«Կանաչ» Աշնակը․ Ինչպես է ԵՄ-ն օգնում Հայաստանին անցնել վերականգնվող էներեգիայի
12 Փետրվարի, 2018

«Կանաչ» Աշնակը․ Ինչպես է ԵՄ-ն օգնում Հայաստանին անցնել վերականգնվող էներեգիայի


Ջեռուցումը Հայաստանի չլուծված խնդիրներից մեկն է։ Գազի մատակարարումը հասանելի չէ որոշ համայնքների՝ հիմնականում հեռավոր բնակավայրերում։ Իսկ երբ գազի մատակարարումը հասանելի է, մարդիկ խուսափում են գազ օգտագործել՝ բարձր գնի պատճառով, որը մատչելի չէ բնակչության մեծամասնությանը։ Հայկական լեռները ավելի են դժվարացնում գազամատակարարման կենտրոնացված համակարգին միանալը։ Արդյունքում՝ մարդիկ, նամանավանդ գյուղերում, մոտիվացված չեն օգտագործել բնական գազ։

Վերջին տարիներին, Եվրոմիությունը (ԵՄ) Հայաստանում ջակցել է մեծ քանակով բարեփոխումների և նախագծերի։ Այս մի շարք նախագծերի նպատակն է օգնել Հայաստանին դառնալ ավելի էներգաարդյունավետ և նվազեցնել էներգիայի սպառումը։

Կանաչ էներգիան Աշնակի մանկապարտեզի երեխաներին ձմռանը տաք կպահի

Աշնակ գյուղի մանկապարտեզի մեծ լուսավոր սենյակում երեխաները նստած են փոքր աթոռներին և խաղում են խաղալիքներով։ Հինգ տարեկան Տիգրանը և չորս տարեկան Քնարիկը Աշոտը և Գևորգը մեկ սեղանի շուրջ են հավաքվել։ Նրանք խանդավառությամբ խոսում են մանկապարտեզում իրենց առօրյա կյանքի, իրենց ընկերների և նախասիրությունների մասին, երբ հանկարծ Քնարիկը հիշում է․ «Մենք առաջ ձմռանը մանկապարտեզ չէինք գալիս։ Այստեղ այնքան ցուրտ էր»։

Մինչև այս տարի Աշնակի մանկապարտեզը չէր ջեռուցվում և երեխաները ստիպված էին ձմեռը անցկացնել տանը և վերադառնալ մանկապարտեզ միայն գարնանը։ Շնորհիվ ԵՄ նախագծի աջակցությանը, մանկապարտեզը այժմ ունի համակարգը, որը վերածում է թափոնները ինչպիսիք են չոր տերևները, արևածաղիկի սերմերը, ընկույզի կեղևները և թեփը բիոզանգվածի՝ պելետների։ Այդ պելետները օգտագործում է բիովառելիքի ջեռուցման համակարգը՝ այրիչը և կաթսան, որը տաքացում է ինչպես մանկապարտեզի տարածքը, այնպես էլ ջուրը։ Այս կանաչ էներգիան ոչ միայն երեխաներին տաքացնում է ձմռանը, այլ նաև օգնում է գումար խնայել և էկոլոգիապես մաքուր է։

Ձմռանը մանկապարտեզ հաճախելու միտքը ոգևորում է երեխաներին։ Նրանցից ոմանք սկսում են պատմել պատմություններ իրենց անցած ձմեռների մասին։ Օրինակ, անցած տարի Տիգրանը Ձմեռ պապիկի տեսքով խաղալիք էր ստացել, նա ուրախությամբ ասում է․ «Այս տարի ես կարող եմ բերել այն մանկապարտեզ, և ընկերներով կարող ենք միասին խաղալ»։ Իսկ Գևորգը նախընտրում է դրսում խաղալ և բացականչում է, որ այս տարի վերջապես կարող է ձնագնդիկ խաղալ իր ընկերների հետ։

Բարդ հարցի պարզ լուծում

Մանկապարտեզի ջեռուցման սարքավորումները տեղադրվել են ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Գյուղական համայնքների համար բիոզանգվածներով ջեռուցման լուծումներ» նախագծի շրջանակներում։ Լուծման գաղափարը առաջացավ, երբ համայնքի ղեկավար Խաչիկ Տոնոյանը որոշեց, որ պետք է մանկապարտեզը ձմռանն էլ աշխատի։ Աշնակ համայնքը միշտ էլ խնդիր է ունեցել, քանի որ գազի գինը բարձր էր, և հետևաբար պարտք էր կուտակվում։ Նախագիծը պարզ լուծում է տվել այս բարդ խնդիրներին՝ հասանելի, էկոլոգիապես մաքուր կանաչ էներգիայի տեխնոլոգիաներով։

Խաչիկ Տոնոյանը ընդգծում է, որ նախագիծը մեծ ֆինանսական օգուտ կտա համայնքի բյուջեին․ «Եթե հիմա մենք գազի համար վճարում ենք 100 հազար դրամ, ապա այս համակարգը աշխատեցնելու դեպքում կտանք ընդամենը մոտ 35 հազար դրամ: Մենք պետք է հայթայթենք բիոզանգվածը և այլ խնդիր չենք ունենա, և մանկապարտեզն էլ ձմռանն էլ կաշխատի, բարեկեցիկ պայմաններ կստեղծվեն երեխաների համար, ծնողների համար, Աշնակի համար»։

“Գյուղական համայնքների համար բիոզանգվածներով ջեռուցման լուծումներ»-ը Հայաստանի վեց համայնք կանաչ է դարձնում

“Գյուղական համայնքների համար բիոզանգվածներով ջեռուցման լուծումներ»-ը ԵՄ նախագիծ է, որը օգնում է Հայաստանին EU4Energy նախաձեռնության շրջանակներում։ Նախագիծն աջակցել է զարգացնել կանաչ էներգիան Հայաստանում՝ հիմնվելով ինչպես ԵՄ անդամ երկրների փորձի վրա, այնպես էլ հարևան Վրաստանի և Մոլդովայի, որտեղ ԵՄ-ի աջակցությամբ նման նախագծերը հաջողությամբ են իրականացվել։

Հայաստանի 6 համայնքներ դարձել են այս նախագծի գործընկերները՝ Վայոց Ձորում Խաչիկը, Լոռիում Մեծ Պառնին, Արագածոտնում Աշնակը, Արարատում Տափերականը, Տավուշում Լուսաձորը և Արմավիրում Արմավիր քաղաքը։ Այս համայնքները ընտրվել են Հայաստանում հայտարարված մրցույթի միջոցով։ Մրցույթի չափանիշներից մեկը վառելիքի արտադրման համար բավարար քանակությամբ կենսազանգվածի առկայությունն էր։

Այս ջանքերը ամրապնդվեցին “Գյուղական համայնքների համար բիոզանգվածներով ջեռուցման լուծումներ»-ի կազմակերպած տեղական իրազեկման արշավի ընթացքում, որի շրջանակներում բացատրվում էր կանաչ էներգիայի օգուտները և թե ինչպես կարող են համայնքները ստանալ ԵՄ օժանդակություն։

Բացի այդ ծրագրի շրջանակներում ստեղծվել է «Կանաչ էներգիա» ասոցիացիան։ Այն կենտրոնացած է Հայաստանում կանաչ էներգիայի զարգացման և Հայաստանը ավելի էներգաարդյունավետ և էկոլոգիապես մաքուր դարձնելու վրա։

Բիոզանգվածը օգնում է և՛ շրջակա միջավայրին, և՛ մարդկանց

«Բարվա» իննովացիոն կենտրոնի վարպետ Ռուբեն Գևորգյանը բացատրում է, որ բիոզանգվածը հիմնականում պատրաստվում է բույսերի թափոններից․ «Հիմնականում աղացած ծղոտ է և փայտի թեփը։ Ժամում պատրաստում ենք մոտավորապես 30-35 կիլոգրամ: Հա՛մ մեր տարածքն ենք մաքրում, հա՛մ ժողովրդին օգուտ ենք տալիս: Աղալուց հետո չորացնում են և նոր վաճառում: Հիմնականում գնում են ջերմոցային տնտեսությունները»։

«Բարվա» իննովացիոն կենտրոնը «Գյուղական համայնքների համար բիոզանգվածներով ջեռուցման լուծումներ» նախագծի ինդուստրիալ գործընկերն է։ Կենտրոնը մասնագիտացված է էներգաարդյունավետության սարքավորումների և բիովառելիքի արտադրության մեջ։ Նա նաև ունի ցուցասրահ, որը ներառում է էներգաարդյունավետ սարքավորումներ իրենց բացատրություններով, թե ինչ օգուտ կարող են նրանք բերել։ Այստեղ կա նաև դեմո ջերմոց, որտեղ առկա է բիոզանգվածով ջեռուցման համակարգը։ Ամեն ինչ փոխկապակցված է, որ ֆերմերները գան, տեսնեն, ինֆորմացիան փոխանակեն՝ ինչպես անցնել վերականգնվող էներգիայի։

Որպես «Գյուղական համայնքների համար բիոզանգվածներով ջեռուցման լուծումներ»-ի գործընկեր «Բարվա»-ն կարևոր դեր է խաղացել բիոզանգվածի ջեռուցման համակարգը փորձելու գործում։ Կենտրոնը նաև աշխատել է այսպես կոչված գազաֆիկատոր համակարգի զարգացման վրա։ Եթե պելետը վառվում է և միանգամից ստացվում է ջերմային էներգիա, այստեղ արդյունքում ստացվում է գազ: Հումքը կրկին պելետի տեսքով լցվում է բունկեր, սկսում է ծխալ, ծուխը երկու անգամ մաքրվում է և արդյունքում ստացվում է գազ, որը շատ մոտ է բնական գազին: Սրանք ևս տարբեր չափերի են՝ կարող են օգտագործել ինչպես անձնական նպատակներով, այնպես էլ անհատական:

«Գյուղական համայնքների համար բիոզանգվածներով ջեռուցման լուծումներ» նախագծի աջակցությամբ երկու համայնքների տրամադրվել է գազաֆիկատոր․ մեկը տեղադրվել է Աշնակում, մյուսը՝ «Բարվա»-ում։ Նպատակն այն է, որ այն գյուղերը, որոնք գազամատակարարում չունեն անցնեն պելետների։ Դա և՛ հասանելի կլինեի քաղաքացիներին, և՛ դրական ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա։

«Բարվա»-ի աշխատակից  Արթուր Գասպարյան բացատրում է, որ այդ եղանակը ավելի հարամարավետ կլինի գյուղացիների համար. «Մեր գյուղերը  արդեն 7-8 տարի է ինչ գազաֆիկացվել են, բայց բնակչության ընդամենը 20 տոկոսն է այն սպառում: Դրանից ավել հնարավոր չէ, գները շատ թանկ են, հիմնականում գազով չեն ջեռուցում: Բացի դրանից գազաֆիկացումը Հայաստանի պայմաններում շատ դժվար է և ծախսատար: Օրինակ՝ մի սպառողը 400-500 հազար դրամ ծախսում է, որ գազը հասցնի իր տուն, բացի դրանից էլ Հայաստանը լեռնային երկիր է: Դրա համար հիմնականում հրաժարվում են: Ճիշտ է, մենք նոր ենք սկսել, բայց որ այն զանգվածային բնույթ ստանա, 3-5 անգամ ավելի քիչ կվճարեն գազի համար։ Այն նաև հասանելի է՝ Հայաստանի լեռնային հատվածներում կարող են օգտագործել»։

«Գյուղական համայնքների համար բիոզանգվածներով ջեռուցման լուծումներ» նախագիծը աջակցության լավ օրինակ է, որը ԵՄ-ն առաջարկում է Հայաստանում կանաչ և մատչելի էներգիայի ոլորտում։ Նրա նպատակն է, ոչ միայն հեշտացնել և ավելի հարմարավետ դարձնել հայերի կյանքը, այլ նաև Հայաստանը դարձնել ավելի էկոլոգիապես մաքուր և էներգաարդյունավետ։ Աշնակ գյուղի հաջողության պատմությունը ցույց է տալիս, որ «Գյուղական համայնքների համար բիոզանգվածներով ջեռուցման լուծումներ» նախագծի ռազմավարական կետերը արդեն դրական արդյունք են ունենում։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Aravot.am- ի հոդվածը հայերեն լեզվով

“Green energy” in Armenia


ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,