագրերի միջոցով:
Համատեղ աշխատանքի հիմնական ուղղություններից մեկը շրջանաձև, «կանաչ» տնտեսությունների զարգացումն ու կլիմայի փոփոխության դեմ պայքարն է: ԵՄ-ն գործընկեր երկրներին կօգնի արդիականացնել արտադրությունը, նվազեցնել ածխածնային արտանետումները, կատարել Փարիզի համաձայնագրով իրենց ստանձնած պարտավորությունները:
ԵՄ-ն ներդրումներ կկատարի գործընկեր երկրների թվային փոխակերպման և ԵՄ միասնական թվային շուկայում վերջիններիս ինտեգրման ուղղությամբ: Այս ոլորտում առավել սպասված արդյունքներից են՝ ռոումինգի սակագների նվազեցումը, լայնաշերտ կապի ենթակառուցվածքների ընդլայնումն ու ինտերնետ հասանելիությունը, էլեկտրոնային կառավարման հարմար համակարգերը:
Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքներն անհրաժեշտ պայմաններ են շուկայական տնտեսության գործառնության, ներդրումներ ներգրավելու և կայուն զարգացման համար:
ԵՄ-ն և գործընկեր երկրների կառավարությունները կշարունակեն կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատական համակարգի անկախության ու անկողմնակալության ապահովման և պետական կառավարման բարելավման ուղղությամբ համատեղ աշխատանքը: ԵՄ-ն կաջակցի քաղաքացիական հասարակությանն ու անկախ ԶԼՄ-ներին և կմշտադիտարկի օրենքի գերակայության ոլորտում բարեփոխումների առաջընթացը: Նշված ոլորտում բարեփոխումների էական ձգձգումը կամ նույնիսկ հետընթացը կհանգեցնի ԵՄ ֆինանսավորման կրճատմանը:
ԵՄ-ն մշակել է եվրոպական արժեքների դեմ ուղղված ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարություն: Կավելանա ԵՄ-ի և գործընկեր երկրների միջև համագործակցության դրական արդյունքների, երիտասարդների հետ աշխատանքի ու հիբրիդային սպառնալիքների հակազդմանը նվիրված ուսումնական ծրագրերի մասին հաղորդակցության ծավալը:
ԵՄ-ն գործընկեր երկրներին աջակցություն կցուցաբերի առողջապահության բնագավառում. բժշկական հաստատությունների արդիականացում, էլեկտրոնային համակարգերի ներդրում, բժշկական անձնակազմի վերապատրաստում և բոլորի համար բժշկական օգնության մատրելիության ապահովում: Սա կօգնի ավելի արդյունավետ կերպով բուժել վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունները, այդ թվում՝ կորոնավիրուսը (COVID-19):
ԵՄ-ն աշխատում է նաև ճգնաժամի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման ուղղությամբ:
Նոր քաղաքականությունը պետք է հաստատվի Արևելյան գործընկերության գագաթաժողովի ընթացքում, որին կմասնակցեն պետությունների և կառավարությունների ղեկավարները: Տարվա երկրորդ կեսին՝ հիմնական շահագրգիռ կողմերի հետ հետագա բանակցություններից հետո, Հանձնաժողովը և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը կառաջարկեն համագործակցության իրատեսական առաջադրանքների ու ակնկալվող արդյունքների ցանկը:
Ներդրումների հստակ չափը հայտնի կդառնա ԵՄ բազմամյա ֆինանսավորման ծրագրի հաստատումից հետո:
Անցած 10 տարիների ընթացքում Արևելյան գործընկերությունը զարգացել է ընդհանուր արժեքների, փոխադարձ հետաքրքրությունների և պարտավորությունների, ինչպես նաև ընդհանուր պատասխանատվության հիման վրա: Այս ռազմավարական գործընկերությունն ամրապնդվել և զարգացում է ապրել ասոցացման և ազատ առևտրի, ընդլայնված գործընկերության, վիզաների դյուրացման ու հետընդունման և այլնի վերաբերյալ կարևոր համաձայնագրերի միջոցով: 2019 թվականին անցկացված խորհրդակցությունները ցույց տվեցին, որ Արևելյան գործընկերությունը դրական արդյունքներ է ապահովում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների համար: «20 թիրախային արդյունքներ 2020 թվականի համար» ծրագրի դրական ազդակներից մեկը տնտեսության, հասարակության և վեց երկրների ու ԵՄ-ի միջև կապերի ամրապնդման ուղղությամբ առաջընթացն է:
Անցած տասնամյակի ընթացքում գրեթե կրկնակի անգամ աճել է ԵՄ-ի և գործընկեր երկրների միջև առևտրաշրջանառությունը: ԵՄ-ն հանդիսանում է Ադրբեջանի, Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի թիվ մեկ առևտրային գործընկերը, և երկրորդն է՝ Հայաստանի ու Բելառուսի համար: Վեց երկրների ավելի քան 125 հազար փոքր ու միջին ձեռնարկություններ օգտվել են ԵՄ ֆինանսավորումից՝ աշխատանքով ապահովելով 250 հազար մարդու: Միայն 2018 թ.-ին կանանց կողմից ղեկավարվող 7,250 ընկերություններ ստացել են ավելի քան 60 միլիոն եվրո՝ իրենց բիզնեսը զարգացնելու համար:
Տրանսպորտային կապերը բարելավելու համար 20 միլիոն եվրո է հատկացվել եվրոպական TEN-T ցանցի ընդլայնման համար, ինչը թույլ կտա մինչև 2030 թվականը կառուցել և վերանորոգել 4,800 կմ երկարությամբ ճանապարհներ ու երկաթուղիներ:
Քաղաքային նոր ավտոբուսային պարկերը, էներգաարդյունավետ բազմաբնակարան շենքերը և կենտրոնացված ջեռուցման համակարգի բարեփոխումներն արդյունքն են Էներգաարդյունավետության ու շրջակա միջավայրի «E5P» հիմադրամի գործունեության, որն ավելի քան 150 միլիոն եվրո է հատկացրել՝ ներդրումային դրամաշնորհների տեսքով: Դրանք օգնել են բարելավել 8 միլիոն մարդու կյանքը:
Արևելյան գործընկերությունն օգուտ է բերում նաև երիտասարդներին ու հետազոտող-գիտնականներին. 23,000 երիտասարդներ ստացել են EU4Youth դրամաշնորհներ ու աշխատանքի տեղավորման օժանդակություն, իսկ վեց երկրներից 915 հետազոտողներ էլ գիտական գործունեության ֆինանսավորում են ստացել «Մարի Կյուրի» հիմնադրամից:
2016 թվականից ի վեր, «Էրազմուս+»-ի շնորհիվ, 32 հազար ուսանողներ և դասախոսներ մասնակցել են ակադեմիական փոխանակումների, 46 հազար հոգի էլ մասնակցել է այլ տեսակի երիտասարդական փոխանակման ծրագրերի, այդ թվում՝ կամավորական:
Որոշակի առաջընթաց է արձանագրվել կառավարման որակի բարելավման գործում, մինչդեռ շատ բան պետք է արվի կոռուպցիայի դեմ պայքարում, օրենքի գերակայության ապահովման և անկախ լրատվամիջոցների ու քաղաքացիական հասարակության ամրապնդման գործում:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,