Հայրական հոգատարությունն ընտանեկան երջանկության գրավականն է
13 Հուլիսի, 2021

Հայրական հոգատարությունն ընտանեկան երջանկության գրավականն է


«Երբ հասակ էի առնում, հայրս ասում էր. «Ես եմ տան տղամարդը, և ինչպես ասեմ, այդպես էլ կլինի»»: Մոլդովացի երիտասարդ հայրիկ Դումիտրու Դունասը խորը ապրումներով է հիշում իր ավանդական դաստիարակության մասին: «Նա երբեք մորս թույլ չտվեց դուրս գալ և ինչ-որ բանով զբաղվել: Նա ասում էր, որ կինը պետք է ալյուրոտված լինի, իսկ տղամարդը՝ պատված դրսի փոշով»:

Երբ Դունասն ամուսնացավ, նա ցանկացավ այլ կերպ վարվել․ «Քանի որ հասակ առնելիս ես տեսել եմ, թե ինչ է հայրիկի բացակայությունն ընտանիքում, հասկացել եմ, թե որքան կարևոր է հոր համար իր երեխաներին մոտ լինելը»: Նա ամեն օր մասնակցում է տնային գործերին, ինչպիսին կերակուր պատրաստելն է՝ այդպիսով գործնական ներգրավվածություն ունենալով իր հինգ երեխաների դաստիարակության գործում:

Դունասի նման հայրերին աջակցելը և իրենց երեխաների ամենօրյա խնամքի գործին մասնակցելու հարցում այլ տղամարդկանց խրախուսելը «ԵՄ-ն հանուն գենդերային հավասարության. միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և գենդերային բռնության» ծրագրի նպատակներից մեկն է։ Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համատեղ իրականացվում է ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի ու Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գրասենյակների կողմից: 2020թ. գարնանը մեկնարկած «ԵՄ-ն հանուն գենդերային հավասարության» ծրագիրն ընտանեկան պարտականությունները հավասարապես կիսելու մասին իր հաղորդագրություններով սեփական ձայնն արդեն իսկ միլիոնավոր մարդկանց է հասցրել: Ծրագիրը նաև հայրիկների ակումբներ, դասընթացներ և «հայրիկ-երեխա» ձևաչափով միջոցառումներ է գործարկել ամբողջ տարածաշրջանում:

Հայրությունը զվարճալի է

Այն տարածքներում, որտեղ հայրիշխանական նորմերը կարող են խաթարել ընտանեկան հարաբերությունները, առաջին քայլը հաճախ պարզապես հայրիկների համար իրենց երեխաների հետ ժամանակ վայելելու տարածություն ստեղծելն է: Ուկրաինայում, Վրաստանում և Մոլդովայում հայրիկների ակումբներն անցկացրել են հայրիկների ու երեխաների մասնակցությամբ թխվածքաբլիթների թխման դասընթացներ, պատմություններ պատմելու ժամեր, նկարչության վարպետաց դասեր և այլն: «ԵՄ-ն հանուն գենդերային հավասարության» ծրագրի գործընկերների լուսանկարչական մրցույթներում էլ ի ցույց է դրվել, թե ինչպես են հայրիկները զվարճանում իրենց երեխաների հետ, ինչպես, օրինակ, հայրիկների ու նրանց դուստրերի այս ֆեյսբուքյան պատկերասրահում:

Ադրբեջանում, որտեղ որոշ սոցիալական նորմեր խստորեն ամրապնդում են ծնողների՝ սեռով սահմանված դերերը և որտեղ որոշ զույգեր կարող են նախընտրել որդիներ ունենալ, անցկացվել է հայրիկների ու նրանց երեխաների կապերին նվիրված «Իմ հայրիկը սիրում է ինձ» իրազեկման արշավ: Մի տեսանյութում հայրիկը բացատրում է, թե ինչպես է նա պաշտպանել իր դստեր մարզական նպատակները՝ չնայած այլոց թերահավատությանը: Վերջինս դարձել է մրցանակակիր երիտասարդ ըմբիշ: Երբ հայրիկները մասնակցում են իրենց երեխաների կյանքին, նրանք կարող են հպարտանալ վերջիններիս նվաճումներով:

Ուկրաինայում էլ 10 տարբեր քաղաքներում բնակվող ընտանիքներ միավորվել են երաժշտական ֆլեշմոբի շրջանակում, նվագել երաժշտական գործիքներ ու երգել: Իսկ Հայաստանում ճագարների ընտանիքի մասին ինտերակտիվ տիկնիկային ներկայացումը երիտասարդ հանդիսատեսին քաջալերել է վերագնահատել ընտանիքում հայրիկի դերը և «կանացի աշխատանքի» նշանակությունը:

Հայրությունն աշխատանք է

Խաղալուց և տոնակատարություններից զատ, երեխաներն ունեն տնային բեռը կիսող հայրիկների կարիք: 2020 թ-ին տարածաշրջանի հազարավոր տղամարդկանց և կանանց շրջանում անցկացված գենդերային կարծրատիպերի վերաբերյալ հետազոտությունը ցույց տվեց, որ տղամարդկանց և կանանց զգալի տոկոսը կարծում է, թե տղամարդկանց կարիերան առաջնային է, իսկ կանանցը՝ երկրորդական: Հասարակություններում, որտեղ կանայք ստիպված են կատարել խնամքի չվճարվող աշխատանքի զգալի մասը, մայրիկներն անհամաչափ շատ ժամանակ են ծախսում տնային գործերի և երեխաների խնամքի վրա: Հասարակության սպասումներն արդարացնելու փորձը հանգեցնում է նրան, որ կանայք ավելի քիչ ժամանակ են ունենում իրենց մասնագիտական զարգացման վրա կենտրոնանալու համար: «ԵՄ-ն հանուն գենդերային հավասարության. միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և գենդերային բռնության» ծրագիրը պայքարում է այս սահմանափակող կարծրատիպերի դեմ՝ խթանելով կանանց և տղամարդկանց միջև պարտականությունների հավասար բաշխումը:

Ծրագիրն ակումբների, հեռուստատեսության, սոցիալական ցանցերի և այլ գործունեության միջոցով հայրիկներին խրախուսում է ստանձնել ամենօրյա տնային գործեր, ինչպիսիք են կերակուր պատրաստելը, լվացք անելը և իրենց երեխաների հետևից մաքրելը: Հայաստանում ծրագիրն «ընտանեկան անկյուններ» է գործարկել, որտեղ ծնողները բարելավում են իրենց հմտությունները, պարտավորվում են հավասարապես կիսել երեխաների խնամքն ու տնային գործերը և խոսում երեխաների համար հնարավոր վնասակար գենդերային կարծրատիպերի մասին: Նրանք նաև անդրադառնում են թեմաների, ինչպիսիք են զայրույթի կառավարումը, ինչպես նաև ընտանեկան բռնության կանխարգելումը և գենդերային շարժառիթներով պայմանավորված սեռի ընտրությունը:

Ադրբեջանում հանրային ուղերձները ցույց են տալիս, որ տղամարդիկ կարող են զբաղվել տնային գործերով: Իսկ 2021-ի հունիսին՝ Հայրիկների օրվան նախորդող օրերին, ուկրաինական հայտնի հեռուստաընկերությունը հայրիկներին հորդորում էր ուղարկել լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում նրանք կատարում են երեխաների խնամքի որոշակի խնդիրներ, ինչպես, օրինակ, իրենց երեխայի մազերը սանրելը: Ուկրաինայում #21daysofrealfather մարտահրավերի մասնակիցներին ցուցադրում էին հեռուստաալիքի առավոտյան շոուի շրջանակում:

Հայրությունն իրավունք է՝ ի սկզբանե

Ծրագիրը նախատեսում է այնպիսի աշխարհ, որտեղ հայրիկները զբաղվում են իրենց երեխաների հետ՝ վերջիններիս լույս աշխարհ գալու առաջին իսկ օրվանից: «ԵՄ-ն հանուն գենդերային հավասարության» ծրագրի կողմից ֆինանսավորվող «հայրիկների դպրոցները» («Papa Schools») տղամարդկանց սովորեցնում են, թե ինչ կարելի է սպասել, երբ նրանք նախածննդյան այցերի ժամանակ ուղեկցում են իրենց հղի զուգընկերներին, ինչպես նաև նորածինների խնամքի հիմունքներ, օրինակ՝ ինչպես ճիշտ պահել նորածին երեխայի գլուխը: Տարածաշրջանային լեզուներով թարգմանված ձեռնարկն էլ ուղեցույց է ծառայում դասերի համար: Որպեսզի բուժաշխատողներն էլ կարողանան խրախուսել տղամարդկանց մասնակցել նախածննդյան խնամքին, ծրագիրը հատուկ ուսումնական նյութեր է պատրաստել հիվանդանոցների այն աշխատակիցների համար, ովքեր զրուցում են երեխայի ծննդյան սպասող զույգերի հետ:

Միրիան Ջուղելին Վրաստանում առաջին հայրիկներից է, ով հայրական խնամքի արձակուրդ է վերցրել: Նա MenCare Georgia-ի համահիմնադիրն է, որը երկրում գործարկել է «ԵՄ-ն հանուն գենդերային հավասարության» ծրագրի կողմից ֆինանսավորվող «հայրիկների դպրոցները» [դիտեք ֆեյսբուքյան մուլտֆիլմի տեսանյութը]: «Բազմաթիվ տղամարդիկ կարծում են, թե տանը կան տղամարդկանց և կանանց դերեր, իսկ երեխան կնոջ գործն է։ Ես ատում եմ, երբ մարդիկ հարցնում են, թե արդյոք ես օգնում եմ իմ կնոջը։ Ծնողավարությունը ոչ թե զուգընկերոջն օգնելն է, այլ ավելի շուտ՝ երեխային դաստիարակելու գործում հավասար պարտավորություններ և հնարավորություններ ունենալը»,– ասում է Ջուղելին։ Հայրիկերին որպես ոչ պարտադիր հիմունքներով օգնականներ դիտարկելու փոխարեն՝ հայրիկների դպրոցները ծնողավարության դերում տղամարդկանց պատրաստում են որպես գործընթացի լիարժեք մասնակից:

Վրաստանում անցկացվող դասընթացների ժամանակ հայրիկները գործնական հարցեր են տալիս երեխաների խնամքի վերաբերյալ: «Մենք ստանում ենք այսպիսի հարցեր. «Ի՞նչ կլինի, եթե սնունդը մնա երեխայի կոկորդում»»,– ասում է Ջուղելին: Հայրիկները նաև ստանում են օգտակար խորհուրդներ առ այն, թե, օրինակ, ինչպես «հայրիկի պայուսակի» մեջ հավաքել այնպիսի իրեր, ինչպիսիք են տակդիրները, քսուկները և առաջին օգնության պարագաները:

Մոլդովայում հայրիկների ակումբի անդամները սկսում են իրենց հայրական ժառանգության մասին խորհրդածություններով, ընդ որում՝ թե՛ լավ, թե՛ վատ: Նրանք խորհրդածում են հետևյալ հարցի շուրջ․ «Հորս մասին մի բան, որը ես չեմ ուզում կրկնել իմ երեխայի հետ…»։ Ակումբները նաև երիտասարդ տղամարդկանց են ընդգրկում իրենց ծրագրերում՝ վերջիններիս ծնող դառնալուց շատ առաջ: 17-ամյա Իոնուտ Չինտեան ասում է, որ ինքը սովորել է տարբերակել առողջ սովորությունները կարծրատիպերից և ավելին է իմացել հոգատար դաստիարակության մասին: «Երբ հայրիկ դառնամ, հնարավորինս լավը կլինեմ իմ երեխաների համար։ Ժամանակ կանցկացնեմ նրանց հետ, կասեմ` «ես քեզ սիրում եմ», կդառնամ նրանց կյանքի մի մասը»,– ասում է նա։

Հայրությունը սկսվում է իրավունքներից

Երբեմն տղամարդիկ ցանկանում են ավելի շատ ներգրավվել իրենց երեխաների կյանքում, բայց ստիպված են լինում առաջնահերթություն տալ կարիերային: ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը ծրագրի գործընկերների հետ միասին հանդես են գալիս հայրական խնամքի արձակուրդի, ընտանիքի համար նպաստավոր կորպորատիվ քաղաքականության և օրենսդրական փոփոխությունների օգտին, որոնք կնպաստեն, որպեսզի հայրիկներն ավելի շատ ժամանակ անցկացնեն իրենց երեխաների հետ: 2021 թվականի մայիսին Բելառուսում կայացած առցանց հանդիպման ընթացքում ընկերությունները ծանոթացան ընտանիքների համար իրենց մարդկային ռեսուրսների (ՄՌ) քաղաքականությունն ավելի գործունակ դարձնելու ուղիների հետ։

«Խնդիրն այն է, որ սոցիալական և մտավոր փոփոխությունները ժամանակ են պահանջում, երբեմն՝ տասնամյակներ: Հռոմը մեկ օրում չի կառուցվել։ Բայց մենք արդեն տեսնում ենք մեր աշխատանքի արդյունքները: Մենք վճռական ենք մոտենալ մի հասարակության, որտեղ տղամարդիկ լիարժեք պատասխանատվություն են ստանձնում իրենց երեխաների համար և ներգրավվում են իրենց ընտանիքի առօրյա կյանքում»,– ասում է MenCare-ի հիմնադիր Ջուղելին:

Սույն հոդվածը պատրաստվել է «ԵՄ-ն հանուն գենդերային հավասարության. միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և գենդերային բռնության» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից: Ծրագիրը նպատակ ունի ամրապնդել կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներն ու հնարավորությունները՝ մարտահրավեր նետելով ընտանիքում և հասարակության մեջ տղամարդկանց և կանանց դերերի վերաբերյալ ընկալումներին և աշխատելով վերացնել գենդերային բռնությունը։



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,