Էլեկտրոնային ստորագրություն. կարևոր քայլ դեպի թվային ապագա
22 Նոյեմբերի, 2021

Էլեկտրոնային ստորագրություն. կարևոր քայլ դեպի թվային ապագա


Պատկերացրեք, որ դուք ունեք փոքր բիզնես և ամեն շաբաթ ժամեր եք ծախսում փաստաթղթեր ստորագրելու վրա: Ավելի հեշտ չէ՞ր լինի, եթե իմանայիք, որ ցանկացած ժամանակ, աշխարհի ցանկացած կետից կարող եք այդ փաստաթղթերը ստորագրել էլեկտրոնային եղանակով՝ օգտագործելով էլեկտրոնային նույնականացման քարտ, որն այլ կողմերի կողմից հեշտությամբ կարող է ճանաչվել որպես իսկական:

21-րդ դարում, երբ առևտրից մինչև հանրային ծառայություններ թվայնացվել է ամեն ինչ, առցանց տարածության նկատմամբ վստահության հարցը խիստ կարևոր է։ Տեղեկատվության ո՞ր աղբյուրին կամ ո՞ր փաստաթղթերին կարելի է վստահել։ Ինչպե՞ս կարելի է այն ստուգել: Որակավորված էլեկտրոնային ստորագրությունը (eSignature) լուծում է, որն անհատներին հնարավորություն է տալիս հեռակա կարգով փաստաթղթեր ստորագրել: Էլեկտրոնային ստորագրությունը երաշխավորում է փաստաթղթի իսկությունը, կարող է վավերական լինել երկրի սահմաններից դուրս և օգնում է մարդկանց խնայել ժամանակ՝ միաժամանակ ամրապնդելով առցանց վստահությունն ու անվտանգությունը:

Եվրոպական միության «EU4Digital» ծրագիրն իրականացրել է անդրսահմանային էլեկտրոնային ստորագրության պիլոտային ծրագիր՝ այն սահմաններից դուրս վստահելի դարձնելու նպատակով: Այդ պիլոտային ծրագրի շրջանակներում փորձարկվել է անդրսահմանային էլեկտրոնային ստորագրության աշխատանքը Արևելյան գործընկերության ընտրված երկրների (Մոլդովա և Ուկրաինա) և ԵՄ անդամ երկրի (Էստոնիա) միջև՝ նպատակ ունենալով բարձրացնել անդրսահմանային փոխադարձ ճանաչման ուղղությամբ պատրաստության մակարդակը: Թեև տվյալ լուծումը փորձնական կիրառել է միայն երեք երկիր, էլեկտրոնային ստորագրությունը համարվում է միջազգային թվային տնտեսության կարևոր բաղկացուցիչ: Պիլոտային ծրագիրը հնարավորություն է տալիս պարարտ հող նախապատրաստել տվյալ լուծումն Արևելյան գործընկերության տարածաշրջանում ավելի լայնորեն կիրառելու համար, իսկ մյուս արևելյան գործընկեր երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին և Վրաստանին՝ դասեր քաղել և ապագայում բարձրացնել միմյանց և ԵՄ-ի հետ վստահության ծառայությունների փոխճանաչման ուղղությամբ իրենց պատրաստության մակարդակը։

Ի՞նչ է իրենից ներկայացնում էլեկտրոնային ստորագրության պիլոտային ծրագիրը

Որակավորված էլեկտրոնային ստորագրությունը և թվային վստահության այլ ծառայությունները հնարավորություն են տալիս հեշտությամբ ստորագրել և փոխանակել էլեկտրոնային փաստաթղթերը: Այս լուծումները միջազգային թվային տնտեսության հիմնարար բաղկացուցիչներն են: Ինքներդ ձեզ հարց տվեք. ո՞ր երկրները ներկայումս կարող են ճանաչել արևելյան գործընկեր երկրներում ստեղծված փաստաթղթերը: Արդյոք Արևելյան գործընկերության առանձին երկրների օրենսդրությունը համատեղելի՞ է եվրոպական կանոնակարգերի հետ:

Եվրոպական միությունում թվային վստահության ծառայությունները, ներառյալ էլեկտրոնային ստորագրությունը, կարգավորվում են eIDAS կանոնակարգով: Սույն կանոնակարգը միասնական շրջանակ է սահմանում ԵՄ 27 անդամ երկրներում էլեկտրոնային նույնականացման (eID) և էլեկտրոնային ստորագրությունների համար: Այդուհանդերձ, արևելյան գործընկեր երկրների, ինչպես նաև ԵՄ-ի տեխնոլոգիական, կազմակերպչական և օրենսդրական շրջանակները տարբերվում են: Այս տարբերությունները նշանակում են, որ թվային լուծումներն ամենայն հավանականությամբ չեն կարողանա անխափան կերպով փոխգործակցել սահմաններից դուրս, և այստեղ երևան է գալիս էլեկտրոնային ստորագրության պիլոտային ծրագիրը:

Էլեկտրոնային ստորագրության պիլոտային ծրագիրը գործարկվել է 2020 թվականի ապրիլին: Հիմնական գործողությունը անդրսահմանային էլեկտրոնային ստորագրության աշխատանքի փորձարկումն էր երեք երկրներում, որոնցից երկուսը ներկայացնում էին Արևելյան գործընկերությունը (Մոլդովա և Ուկրաինա), իսկ մեկը՝ ԵՄ-ն (Էստոնիա)։ Պիլոտային ծրագրում ներգրավված երկրները նախ պետք է համաձայնության գային ընդհանուր սկզբունքների և ձևաչափերի շուրջ, ներառյալ ժամանակի դրոշմումը, վավերացման մեխանիզմները և վկայագրի կարգավիճակի ստուգման բաղադրիչները: Առաջին հայացքից՝ ընդհանուր սկզբունքները կարող են պարզ թվալ, բայց գործնականում դրանց տեխնիկական իրագործումը պահանջում էր համալիր համակարգված գործողություններ բազմաշահառու միջավայրում, որպեսզի ապահովվեր էլեկտրոնային ստորագրության լուծման տեխնիկական գործառնությունն ու փոխգործելիությունը սահմաններից դուրս:

Ի՞նչ է փոխում էլեկտրոնային ստորագրության պիլոտային ծրագիրը

Պիլոտային գործողությունների ընթացքում պիլոտային երկրների թիմերը գործնական փորձ են ձեռք բերել անդրսահմանային փոխգործելի էլեկտրոնային ստորագրության ծառայության ստեղծման գործում: Դրանով նրանք քայլեր են ձեռնարկել հետագա զարգացման և թվային վստահության ծառայությունների անդրսահմանային փոխադարձ ճանաչմանը պատրաստության մակարդակի բարձրացման ուղղությամբ:

Վրաստանի թվային կառավարման գործակալության ղեկավարի տեղակալ Նիկոլոզ Գագնիձեն, ով EU4Digital-ի շրջանակներում համակարգում է արևելյան գործընկեր վեց երկրների վստահության և անվտանգության ցանցը, նշում է, որ պիլոտային ծրագիրը նպատակ ուներ ճանապարհ հարթել արևելյան գործընկեր երկրներում անդրսահմանային էլեկտրոնային ստորագրությունների վերաբերյալ տեխնիկական և օրենսդրական փոփոխությունների համար։ Հաջորդ կարևոր քայլերից մեկը կլինի արևելյան գործընկեր երկրների միջև, իսկ հետո նաև ԵՄ անդամ երկրների հետ փոխճանաչման համաձայնագրերի ստորագրումը։

Գագնիձեն արձանագրում է, որ թվային վստահության ծառայությունների ճանաչման առումով արևելյան գործընկեր երկրները ընդամենը մի քանի քայլ են հետ մնում եվրոպական չափանիշներից, ընդ որում՝ Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան այդ առումով առաջատար են։ «Մեր օրենսդրությունը համատեղելի է eIDAS կանոնակարգի հետ, սակայն կան այլ տեխնիկական և ընթացակարգային խնդիրներ, որոնք պետք է բարելավվեն՝ ԱլԳ երկրների և ԵՄ-ի միջև լիարժեք համատեղելիություն ապահովելու համար: Դրանից հետո մենք կկարողանանք փոխադարձաբար ճանաչել էլեկտրոնային ստորագրությունները [սահմաններից դուրս]», – ասում է նա:

Ծրագրի վերջնական նպատակն է բարձրացնել էլեկտրոնային ստորագրությունների անդրսահմանային փոխադարձ ճանաչման պատրաստության մակարդակը: Գիորգի Ջիջեիշվիլին, ով ղեկավարում է Վրաստանում թվային վստահության վկայականների տրամադրմամբ զբաղվող Հանրային ծառայությունների զարգացման գործակալությունը, բացատրում է. «Երբ դուք ստորագրեք նույնականացման քարտով, այն կճանաչվի ԵՄ երկրների կողմից և իրավական ուժ կստանա։ Սա շատ կարևոր քայլ կլինի (կարևորությամբ հավանաբար երկրորդը՝ միայն վիզային ռեժիմի ազատականացումից հետո), որը մեզ ավելի կմերձեցնի ԵՄ-ին: Առանց այս նախաձեռնության մենք մեծ դժվարությունների կհանդիպեինք [ԵՄ պահանջներին համապատասխան] էլեկտրոնային ստորագրություններ մշակելիս, քանի որ գործընթացը կախված է ոչ միայն քաղաքական կամքից, այլև տեխնիկական կողմերից: Պիլոտային ծրագիրը երկու ուղղությամբ էլ խրախուսող դեր է կատարում»։

Փոխադարձ ճանաչում

Այստեղ է, որ EU4Digital-ի կողմից պիլոտավորվող անդրսահմանային էլեկտրոնային ստորագրությունն այդքան կարևոր է. դրա լայնածավալ ներդրումը այն հիմնական գործոններից մեկն է, որոնք հնարավոր են դարձնում ԵՄ Արևելյան հարևանության վրա միասնական թվային շուկայի առավելությունների տարածումը։ Ելնելով պիլոտավորման փորձից՝ «EU4Digital» ծրագիրը գործնական առաջարկություններ է մշակել պիլոտային ծրագրի մասնակիցների համար՝ բարելավելու Արևելյան գործընկերության տարածաշրջանում էլեկտրոնային նույնականացման փոխադարձ ճանաչման պատրաստության մակարդակը՝ ԵՄ չափանիշներին համապատասխան:

«Էլեկտրոնային ստորագրության պիլոտային ծրագիրը փոքր քայլ է դեպի թվային ապագայի խոշոր փոփոխությունները՝ սահմաններից դուրս օրինականորեն ճանաչված վստահելի թվային ծառայություններով հանդերձ։ Ավելի լայն համատեքստում «EU4Digital» ծրագրի շրջանակում մենք աշխատում ենք անդրսահմանային էլեկտրոնային ծառայությունների փոխգործելիության շրջանակի սահմանման ուղղությամբ։ Շրջանակ, որը նախատեսված է փոխգործելի էլեկտրոնային ծառայությունների մշակմանն ու գործարկմանն ուղղված ներդաշնակ գործողություններին երանգ հաղորդելու համար՝ սահմաններից դուրս քաղաքացիների և բիզնեսի կյանքը լավարկելու նպատակով», – նշում է «EU4Digital» ծրագրի վստահության և անվտանգության թիմի ղեկավար Մարտինաս Դաուգիրդասը:

EU4Digital-ի միջոցով Եվրոպական միությունը հավակնոտ նպատակներ է դրել: Այս առնչությամբ «EU4Digital» ծրագրի վստահության և անվտանգության թիմի ղեկավար Մարտինաս Դաուգիրդասն ասում է. «Մենք փորձում ենք թափ հաղորդել թվային ապագային՝ հիմքում ունենալով թվային այն պարադիգմը, որ երկրում ու դրա սահմաններից դուրս ամեն ինչը բիզնեսների և քաղաքացիների համար մատուցվող ծառայություն է (թվային, փոխգործելի, հուսալի և, հետևաբար, անխափան): Ճանապարհ հարթելու գործընթացում իրատեսությունը պահպանելու համար մենք ներդրել ենք մի շարք անդրսահմանային պիլոտային գործողություններ՝ հայեցակարգերի նախնական հաստատումն ունենալու, բոլոր ներգրավվածներին սովորեցնելու, փորձ փոխանցելու և մոտիվացնելու համար»:

Թվային վստահության ծառայությունների ոլորտում «EU4Digital» ծրագրի պիլոտային գործողությունների նպատակն է ապացուցել, որ 21-րդ դարի ժամանակակից հասարակությունում կան գործընթացներ, գործիքներ և տեխնոլոգիաներ, որոնք կարող են թույլ տալ երկրներին ճանաչել միմյանց թվային վստահության ծառայությունները՝ այդպիսով խթանելով և զարգացնելով թվային տնտեսության հնարավորությունները նրանց միջև: «EU4Digital» ծրագրում մենք անհամբերությամբ ենք սպասում էլեկտրոնային ստորագրության պիլոտային ծրագրերի ընդլայնմանը արևելյան գործընկեր այլ երկրներում:

Թվային տնտեսության մեջ վստահությունն ու անվտանգությունը զարգացնելով՝ ԵՄ-ն պարզեցնում է էլեկտրոնային գործարքները, որոնք անհրաժեշտ են բիզնեսին և քաղաքացիներին, դրանք դարձնում է ավելի անվտանգ, արագ և էժան, ինչպես նաև աջակցում է ամենակարևոր թվային ենթակառուցվածքների դիմակայունությանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հեռահաղորդակցությունը, էներգետիկան, տրանսպորտը և բանկային գործունեությունը: Սա հանգեցնում է ավելի ուժեղ, ավելի դինամիկ տնտեսության և սպառողների վստահության բարձրացմանը:

Իմացեք ավելին անդրսահմանային էլեկտրոնային ստորագրության պիլոտային ծրագրերի և «EU4Digital» նախաձեռնության մասին։



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,