Թվային հմտությունների խթանում. EU4Digital թվային առաքելությունը Հայաստանում

Թվային հմտությունների խթանում. EU4Digital թվային առաքելությունը Հայաստանում

30 Հունիսի, 2021

Երևանի Լեոնիդ Ազգալդյանի անվան թիվ 200 դպրոցի դասասենյակներից մեկում շուրջ 15 դպրոցականներ կպած են իրենց համակարգչի էկրաններին: Մի խումբն աշխատում է 3D մոդելավորման, իսկ մյուսը՝ կոդավորման վրա:

Տասներեքամյա Դավիթը նայում է անիվներով փոքրիկ ռոբոտին:

«Մենք մեկուկես ամիս ենք ծախսել այս ռոբոտի ստեղծման վրա: Այն միայն մեկ նպատակ ունի՝ ստեղծվել է որոշակի երթուղով գնալու համար», բացատրում է Դավիթը:

Ամեն օր դասից հետո Դավիթը և մյուս ուսանողները հավաքվում են «Արմաթ» լաբորատորիայում, որտեղ նրանք սովորում են տեղեկատվական տեխնոլոգիաներ, խաղերի մշակում, կոդավորում, 3D մոդելավորում և ռոբոտաշինություն:

«Դա օրվա իմ ամենասիրած պահն է: Ես հիմա ուսումնասիրում եմ տարբեր առարկաներ, որպեսզի հետագայում որոշում կայացնեմ: Որոշել եմ մասնագիտանալ կոդավորման մեջ՝ կայքեր ստեղծելու և զարգացնելու համար: Բայց սիրում եմ բոլոր ոլորտները, որոնք մինչ այժմ ուսումնասիրել ենք», — ասում է Դավիթը:

  • copy of 1622574698018
    Schoolchildren of School No. 200 named after Leonid Azgaldyan
  • photo 1 1
    The schoolchildren are looking at a small robot with wheels

Հայաստանում գործող Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) 2011 թ. հիմնադրել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ կրթական ծրագիրը: Լաբորատորիաներում 10-18 տարեկան երեխաները ուսանում են գիտություն, տեխնոլոգիա, ինժեներական արվեստ և մաթեմատիկա:

Այժմ գործում է 575 ինժեներական լաբորատորիա՝ Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, Վրաստանում և Հնդկաստանում:

Թվայնացում նոր հմտությունների միջոցով

Հայաստանում ստեղծված լայնածավալ այս նախագիծը Եվրամիության EU4Digital նախաձեռնության՝ էլեկտրոնային հմտությունների eSkills հարթակի վրա կենտրոնանալու արդյունքն է։ eSkills էլեկտրոնային հմտությունների հարթակը EU4Digital նախաձեռնության աջակցությամբ իրականացվող գործողությունների լայն շրջանակներից մեկն է` թվային շուկաները ներդաշնակեցնելու և Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիների համար շոշափելի արդյունքների հասնելու համար:

Եվրամիությունն աջակցում է թվային հմտությունների ռազմավարության իրականացմանը Արևելյան գործընկերության երկրներում` ստեղծելով թվային աշխատատեղերի ազգային կոալիցիաներ և փոքր բիզնեսի համար իրավասությունների շրջանակ։

«Աշխարհը թվայնացված է, և այն հետագայում է՛լ ավելի թվայնացված կդառնա: eSkills ոլորտը առանցքային մաս է, քանի որ թվային ոլորտում ոչինչ հնարավոր չէ առանց հմտությունների: Առաջին ուղղությունը` ուսումնասիրել, թե ինչպես են երկրում իրականացվում հմտությունների ռազմավարությունները, որոնք են չափման ցուցանիշները, և ստեղծել ընդհանուր մեթոդաբանություն այդ հմտությունների չափման նորացման, եվրոպական շրջանակների, մասնավորապես` թվային բաղադրիչների շրջանակների իրականացման համար»,- բացատրում է eSkills հարթակի մամլո խոսնակ Մարա Յակոբսոնը:

  • photo 2 1
    Thirteen-year-old Davit is looking at a small robot with wheels
  • photo 2 2
    Davit during the classes

«Երկրորդ ուղղությունը Հայաստանին օգնելն էր՝ ստեղծելու ազգային թվային կոալիցիա, ինչը կհանգեցնի երկրում թվային հմտությունների զարգացմանը: Եվ Հայաստանը, ըստ էության, առաջին երկիրն էր, որը ստեղծեց այս ազգային թվային կոալիցիան դեռևս 2017 թ.: Այնուհետև, երրորդ ուղղությունը ՓՄՁ թվային հմտությունների զարգացման հատուկ կարողությունների շրջանակի մշակումն է։ Մենք ունենք Եվրոպայում հիմնական թվային գերակայությունների դասընթացներ բոլորի երկրների համար, նաև՝ խթանման միջոցառումներ»:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանի համար ԵՄ-ի հետ համագործակցությունը բազմաթիվ հնարավորություններ է ստեղծել, որոնցից մեկն էլ իրենց նախաձեռնությունը Հայաստանի սահմաններից դուրս ներկայացնելն էր:

«Մենք աշխատել ենք EU4Digital eSkills թիմի հետ, մշակել ծրագիր` ներկայացնելու Ուկրաինայում, Վրաստանում, այստեղ` Հայաստանում, ինչպես նաև Բրյուսելում: Մենք աշխատում էինք ԵՄ-ի հետ սա պիլոտային ծրագիր դարձելու ուղղությամբ, որը հնարավոր է փորձարկել առնվազն Արևելյան գործընկերության որոշ երկրներում:  eSkills ծրագրի նպատակն է բազմակողմանի մոտեցում ցուցաբերել` բարելավելու թվային հմտությունները և թվային հասարակության ներթափանցումը Արևելյան Եվրոպայի երկրներ: Որպես այդպիսին՝ այսպիսի ծրագիրը թվայնորեն հնարավորություն է տալիս STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) կրթության զարգացմանը հանրապետության յուրաքանչյուր տարրական դպրոցի համար»,- ասում է Րաֆֆի Քասարջյանը:

Հայաստանի կառավարությունը՝ ի դեմս Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, կամուրջ է Եվրամիության ծրագրի և այնպիսի նախագծերի միջև, ինչպիսիք «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներն են։

«EU4Digital-ը պաշտոնապես գործարկվել է 2016-ին, բայց 2019-ին Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում ազգային քաղաքականության և ռազմավարության մշակման համար պատասխանատու լիազոր մարմին, առաջադրվել է որպես Թվային շուկաների ներդաշնակեցման համակարգող մարմին ՀՀ-ում», — ասում է EU4Digital թվային հմտությունների ցանցի համակարգող Մերի Զաքարյանը:

  • photo 3
    Mary Zakaryan, the EU4Digital Digital Skills Network Coordinator

«Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործառույթն է ղեկավարել և խթանել ծրագիրը Հայաստանում: Ավելին, նախաձեռնության շրջանակում Հայաստանը Լատվիայի հետ համատեղ հանդիսանում է eSkills հոսքի համակարգող: 2019-ից սկսած, կախված թեմայից, նախարարությունը շարունակաբար ներգրավում է Հայաստանի պետական և մասնավոր հատվածի բազմաթիվ փորձագետների՝ ծրագրի նպատակների իրականացման համար համագործակցելու նպատակով: Մասնագիտական կրթությունը համարվում է eSkills ոլորտի ընդհանուր ուղղություններից մեկը: Հայաստանում մասնագիտական կրթությունը խթանելու համար նախարարությունը մշակել է «ԲՈՒՀ — մասնավոր հատված» համագործակցության ծրագիրը, որը ընկերությունների, կրթական կենտրոնների և համալսարանների միջև կանոնավոր երկխոսության լայն հարթակ է: Այս ծրագրի շրջանակներում կազմակերպվել է շուրջ 20 դասընթաց: Ծրագիրն ունի շուրջ 5 150 շրջանավարտ, որոնց 30 տոկոսը աշխատանք է գտել կամ պրակտիկա է անցնում հայկական առաջատար ընկերություններում»,- ասում է Զաքարյանը։

Ուսումնական նոր գործընթաց

Լեոնիդ Ազգալդյանի անվան դպրոցում երեխաները շարունակում են աշխատել լաբորատորիայում իրենց համակարգիչների վրա: Արտյոմ Դադունցը՝ դասընթացավարը, արդեն երկու տարի աշխատում է ուսանողների հմտությունների զարգացման վրա:

«Կոնկրետ ծրագրերի շնորհիվ երեխաները կարողանում են հասկանալ ծրագրավորման և կոդավորման հիմունքները: Առաջին փուլը Աղվես ծրագիրն է (Scratch ծրագրավորման լեզվի հայկական մոդիֆիկացիան): Այսպիսով, ի՞նչ է ծրագրավորումը, ինչպե՞ս են մարդիկ կոդավորում: Այս գիտելիքների շնորհիվ նրանք կարողանում են ստեղծել իրենց սեփական խաղերը, սեփական անիմացիաները: Երկրորդ փուլը Կրիա ծրագիրն է (KTurtle-ի հայկական տարբերակը): Կրիան նման է Python-ին և հիմնված է Logo ծրագրավորման վրա: Երեխաները ծանոթանում են 3D տպիչին և գործնականում այն օգտագործելուն: Այս բոլոր ծրագրերից հետո մենք անցնում ենք կոդավորման ավելի լուրջ գործընթացի, որը ներառում է ռոբոտաշինություն», — ասում է Արտյոմ Դադունցը:

Դադունցի համար ավանդական ուսուցման համակարգի և «Արմաթ» լաբորատորիայի տարբերությունը ուսումնառության տեմպն է և գործնական կողմի վրա կենտրոնացումը:

«Քանի որ սովորողների խմբերը փոքր են, երեխաներից յուրաքանչյուրը սովորում է իր իսկ տեմպով: Ծրագրի միջոցով զարգացումը շատ անհատական է: Այստեղ պարտադիր կողմ չկա, յուրաքանչյուր երեխա գալիս է լաբորատորիա, քանի որ ցանկանում է: Ավելի ավանդական դասարանում գործնական կողմն ավելի քիչ է: Դուք սովորում եք մաթեմատիկական տեսությունը, լուծում եք հարցը, բայց գործնականում չեք կիրառում այն։ Իսկ այստեղ աշակերտների կողմից սովորած յուրաքանչյուր տեսություն կիրառվում է գործնականում: Օրինակ, նրանք սովորում են, թե ինչպես ստեղծել հոսանք, որպեսզի լույսը միանա, կիրառում են այն գործնականում և ստեղծում էլեկտրական ցանց այնպես, որ լույսը իրականում միանա։ Այնուհետև նրանք կօգտագործեն այս գիտելիքները ռոբոտներ ստեղծելու համար», — ավելացնում է Դադունցը:

  • copy of 1622574627501 0
    Artyom Dadunts
  • copy of 1622575068490 0
    Fourteen-year-old Lilit is trying to code the robot

Տասնչորս տարեկան Լիլիթը փորձում է կոդավորել այնպես, որ իրենց ստեղծած ռոբոտը հետևի նախագծած շրջանի սև գծին: Նա հստակ պատկերացնում է իր ապագան: Դառնալու է ինժեներ:

«Մենք կոդավորում ենք Arduino ծրագրի միջոցով, ես ստուգում եմ, որ խնդիրը ճիշտ եմ կատարել: Երկու տարի է, ինչ գալիս եմ «Արմաթ» լաբորատորիա: Դեռ մանկուց սիրել եմ համակարգիչ, և այդ պատճառով ավելի շատ սիրում եմ կոդավորում, քան մյուս դասերը։ Այս հմտություններով ես հնարավորություն կունենամ լավ աշխատանք գտնել Հայաստանում, ինչպես նաև արտերկրում: Ցանկանում եմ ապագայում դառնալ ծրագրավորող կամ ինժեներ, որպեսզի կարողանամ ավելի օգտակար լինել իմ երկրին: Օրինակ ՝ կնախագծեմ եմ տարբեր տեսակի ռոբոտներ կամ թռչող սարքեր», — ասում է Լիլիթը:

Միջազգային փորձի փոխանակում

Տեղական մակարդակում թվային հմտություններ զարգացնելուց բացի, EU4Digital-ի eSkills հարթակը հայաստանյան ընկերություններին և կազմակերպություններին առաջարկել է իրենց գիտելիքներն ու փորձը կիսել այլ երկրներից խմբերի հետ:

«Ծրագրի շրջանակներում շատ հետաքրքիր հնարավորություններ կան, հատկապես գիտելիքների և փորձի փոխանակման ոլորտներում: Այս շրջանակը բոլոր կողմերին հնարավորություն է տալիս իրականացնել համատեղ ծրագրեր եվրոպական կենտրոնների և հիմնադրամների հետ: Այլ կերպ ասած, EU4Digital ծրագիրն ունի իր լայն պրոֆեսիոնալ համայնքը, որը շատ ակտիվ է: Այդ պատճառով, նույնիսկ այս համաճարակային իրավիճակում, ծրագիրը շարունակում է ընթանալ ըստ նախապես ընդունված ժամանակացույցի և օրակարգի: Իրականում, մինչ այժմ իրականացվել են ցանցի բազմաթիվ միջոցառումներ, վեբինարներ, ուսումնական այցեր: Մասնավորապես, 2019 թ. մայիսի 16-17-ը Երևանում անցկացվեց eSkills ցանցային 6-րդ սեմինարը, որին մասնակցում էին ավելի քան 80 փորձագետներ ԵՄ-ի և Արևելյան գործընկերության անդամ երկրներից: Սեմինարների և համապարփակ քննարկումներին ի լրումն, կազմակերպվել էին ուսումնական այցեր ԹՈՒՄՈ, Սինոփսիս Արմենիա և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն», — ասում է Մերի Զաքարյանը։

  • copy of 1622574500452
    One of the schoolchildren during the classes
  • copy of 1622575021175
    Davit is trying to code the robot

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանում ամենամեծ տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և Հայաստանում գործող ՏՏ/բարձր տեխնոլոգիաների զարգացման գործակալություններից մեկն է։

2002-ին իր հիմնադրումից ի վեր՝ ՁԻՀ-ը աջակցում է Հայաստանի տեխնոլոգիական և ստարթափ էկոհամակարգի զարգացմանը՝ ստեղծելով արդյունավետ միջավայր նորարարության, տեխնոլոգիական առաջխաղացման և ընկերությունների աճի համար:

Դեռևս 2017-ի ապրիլին ՁԻՀ-ը տասներեք հայկական այլ տեխնոլոգիական ընկերությունների և կազմակերպությունների հետ մասնակցեց Իսպանիայի Սալամանկա քաղաքում անցկացվող Startup Ole միջազգային տեխնոլոգիական միջոցառմանը, այս անգամ ԵՄ կողմից ֆինանսավորվող մեկ այլ նախաձեռնության` EU4Business-ի աջակցությամբ:

Աշխատարանների և այլ միջոցառումների ընթացքում հայ մասնակիցները ներգրավված էին տարածաշրջանային ցանցի կառուցվածքի վերաբերյալ ակտիվ քննարկումներում, որն ուղղված է բոլոր գործընկեր երկրներում Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների հետազոտությունների, ստարթափերի և նորարարությունների համար փոխկապակցված էկոհամակարգերի խթանմանը, այդ թվում գործընկերների և ԵՄ նորարարական էկոհամակարգերի միջև կապերի հաստատմանը, ինչը EU4Digital նախաձեռնության մեկ այլ գերակայություն է։

Միջոցառման մեկ այլ կարևոր իրադարձություն էր բոլոր մասնակիցների՝ գիտելիքների փոխանակման հնարավորությունը: Նրանք կիսվեցին իրենց փորձով, մարտահրավերներով և հաջողության պատմություններով՝ կապված իրենց համապատասխան երկրների նորարարական էկոհամակարգերի հետ:

  • copy of 1622574351214 0
    Lilit at the Armath Lab
  • copy of 1622574893266
    Davit and the other students gather at the Armath Lab

«Հայաստանում մենք պետք է առանձնացնենք երկու բան՝ տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ) և բարձր տեխնոլոգիաները: Ներկայում Հայաստանը հիմնականում հայտնի է իր լավ զարգացած ՏՏ ոլորտով: Այժմ մենք փորձում ենք նույն հաջողությանը հասնել բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ճարտարագիտությունը և կենսատեխնոլոգիաները: Թվային էլեկտրոնային հմտությունների շրջանակներում կարևորվեց երկու ուղղություն՝ կրթություն և թվային հմտություններ: Մենք ներգրավված էինք կրթության, թվային հմտությունների զարգացման, մեր ուժեղ կողմերի և այլ էկոհամակարգերի ուժեղ կողմերի, լավագույն միջազգային փորձը Հայաստան ներմուծելու և ուրիշներից սովորելու մեթոդների շուրջ քննարկումներում: Բացի այդ, մենք համագործակցություն հաստատելու և կապեր ստեղծելու հնարավորություն ունեցանք: Արդյունքում մենք կարողացանք կապեր հաստատել, որպեսզի հետագայում հայկական արտադրանքը հաջողությամբ ներկայացվի մոլդովական շուկայում»,- նշում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Երևանի դպրոցում երեխաները կատարում են ռոբոտի վերջին միացումները։

Արտյոմ Դադունցի համար թվային հմտությունները 21-րդ դարում հիմնարար են, և «Արմաթ» լաբորատորիան երեխաներին հնարավորություն է տալիս ապագայում մրցունակ լինել շուկայում:

«Լաբորատորիան համապատասխանում է ժամանակակից համաշխարհային չափանիշներին: Այսպիսով, եթե աշխարհը ավելի շատ կենտրոնացած է բարձր տեխնոլոգիաների վրա, այս լաբորատորիան նույնպես աշխատում է այդ ուղղությամբ։ Բացի այդ, տեղեկատվական տեխնոլոգիաները և բարձր տեխնոլոգիաները օգտակար են բոլոր ոլորտներում, նույնիսկ մարդասիրական: Այս լաբորատորիան ներդաշնակ է այս դարին և երեխաների ցանկություններին», — ասում է նա:

  • copy of 1622574962942
    Lilit during the coding

Մի փոքր դռռոցով սարքն ակտիվանում է և շարժվում երեխաների նախանշած ուղով։ Լսվում են ուրախության բացականչություններ, երբ լաբորատորիայի փոքրիկ ինժեներները տեսնում են իրենց քրտնաջան աշխատանքի արդյունքը: Այն պսակվել է հաջողությամբ։

Հոդվածը տպագրվել է հայերեն և անգլերեն ՝ Civilnet.am կայքում

Իմացիր ավելին

EU4Digital՝ https://eufordigital.eu/hy/

EU4Digital eSkills՝ https://eufordigital.eu/hy/thematic-area/eskills/

Հայաստանում ԵՄ պատվիրակություն՝ https://eeas.europa.eu/delegations/armenia_hy

«Արմաթ» լաբորատորիաներ՝ https://armath.am/hy

«Արմաթ»-ի էլ. ուսուցման հնարավորություններ՝ https://armath.am/hy/resources

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ https://hti.am/

EU4Digital նախաձեռնության միջոցով Եվրամիությունն աջակցում է Արևելյան գործընկերության երկրներում թվային հմտությունների ռազմավարության իրականացմանը, մասնավորապես հետևյալ քայլերի միջոցով.



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,