Լրագրությունը էկրանից այն կողմ տեքստ կարդալ չէ. հայ ուսանողները իրենց ուժերն են փորձում լրագրությունում
29 Մարտի, 2022

Լրագրությունը էկրանից այն կողմ տեքստ կարդալ չէ. հայ ուսանողները իրենց ուժերն են փորձում լրագրությունում


Լրագրությունը Հայաստանում շատ ուսանողների համար գրավիչ ոլորտ է: Շատերը՝ տեսնելով էկրանից այն կողմ գտնվող հաղորդավարներին, իրենց ապագան պատկերացնում են հեռուստատեսային տաղավարում, սակայն չեն պատկերացնում մասնագիտության մարտահրավերները: Հայաստանյան բուհերն էլ ուսանողներին հիմնականում տրամադրում են տեսական գիտելիքներ, իսկ այդ գիտելիքները օգտագործելու հնարավորություն գրեթե չի ընձեռնվում:

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագիրը լավ հնարավորություն է բուհերի լրագրության ֆակուլտետների ուսանողների համար։ Այն իրականացնում է Դոյչե վելլե ակադեմիան՝ Բի բի սի մեդիա էքշն-ի, ԲՀՀ-Հայաստանի, Հետաքննող լրագրողներ ՀԿ-ի (Hetq.am) և Ֆակտոր տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ։ Ծրագրի շրջանակներում լրագրության ֆակուլտետի ավարտական կուրսերի ուսանողները հնարավորություն են ստանում բարելավել իրենց գիտելիքները և հմտությունները։ Դասընթացները բաղկացած են երկու մասից. 12 մասնակից հնարավորություն է ստանում մասնակցել BBC-ի լրագրողների հետ առցանց դասընթացներին, իսկ նրանից 6-ին հնարավորություն է ընձեռնվում ստացած գիտելիքները օգտագործել հայկական Factor.TV-ում:

Հայկական լրատվամիջոցում ուսանողները շարունակում են դասընթացները, լրագրողների հետ համատեղ մասնակցում են խմբակցության աշխատանքներին և ինքնուրույն երեք նյութ են պատրաստում:

«Բացարձակ պատկերացում չեմ ունեցել, թե ուր եմ գալիս»

Երևանի պետական համալսարանի երրորդ կուրսի ուսանող 20-ամյա Մարիամ Թեյմուրազյանը Հայաստանի Տավուշի մարզի Վազաշեն գյուղից է։ Լրագրությունը ընտրել է դեռ պատանի տարիքից:

«Ինձ ով տեսնում էր, ասում էր՝ քո տեղը լրագրությունն է», հիշում է Մարիամը՝ ավելացնելով, որ Factor.TV-ի աշխատակիցները հանդիպում են կազմակերպել Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ, որի ընթացքում որոշել, որ անպայման պետք է ուժերը փորձել։

«Լրացրեցի հարցաթերթիկը մի քանի օրից պատասխանն արդեն եկավ։ Վստահ չէի, որ 12-ի մեջ կհայտնվեմ, բայց հիշում եմ, թե ինչքան ուրախացա, երբ այդ ընտրված 12 մասնակիցների ցանկում կարդացի նաև իմ անունը»,- պատմում է Մարիամը՝ նշելով, որ առցանց դասընթացների հիմնական շեշտը վիզուալիզացիայի վրա էր, BBC-լրագրողները սովորեցնում էին, թե ինչպես կառուցել նյութը, որ տարբերվող և յուրօրինակ կոնտենտ ստացվի, և ընթերցողը չձանձրանա:

Մարիամի համակուրսեցիներից ոմանք փորձաշրջան էին անցնում Factor.TV-ում, ու նրանցից շատ էր լսել լրատվամիջոցի մասին։ Եվ իրեն հաջողվեց լրատվամիջոցում երեք ամիս փորձաշրջան անցկացնել. «Շատ տարբեր է փորձը թեորիայից, որը մենք սովորում ենք համալսարանում։ Լրիվ ուրիշ է, երբ տպագիր նյութեր ես պատրաստում, քո շրջանակից դուրս չես գալիս։ Ամեն դեպքում՝ նոր ես, վախենում ես ռիսկային քայլ անես։ Բայց այստեղ՝ Ֆակտորում, կարողանում ես այդ ռիսկին դիմել, որովհետև գիտես՝ մեջքիդ մարդ է կանգնած, որ նույնիսկ եթե ինչ-որ մի բան չգիտես, հոգ չէ, կարող ես դիմել, քեզ կբացատրի։ Այնպես չէ, որ համալսարանում չէին օգնում, բայց համալսարանում ուրիշ է՝ պրակտիկա չես ունենում»։ 

Մարիամը հիշում է իր առաջին օրը հայկական լրատվամիջոցում՝ ինչպես է ծանոթացել խմբագրի, լրագրողների և այլ աշխատակիցների հետ: Բայց առավել տպավորված է առաջին անգամ տաղավար և «նյուզրում» այցից. «Մի ուրիշ հաճույք է, երբ մտնում ես տաղավար, որտեղ պետք է աշխատես։ Իրականում մենք «նյուզրումից» դուրս՝ այլ սենյակում էինք աշխատում, բայց մեզ համար բոլոր պայմանները ստեղծվել էին։ Շատ հետաքրքիր էր նաև «նյուզրումում» հայտնվելը. Երբ խմբագիրը ասում է՝ դու այս մի տեղում պետք է լինես, երբ որ ուղիղ միացում է, մեկ այլ տեղ լրագրողի հետ իր նյութն են քննարկում, կողքից մեկ այլ լրագրող պատրաստվում է գնալ իր հարցազրույցին։ Իսկ երբ դու այդ ամենի մասնակիցն ես լինում, դու էլ իրենց հետ գնում ես, վազում ես, մասնակցում ես, լրիվ այլ հաճույք է»։

Մարիամի մոտ ոգևորվածությունը ուղեկցվում էր վախով, նամանավանդ, այն պահերին, երբ խմբագիրն արդեն իրեն էր հանձնարարություն տալիս: Վախենում էր նաև տարբեր պաշտոնյաներին զանգել և հարցեր տալ, սակայն այդ վախն էլ հաղթահարեց. «Բացարձակ պատկերացում չեմ ունեցել, թե ուր եմ գալիս։ Մտածել եմ՝ կադրում կնստեմ, տեքստը կկարդամ ու դուրս կգամ։ Իսկ հիմա հասկացա, որ իրականությունը այլ է»:

Փորձաշրջանի ընթացքում մասնակիցները պետք է երեք նյութ պատրաստեին՝ տպագիր, տեսանյութ և տաղավարային հարցազրույց. «Լրիվ այլ բան է, երբ տաղավարում ես հարցազրույց վերցնում։ Քո գործի նկատմամբ պատասխանատվությունն է մեծանում, որովհետև դա ոչ միայն քո աշխատանքն է, այլ նաև տեսախցիկներից այն կողմ գտնվող մարդկանց աշխատանքն է»։

Իսկ ծրագրի ընթացքում ստացած գիտելիքները և հմտությունները Մարիամը փորձում է իր համակուրսեցիներին փոխանցել. «Կյանքը մինչև ծրագիրը՝ դու սովորական 18-19 տարեկան աղջիկ ես, որը լրագրության մասին գիտի, համալսարան է ընդունվել, նյութեր է գրում իր ընկերիների մասին, ոչ մի լուրջ քայլ չի անում։ Իսկ ծրագրից հետո դու արդեն հստակ քայլերով առաջ ես գնում, սովորում ես ինքնուրույն, անկախ լինել որպես լրագրող։ Հասկանում ես, որ դու լրագրող ես, որը անուն ունի ու պետք է ամեն ինչ անես, որ այդ անունը բարձր պահես»։    

«Լեզուդ ճարտար է, լրագրող կդառնաս»

Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղից 21-ամյա Արփինե Հակոբյանին լրագրողի աշխատանքը դեռ մանկուց է հետաքրքրել: Շրջապատում բոլորը ասում էին՝

լեզուդ ճարտար է, լրագրող կդառնաս։ Եվ այդպես 5, թե 6-րդ դասարանից որոշել էր, որ լրագրող պետք է դառնա՝ հետագայում նաև հեռուստատեսությունում հայտնվելու մտադրությամբ։ Այդպես Արփինեն որոշեց ընդունվել Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետ։

«Երբ որ փոքր էի մտածում էի, եթե լրագրող ես, դժվար բան չկա, նստում ես, տեքստդ կարդում ես, վերջ։ Բայց արդեն հիմա գիտակցում եմ, թե նյութի վրա ինչքան ժամանակ ես ծախսում, եթե ցանկանում ես որակյալ նյութ ստանալ»,- պատմում է Արփինեն:

Սովորելուն զուգահեռ Արփինենն սկսել է թղթակցել տարբեր լրատվամիջոցներին։ Այդ ժամանակ հասկացել է, որ մասնագիտության հարցում չի սխալվել։ Արփինեն նշում է, որ չի ուզում որևէ հնարավորություն ձեռքից բաց թողնել, և այս ծրագիրը այդ հնարավորություններից մեկն էր. «Ես հույս ունեի, բայց մինչև վերջ չէի հավատում, որ կընտրվեմ, ավելին, որ կլինեմ հաղթողներից մեկը և մրցանակի կարժանանամ։ Իրականում, գիտակցում էի, որ որակյալ նյութեր եմ պատրաստել, որ իսկապես լավն են, բայց մրցույթը միշտ անկանխատեսելի է, և այդպես հաջողությունները իրար հետևից իրար հաջորդեցին»։

Փորձաշրջանի ընթացքում Արփինեն ուղիղ եթեր է վարել, որը նկարագրում է որպես իր կյանքի ամենապատասխանատու պահը: Ուղիղ եթերին երկար պատրաստվել է, սակայն այս կամ այն պատճառով միջոցառումները հետաձգվել են, և առաջին անգամ հանպատրաստից է ուղիղ եթեր մտել: Այդ պահին նրան օգնել և ոգևորել է իր հետ աշխատող օպերատորը. «Երբ համալսարանում ասում էին՝ լրագրողը անձնական կյանք չունի, ցանկացած պահին հասանելի լինի, աշխատանքային ժամի ավարտից հետո չի կարող ասել՝ վերջ, իմ աշխատանքը ավարտվեց, ես գնացի տուն։ Փորձաշրջանի ընթացքում, ես համոզվեցի, որ ամեն ինչ հենց այդպես է»։

Արփինեի՝ ապաստրանի մասին պատմող նյութը ծրագրի մրցանակակիրներից մեկն է: Նյութի վրա աշխատել է ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Սակայն, նա չէր սպասում, որ միջոցառման ընթացքում իր անունն էլ կհնչի. «Ավարտական միջոցառմանը նստած էի, հեռախոսիս մեջ էի մտած ու անկեղծ չէի սպասում, Արամ Աբրահամյանը հնչեցնում է անունները և առաջին բացիկն է բացում, կարդում է Արփինե Հակոբյան, շոկի մեջ եմ լինում։ Չեմ հասկանում՝ ինչպես եմ հասնում բեմ։ Դու մտածում ես, որ նյութդ լավն է, նյութիդ վրա շատ ես աշխատել, ռեսուրսներ ես ծախսել։ Չէի բացառում, որ նյութերիցս մեկը կհաղթի, բայց մյուս կողմից էլ՝ մնացածի նյութերն էլ էին լավը։ Այդ պատճառով՝ շատ անսպասելի էր»։     

Որպես մրցանակ ստացած հեռախոսը Արփինեն նվիրել է մորը, որը ի սկզբանե խորհուրդ էր տալիս նրան ընտրել ուսուցչի մասնագիտությունը, քանի որ վստահ էր, որ լրագրության ոլորտում աղջիկը դժվար կարողանա աշխատանք գտնել:

Բացի մրցանակը՝ Արփինեն աշխատանքի առաջարկ է ստացել Factor.TV-ից. Շատ անսպասելի և միաժամանակ շատ ուրախ լուր էր։ Այժմ այլ լրագրողների հետ Արփինեն ևս օգնում է ծրագրի ուսանողներին. «Ես իրենց տարեկիցն եմ, շատերը ինձ համալսարանից էին ճանաչում, ու չէին կաշկանդվում խորհուրդներ հարցնելուց։ Պարտավորեցնող է, որ հիմա իրենք են իմ հետ գալիս, սովորում, ինչպես ես էի անում և միևնույն ժամանակ ոգևորում է»։

«Ուր էլ գնամ ավելի վստահ եմ լինելու»

Շիրակի մարզի Մուսայելյան գյուղից Քնարիկ Վարդանյանը բացարձակ չէր մտածել լրագրող դառնալու մասին: Երկար ժամանակ չէր կողմնորոշվում մասնագիտության հարցում, ակտիվ բնավորության պատճառով դպրոցի վերջին տարում որոշումը կանգնեց լրագրության վրա:

«Լրագրողները՝ չորրորդ իշխանությունն են, այսինքն՝ դա նշանակում է, որ դու կարող ես ինչ-որ մի բան փոխել: Երկրորդը՝ ամեն ինչ ուզում եմ փորձել, իսկ լրագրությունը ընձեռնում է այդ հնարավորությունը, նաև շատ ակտիվ ես լինում, տարբեր մարդկանց հետ ես շփվում»,- ասում է Քնարիկը՝ նշելով, որ սկզբում պատկերացրել է, որ հաղորդումներ է վարելու, սակայն մասնագիտությունը ուսումնասիրելու ընթացքում հասկացել է, որ սա լրիվ այլ մասնագիտություն է. «Մինչև այժմ չեմ կողմնորոշվել, թե կոնկրետ, որ ոլորտում եմ ցանկանում աշխատել: Այս պահին աշխատում եմ մարդու իրավունքների ոլորտում: Բայց ձգտում եմ վիզուալիզացիայի և հեռուստատեսությանը»:

Քնարիկը առաջին անգամ ծրագրին դիմելու հնարավորությունը բաց է թողել՝ մտածելով, որ այն կարող է խանգարել համալսարանի դասերին: Բայց երբ համակուրսեցիներից լսել է ծրագրի մասին արձագանքները, որոշել է՝ ինքն էլ փորձել. «Այստեղ կարող ես փորձ ստանալ, այդ իսկ պատճառով որոշեցի երկրորդ փորձաշրջանին ես էլ դիմեմ: Եվ այսպես հայտնվեցի ծրագրում: Առցանց դասընթացների ընթացքում սովորեցի, թե որակյալ ռեպորտաժ, հարցազրույց ստանալու համար ի՞նչ քայլեր է պետք կատարել: Եվ հիմա փորձում եմ իմ ստացած գիտելիքները իմ աշխատանքային առօրյայում օգտագործել»:

Քնարիկի կարծիքով՝ ամենադժվարը առաջին քայլը կատարելն է, երբ ունես տեսական գիտելիքներ, բայց չգիտես՝ ինչպես դրանք օգտագործել: Փորձաշրջանի ընթացքում Քնարիկը կատարեց այդ առաջին քայլը և հիմա ասում է, որ ուր էլ գնա, ավելի վստահ է լինելու:

Հիշում է, որ նյութ պատրաստելու ընթացքում, երբ պետք էր դեմ առ դեմ հանդիպել որևէ պաշտոնյայի հետ, շատ էր անհանգստանում, այդ դեպքում օգնել են լրագրողները, որոնց ներկայությունը վստահություն է հաղորդել նրան. «Սկզբում էր բարդ, բայց հետո, երբ ավելի շատ փորձ ձեռք բերեցի ամեն ինչ կարգավորվել է, վստահություն եմ ձեռք բերել, և այլ խնդիրներ չեմ ունեցել»:

Քնարիկի մոտ տպավորվել է լարված լրագրողական աշխատանքային օրերը, երբ լրագրողները մեկ նյութը չավարտած մյուսի վրա էին աշխատում: Լրագրողներից մեկի հետ գնացել էինք հավաք լուսաբանելու. «Այդ ժամանակ հասկացա, որ քաղաքական նյութեր չեմ կարող պատրաստել: Իհարկե՛, տպավորիչ է իրադարձությունների պահին տեղում լինելը, բայց հասկացա, որ դա իմը չէ: Հասկացա նաև, որ շատ դժվար է զգացմունքներ ցույց չտալ և քո գործը անել առանց զգացմունքները»:

Փորձաշրջանի ընթացքում Քնարիկը հասկացավ, որ այսպես ասած ամենօրյա լրագրությունը իրենը չէ. «Սիրեցի տաղավարային հարցազրույցը: Առաջինը հենց Ֆակտորում եղավ, և ես հասկացա, որ կարողանում եմ տեսախցիկի հետ աշխատել: Այսինքն՝ կարծում եմ՝ ապագայում նմանատիպ ծրագրերում կընդգրկվեմ, երբ գործ կունենամ մարդկանց և տեսախցիկների հետ»:

Քնարիկի պատրաստած երեք նյութերից մեկը հաղթողների շարքում էր. «Անկեղծ ասած զգում էի, որ նյութերիցս մեկը հաղթելու է: Անակնկալ չէր ինձ համար: Բայց շատ ուրախացա»:

Այսպիսով՝ ծրագիրը ոչ միայն հնարավորություն է տալիս լրագրության ֆակուլտետի ուսանողներին ստանալ պրակտիկ գիտելիքներ, այլ նաև իրենց ստացած փորձով և գիտելիքներով կիսվել համակուրսեցիների հետ: Այն նաև հնարավորություն է տալիս ուսանողներին աշխատանք գտնել հայկական լրատվամիջոցներում և օգտագործել իրենց գիտելիքները աշխատանքային առօրյայում:

Եվրամիությունը շարունակում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագիրը: Երրորդ և չորրորդ կուրսերի ուսանողները կարող են ևս մասնակից լինել ծրագրին և զարգացնել իրենց՝ սթորիթելինգի հմտությունները:

Ծրագրի գրանցումը շարունակվում է։ Երրորդ և չորրորդ կուրսերի ուսանողները կարող են դիմել։ Ծրագիրը բաղկացած է լինելու երկու մասից՝ առցանց դասընթաց BBC-ի լրագրողների հետ և երեքամսյա փորձաշրջան Factor TV-ում։ 

Հեղինակ՝ Ամի Չիչակյան

Հոդվածը տպագրվել է հայերենռուսերեն և անգլերեն Aravot.am կայքում



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,