«Ֆեյք նյուզը» վտանգավոր է առողջությանը. փաստում են փորձագետները
3 Մայիսի, 2021

«Ֆեյք նյուզը» վտանգավոր է առողջությանը. փաստում են փորձագետները


Ի՞նչ է «ֆեյք նյուզը» եւ ինչո՞ւ է այն վտանգավոր հանրության համար: Ինչո՞ւ է COVID-19 համավարակը հատկապես հաճախ դառնում մեդիա մանիպուլյացիաների առարկա: Ինչպե՞ս տարբերել ճշմարտությունն ապատեղեկատվությունից եւ, առհասարակ, ինչպե՞ս պաշտպանվել «ֆեյք նյուզ»-ից:

Բոլոր այս արդիական հարցերին Լրատվական ռադիոյի եթերում փորձել են պատասխանել ոլորտի մասնագետները՝ հայտնի բլոգեր, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը եւ Մեդիամաքսի գլխավոր խմբագիր, դասախոս Դավիթ Ալավերդյանը:

Երեւանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում նրանք միասին դասավանդում են «Տեղեկատվական անվտանգություն» առարկան եւ սովորեցնում են ապագա լրագրողներին տարբերել տեղեկատվության հավաստի եւ կեղծ աղբյուրները: Այդ գիտելիքները կարող են օգտակար լինել շատերին, քանզի Հայաստանի բնակիչների զգալի մասը տեղեկությունները քաղում է համացանցից եւ հատկապես սոցիալական ցանցերից, առաջին հերթին՝ Ֆեյսբուքից, որտեղ «ֆեյք նյուզը» եւ մեդիա մանիպուլյացիները հատկապես շատ են:

  • Samvel Martirosyan and Davit Alaverdyan at Lratvakan Radio
  • Samvel Martirosyan, famous blogger and media expert
  • Samvel Martirosyan
  • Samvel Martirosyan and Davit Alaverdyan at the studio
  • Samvel Martirosyan

«Երբեմն կեղծիքն այնքան լավ է քողարկված, որ նույնիսկ ես եմ դժվարանում հասկանալ` լուրը հավաստի է, թե ոչ: Նման դեպքերում ես անմիջապես փորձում եմ գտնել սկզբնաղբյուրը, փնտրում եմ տեղեկության հաստատումը հեղինակավոր այլ աղբյուրներում: Շատ ավելի բարդ է լինում, երբ սկզբնաղբյուրն է հանդես գալիս հակասական հայտարարություններով: Covid-19 համավարակի առաջին ամիսներին լուրերը, մեկնաբանությունները, կարծիքներն այնքան շատ էին ու հակասական, որ հանրության մոտ իսկական խառնաշփոթ էր առաջացել, եւ մարդիկ չէին հասկանում՝ ում հավատալ եւ ում՝ ոչ»,- հաղորդման ընթացքում ասում է Սամվել Մարտիրոսյանը, ով ինքն էլ դիմակ կրելու եւ համավարակից պաշտպանվելու հանրային արշավի ակտիվ մասնակից է:

«Եթե տարիներ առաջ մենք տեղեկատվության աղբյուրների պակաս էինք զգում, ապա այժմ ստիպված ենք սահմանափակել դրանք, իսկ երբեմն նույնիսկ պաշտպանվել դրանցից: Իմ ուսանողներին եւ գործընկերներին ես խորհուրդ եմ տալիս ընտրել հավաստի մի քանի լրատվամիջոցներ, որոնց իրենք վստահում են եւ որոնք իրենց երբեք չեն ստել, եւ հավատալ միայն նրանց, իսկ մնացած բոլոր աղբյուրներից հրաժարվել կամ թերահավատորեն վերաբերվել: Նույնը խորհուրդ եմ տալիս անել նաեւ սոցիալական ցանցերում: Դա զգալիորեն հեշտացնում է կյանքը եւ օգնում խուսափել հիասթափություններից»,- խորհուրդ է տալիս Դավիթ Ալավերդյանը:

  • Samvel Martirosyan and Davit Alaverdyan discussing disinformation
  • Samvel Martirosyan and Davit Alaverdyan
  • Samvel Martirosyan and Davit Alaverdyan
  • Davit Alaverdyan, Mediamax Editor-in-chief, Professor

Փորձագետները նկատել են, որ մեդիա մանիպուլյացիների նոր ալիքը կապված է կորոնավիրուսի դեմ պատվաստվելու քարոզարշավի հետ: Մի շարք լրատվամիջոցներ, սոցցանցերի ակտիվ օգտատերեր կասկածի տակ են դնում պատվաստանյութերի արդյունավետությունը, չնայած ամբողջ աշխարհն այսօր արագ տեմպերով պատվաստվում է, որպեսզի ընդմիշտ հաղթահարի համավարակը:

«Առողջապահական թեմաներով «ֆեյք նյուզ»-երը հիրավի վտանգավոր են, առաջին հերթին՝ հենց բուժվողների կյանքի համար, քանզի այդ հրապարակումների ազդեցության տակ մարդիկ կարող են հրաժարվել պատվաստումից կամ ընդհանրապես բուժումից եւ զրկվել իրենց կյանքից: Այդ է պատճառը, որ մենք՝ լրագրողները, բլոգերները, փորձագետները պարտավոր ենք օգտագործել հաղորդակցության հնարավոր բոլոր խողովակները հանրությանը ճշմարտությունը հասցնելու համար»,- իրենց ամփոփիչ խոսքում ասում են հաղորդման հյուրերը:

Կարդացեք նաև ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ, ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԾՈՒՂԱԿՆԵՐ. ՄԻ ՔԱՆԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք լսել պոդկաստում:

https://www.youtube.com/watch?v=0FQK_EzHaho

Հեղինակ: Մերի Միքայելյան

Հոդվածը տպագրվել է հայերեն, ռուսերեն և անգլերեն ՝ Mediamax.am կայքում



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,