«Միանալով բնությանը». խելացի լուծումներ Երևանի համար՝ ԵՄ աջակցությամբ
22 Նոյեմբերի, 2019

«Միանալով բնությանը». խելացի լուծումներ Երևանի համար՝ ԵՄ աջակցությամբ


Այս գաղափարը կյանքի է կոչվում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի (Էկոկենտրոն) մասնագետների ջանքերով։

Կենտրոնն ընդգրկված է Եվրոպական միության հետազոտությունների և նորարարության «Հորիզոն-2020» ծրագրի շրջանակներում «Խելացի և կայուն քաղաքներ» մրցութային ծրագրով գործող «Connecting Nature» («Միանալով բնությանը»)  նախագծի իրականացման միջազգային կոնսորցիումի մեջ: Ընդհանուր առմամբ կոնսորցիումում ընդգրկված են 29 կազմակերպություններ և 14 երկրների 16 քաղաքներ, այդ թվում՝ Երևան քաղաքը՝ Հայաստանից։

Ծրագրի հիմնական նպատակն է բնահեն լուծումներ տալ Երևանի բնապահպանական խնդիրներին, քաղաք բերել այլ բնահեն լուծումներ, նոր գաղափարներ: Օրինակ՝ քաղաքի տարբեր հատվածների համար որոշվելու են այն բուսատեսակներն ու ծառատեսակները, որոնք հարմար են տվյալ միջավայրին: Բայց հիմնական գաղափարն է՝ ստեղծել հարթակ, որպեսզի դոնորների հետ համագործակցության միջոցով լուծվեն քաղաքի բնապահպանական խնդիրները:

«Ծրագրի հիմնական գաղափարը եվրոպական երկրների փորձիընդհանրացմամբ քաղաքների բնապահպանական խնդիրներին բնահեն լուծումներ տալն է։ «Connecting Nature»-ը ստեղծում է հարթակ, որտեղ կմեկտեղվեն գիտնականները, բնահեն ծրագրեր մշակողները և ֆինանսավորողները, ովքեր կյանքի կկոչեն այդ լուծումները»,- մեզ հետ զրույցում ասաց Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն Լիլիթ Սահակյանը։

Նրա խոսքով՝ կարևոր է, որ ծրագրի հետ համագործակցեն քաղաքային իշխանությունները, որոնք պետք է շահագրգռված լինեն բնակչությանը որակյալ կյանք ապահովելու հարցում:

  • Yerevan, Armenia, bird view. (Credit: Unsplash.com)
  • Yerevan, Armenia, central square

Երևանի օդն ու հողը աղտոտված են ծանր մետաղներով ու փոշով։ Այս խնդիրը մասնագետները տարիներ շարունակ բարձրացրել են։

«Եթե մենք ապրում ենք անառողջ և աղտոտված միջավայրում, կարող ենք ասել, որ բոլորիս իրավունքները խախտվում են»,- ասում է Լիլիթ Սահակյանը։

«Խելացի և կայուն քաղաքներ» ծրագրի նպատակն է ստեղծել ավելի բարեկեցիկ և ավելի խելացի, նորարարական ու զարգացած քաղաքներ, որտեղ ապրող մարդիկ իրենց պաշտպանված կզգան:

«Օրինակ՝ Երևանի դեպքում մենք շեշտը դրել ենք կանաչապատման վրա՝ ճիշտ կանաչապատումը դիտելով որպես քաղաքի աղտոտման խնդիրների բնահեն լուծում։ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը տարիներ շարունակ հետազոտել է քաղաքի բնապահպանական խնդիրները, և մենք գիտենք, որ աղտոտված միջավայրում ենք ապրում։ Մեր հետազոտությունների մյուս խումբը վերաբերում է այդ աղտոտման պայմաններում գոյատևող և, ավելին, մթնոլորտը մաքրող բուսատեսակների ընտրությանը, որոնք դիմացկուն կլինեն տվյալ տարածքի բնակլիմայական պայմանների նկատմամբ, կարող են դիմակայել ծանր մետաղներին, փոշուն և այլ աղտոտիչներին, մաքրել օդը»,- ասաց նա։

Էկոլոգանոսսֆերային հետազոտությունների կենտրոնի մասնագետները դեռևս 2007-2008 թվականներին իրենց հետազոտությունների հիման վրա նախագիծ են մշակել ու ներկայացրել Երևանի քաղաքապետարան։ Լիլիթ Սահակյանի խոսքով՝ «Connecting Nature» ծրագրի շնորհիվ հնարավորություն է ընձեռնվել ծանոթանալ եվրոպական լավագույն  փորձին։

«Ավելին, սա հնարավորություն տվեց որոշում կայացնող կառույցներին, տվյալ դեպքում՝ Երևանի քաղաքապետարանին, ներգրավել այս ծրագրի մեջ։ Այսինքն՝ այստեղ մեկտեղվելու են և գաղափարները, և գիտությունը և այդ գաղափարի իրականացման ֆինասնավորողները»,- ասաց նա։

Երևանի էկոլոգիական խնդիրներին բնահեն լուծում տալու ծրագիրը նախատեսված է 2017-2023 թվականների համար։ Դրա շրջանակներում Երևանի քաղաքապետարանին՝ «Եվրասիա համագործակցության հիմնադրամ»-ի  հետ համատեղ, դեռևս հաջողվել է կանաչ պատ ստեղծել Երևանի մանկապարտեզներից մեկում։

«Մենք տարիներ շարունակ հետազոտել ենք Երևանի մանկապարտեզների հողերի աղտոտման մակարդակը։ Եվ վերհանելով առավել աղտոտված տարածքները՝ Երևանի քաղաքապետարանի հետ ընտրեցինք մի մանկապարտեզ, ստեղծեցինք կանաչ պատը, որը միտված է նվազեցնելու աղտոտման ներհոսքը դեպի մանկապարտեզ»,- ասաց Լիլիթ Սահակյանը։

  • Lilit Sahakyan, vice director for research at the Centre for Environmental and Noospheric Research
  • Yerevan, Armenia (Credit: Unsplash.com)
  • Part in Yerevan, Armenia (Credit: Unsplash.com)
  • Condominiums in residential district of Yerevan, Armenia

Մասնագետն ասում է, որ Երևանում դեռևս Խորհրդային միության տարիներից բնակչությունը գտնվում է փոշու և ծանր մետաղներով աղտոտման ազդեցության տակ։ Ըստ Լիլիթ Սահակյանի՝ չպետք է մոռանալ, որ Երևանը կիսաանապատային գոտում է գտնվում. ծանր մետաղներով ու փոշով աղոտումն առկա է քաղաքի բոլոր համայնքներում։

Մասնագետը հավելում է, որ տարիներ շարունակ Հայաստանի արդյունաբերական ձեռնարկությունների 50-60  տոկոսը կենտրոնացված է եղել Երևանում, որտեղ բնակվում է երկրի բնակչության 34 տոկոսը, բայց որի տարածքըՀայաստանի ընդհանուր տարածքի մեկ տոկոսն էլ չի կազմում։

Բնապահպանական խնդիրների լուծումը շատ թանկ հաճույք է ցանկացած երկրի համար։ Բայց, ինչպես ասում է Լիլիթ Սահակյանը, բնահեն լուծումները կարող են ուղի հարթել, որպեսզի Երևանը կարողանա դրսից ֆինանսավորում ներգրավել։

Այս հարցում Երևանի իշխանությունների հետ աշխատանքն այնքան էլ արագ չի ընթանում: Լիլիթ Սահակյանի խոսքով դա տարբեր պատճառներ ունի։

«Քաղաքը դինամիկ զարգացող օրգանիզմ է, և քաղաքապետարանը հիմնականում առօրյա հարցերն է լուծում։ Էկոլոգիական խնդիրների լուծումը մի քիչ «էլիտար» է հնչում առօրյա խնդիրների լուծման պայմաններում։ Բայց փուրձում ենք գնալ առաջ»,- ասում է Լիլիթ Սահակյանը։

Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Նավասարդյանն ասում է, որ աշխատանքներն այժմ դանդաղ են առաջ գնում, բայց Երևանի քաղաքապետարանը առաջիկայում ակտիվացնելու է համագործակցությունը և Էկոկենտրոնի, և միջազգային կառույցների հետ։ Այս ծրագրի շրջանակներում համագործակցության առաջին քայլ այն է եղել, որ Երևանի քաղաքապետարանի մասնագետներն այս տարվա հոկտեմբերի 8-9-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մասնակցել են ծրագրի շրջանակներում անցկացված միջոցառման։

Անդրադառնալով Երևանի մանկապարտեզներում կանաչ պատ ստեղծելու նախաձեռնությանը՝ քաղաքապետարանի պաշտոնյան ասաց, որ քաղաքապետարանում դա լավ գաղափար են համարում, մտադիր են նպասել դրա շարունակականությանը և ընդլայնել ծրագիրը։

 «Քաղաքապետարանը, համագործակցելով էկոնկետրոնի հետ, աշխատանք է տանում կանաչապատման ուղղությամբ, թե քաղաքի որ հատվածում ինչ ծառատեսակներ կարելի է տնկել, որպեսզի հավասարակշռությունը պահպանվի։

  • Lilit Sahakyan at the project presentation in Yerevan on 4 October 2019
  • Lilit Sahakyan at the project presentation in Yerevan on 4 October 2019

Ըստ մասնագետի՝ տրանսպորտային միջոցների թիվը Երևանում գնալով ավելանում է, և քանի որ քաղաքում չկան նոր ու ազատ տարածքներ, որոնք հնարավոր կլինի կանաչապատել, քաղաքապետարանը գնալու է ուղղաձիգ կանաչապատման ծրագիր իրականացնելու ճանապարհով։

Գևորգ Նավասարդյանը բացատրեց, թե ինչ է դա ենթադրում. «Ինչպես մանկապարտեզներում են կանաչ պատեր ստեղծվելու, նույնը փորձելու ենք անել տարբեր վայրերում։ Նախնական նախատեսում ենք ուղղուձիգ կանաչապատման լուծումներ տալ մի քանի վերգետնյա անցումների տարածքում»։

Քաղաքապետարանի պաշտոնյան նշեց, որ մաքուր շրջակա միջավայր ունենալու հարցում բնակչությունն էլ պետք է աջակցի քաղաքային իշխանություններին։

Author: Roza Hovhannisyan

Article published in ArmenianRussian and English by Lragir.am



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,