Ուսանողուհին Սևանից՝ ԵՄ աջակցության մասին. Նոր հմտությունները խթան ու լավատեսություն են  հաղորդել
28 Փետրվարի, 2020

Ուսանողուհին Սևանից՝ ԵՄ աջակցության մասին. Նոր հմտությունները խթան ու լավատեսություն են հաղորդել


Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակիչ Անի Գևորգյանը մտադիր է իր ձեռագործ աշխատանքներով լուրջ բիզնես հիմնել:

Անին մասնագիտությամբ մանկավարժ եւ հոգեբան է, այժմ սովորում է մագիստրատուրայում, խաղալիքներ ու պայուսակներ գործելը նրա հոբբին է, իսկ վերջին շրջանում՝ նաև բիզնեսը:

«Խաղալիքների նյութերն ակրիլային են, ինչն ալերգիա չի առաջացնում և անվտանգ է երեխաների համար»,- իր աշխատանքները ներկայացնում է Անին։

Նա պատմում է, որ հելունագործությամբ զբաղվել է դեռևս 11-12 տարեկանում՝ հաճախելով խմբակ։ «Դրանից հետո մոտ 8 տարի հելուն չէի վերցրել ձեռքս և չէի մտածել, որ կարող եմ խաղալիք գործել։ Սկսեցի պայուսակ գործելուց, ընկերուհիներս առաջարկեցին նաև վաճառել աշխատանքներս։ Ես որոշեցի ու բացեցի իմ կայքը, սկսեցի պայուսակների վաճառքից»,- նշում է նա։

  • Ani Gevorgyan
  • Ani Gevorgyan
  • Dolls made by Ani Gevorgyan
  • Dolls made by Ani Gevorgyan
  • Dolls making in process
  • Dolls made by Ani Gevorgyan
  • Ani Gevorgyan
  • Ani Gevorgyan

Անի Գևորգյանը Եվրամիության EU4Youth («ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ աշխատունակության խթանում») ծրագրի շրջանակներում Սևանում մասնակցել է «Սոցիալական ձեռներեցության» դասընթացներին, ձեռք է բերել բավարար հմտություններ՝ իր բիզնեսը զարգացնելու համար։

«Դասընթացների ժամանակ մեզ ներկայացրին, թե ինչպես են մարդիկ գյուղական համայնքներում ոչնչից ստեղծում իրենց բիզնեսը, ինչպես է գնահատվում ձեռքի աշխատանքը։ Մեզ սովորեցրին, որ, եթե դու տաղանդ ու հմտություն ունես, կարող ես արդյունքների հասնել։ Այդպես էլ եկա տուն ու որոշեցի, որ կարելի է նաև տիկնիկներ ստեղծել»,- մանրամասներ է ներկայացնում Անին։ Նա զբաղվել է ինքնակրթությամբ, համացանցի միջոցով իմացել է, թե ինչպես պետք է ստեղծի ու վաճառի իր ձեռագործ ստեղծագործությունները։

Անին նշում է, որ ծրագրի շրջանակում կայացած դասընթացի միջոցով էլ սովորել է, թե ինչպես պետք է ճիշտ վարել սոցիալական ցանցի էջերը։ Արդեն 9 ամիս գործում են Անիի էջերն Ինստագրամում ու Ֆեյսբուքում, ասում է՝ շաբաթվա ընթացքում առնվազն մեկ պատվեր ունենում է։

«Սկզբնական շրջանում թելերի գումարի հարցում օգնում էր ընտանիքս, իսկ հիմա արդեն վաճառում եմ արտադրանքս ու թելեր գնում»,- նշում է նա։

Անին ասում է, որ այս հմտությունն իրեն առաջին հերթին լավատեսություն ու մոտիվացիա է հաղորդել, որ անգամ պատվերներ չունենալու դեպքում չպետք է ընկճվել«Մի պահ կարծում էի, որ մոտս ոչինչ չի ստացվի, բայց դասընթացների շնորհիվ հասկացա, որ պետք չէ նահանջել»։

Անիի ձեռագործ իրերը վաճառվում են շուկայականից ցածր գնով, ասում է, որ փորձում է այնպես անել, որ հասարակության բոլոր խավերը կարողանան օգտվել դրանցից։

  • Ani Gevorgyan
  • Ani Gevorgyan
  • Ani Gevorgyan
  • Dolls made by Ani Gevorgyan
  • Raw material used by Ani Gevorgyan for dolls’ production
  • Dolls made by Ani Gevorgyan
  • Dolls made by Ani Gevorgyan

«Փորձում եմ ցույց տալ, որ պարտադիր չէ շատ փող ունենալ, որպեսզի կարողանաս քո երեխայի համար մաքուր ու անվտանգ խաղալիք գնել»,- ասում է նա։

Այժմ Անին պատվերներն առցանց է ընդունում, սակայն մտադիր է հետագայում խանութ ունենալ Սևանում։

«ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ աշխատունակության խթանում» ծրագիրն իրականացվում է Հայկական կարմիր խաչի ընկերության միջոցով: Ծրագրի մարզային համակարգող Գայանե Աղումյանը ասում է, որ ծրագրի շրջանակներում ստեղծվել են չորս երիտասարդական ակումբներ երկու մարզերում՝ Գեղարքունիքում ու Տավուշում։ Ակումբներում երիտասարդներին տրամադրվում է ոչ ֆորմալ կրթություն, որի շրջանակներում նրանք կյանքի հմտություններ են ձեռք բերում:

“Ծրագրի նպատակն է կամուրջ դառնալ երիտասարդության ու գործատուների միջև։ Մարզերում երիտասարդները բավարար հմտություններ չունեն։ Եվ կարիքից ելնելով՝ որոշեցինք մարզերում դասընթացներ կազմակերպել, որը հնարավորություն կտա մարզի երիտասարդներին մնալ ու աշխատել իրենց մարզերում, ոչ թե արտագաղթել Երևան»,- ասում է Գայանե Աղումյանը։

Եվրամիության ծրագրի շրջանակներում դասընթացները շնորհալի երիտասարդներին հնարավորություն են տալիս տաղանդն օգտագործել բիզնեսում եւ գտնել իրենց տեղը փոփոխվող աշխարհում։

 Author: Roza Hovhannisyan

Article published in ArmenianRussian and English by Lragir.am

_PIR7685


Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,