Դու կարող ես անել դա. «ԵՄ-ն երիտասարդների համար» ծրագրի շրջանավարտները կիսվում են իրենց խանդավառությամբ և փորձով անապահով համայնքներում
12 Հուլիսի, 2021

Դու կարող ես անել դա. «ԵՄ-ն երիտասարդների համար» ծրագրի շրջանավարտները կիսվում են իրենց խանդավառությամբ և փորձով անապահով համայնքներում


Ռազմիկ Մնացականյանն ունի իր համայնքն ավելի ինքնավստահ դարձնելու տեսլական: «Ես պարզապես ուզում եմ, որ բոլորը զգան` «իրենք կարող են անել դա» և որ յուրաքանչյուր իրավիճակ ունի լուծում: Ամեն ինչ կախված է մեզանից, քանի որ մենք ենք մեր ապագայի կերտողները», ասում է նա:

Արագածոտնի մարզի Օշական գյուղից 24-ամյա երիտասարդը, անշուշտ, ինքնավստահության պակաս չունի: Ռազմիկը, ով «Միավորող կամուրջ» ՀԿ-ի հիմնադիրն ու նախագահն է, ինչպես նաև պրակտիկա է անցնում ՀՀ ազգային ժողովում ու սովորում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում, ներգրավված է նաև երիտասարդական գործունեության լայն շրջանակներում, այդ թվում` որպես երիտասարդ եվրոպական դեսպան:

Այժմ նա «ԵՄ-ն երիտասարդների համար» ծրագրի  շրջանավարտների ցանցի աջակցությամբ գործի է դնում իր այդ փորձը՝ օգնելով հարազատ գյուղի երիտասարդներին օգտվել այն նույն հնարավորություններից, որոնցից նա այդքան շատ օգուտներ է քաղել: «Մեզ համար անչափ կարևոր է նոր հնարավորություններ տրամադրել նրանց և օգնել մասնակցել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային տարբեր նախագծերի»,- բացատրում է նա:

«ԵՄն երիտասարդների համար» ծրագրի շրջանավարտների ցանցը միավորում է ԵՄ երիտասարդական ծրագրերի շահառուներին՝ նպատակ ունենալով նրանց խանդավառությունն ու փորձն օգտագործել հայրենիքում անապահով երիտասարդներին աջակցելու գործում: Ցանցը շրջանավարտներին ապահովում է երիտասարդական աշխատանքի վերաբերյալ ուսուցմամբ և արհեստավարժ երիտասարդական աշխատողների կողմից մենթորությամբ: Դրանից հետո շրջանավարտները ստանում են իրենց համապատասխան համայնքներում բնակվող անապահով երիտասարդների խմբերի համար տեղական նախաձեռնություն մշակելու առաջարկություն՝ այլ շրջանավարտների կամ տեղական ակտիվիստների հետ համագործակցությամբ: Շրջանավարտներն իրենց նախաձեռնության իրականացման համար կարող են ստանալ նաև փոքր դրամաշնորհի տեսքով ֆինանսավորում, ինչպես նաև կազմակերպչական և մենթորական աջակցություն:

Ռազմիկն իր սեփական նախաձեռնությամբ վերադարձավ հայրենի Օշական՝ աշխատելով սակավ հնարավորություններ ունեցող 13-18 տարեկան պատանիների ու երիտասարդների հետ: «Դա ինձ համար մեծ պատասխանատվություն է, քանի որ, լինելով երիտասարդական աշխատող և տվյալ համայնքի բնակիչ, պետք է գործադրես բոլոր ջանքերը՝ հաջողության հասնելու համար, պետք է անես ամեն ինչ՝ համայնքը դեպի լավը փոխելու, իսկ համայնքաբնակ երիտասարդներին՝ ավելի ակտիվ դարձնելու և տարբեր նախագծերում ներգրավելու համար»:

Նա սկսեց աշխատանքը Վրաստանի Ռուսթավի քաղաքում կայացած մեկնարկային դասընթացից անմիջապես հետո: Սկզբում նրա թիմը մի շարք դասընթացներ և գործողություններ կազմակերպեց թիրախային խմբի համար՝ կախված նրանց կարիքներից ու հետաքրքրություններից: «Մենք համայնքում կազմակերպեցինք շրջակա միջավայրի մաքրման օր և մաքրեցինք Օշականի մշակույթի պալատի այգին: Մենք նաև հյուրեր ունեցանք, ովքեր տարբեր թեմաներով դասընթացներ անցկացրին մեր երիտասարդների համար»:

Նրանք նաև երիտասարդական ձեռներեցության նախագիծ իրականացրին՝ եռօրյա ճամբար, որն ուներ ավելի քան 50 մասնակից ՀՀ բոլոր մարզերից, այդ թվում՝ Օշականի թիրախային խումբը: Նախագծի շնորհիվ նրանք ծանոթացան ձեռներեցության հիմունքներին, ինչպես նաև հնարավորություն ունեցան հանդիպելու սոցիալական ձեռնարկություններ հիմնած երիտասարդների:

Եվ, ինչպես Ռազմիկն է հպարտությամբ ամփոփում, նախագիծը շուտով սկսեց պտուղներ տալ. «Այս ժամանակահատվածում մեր մենթիներից հինգը մասնակցեցին ՄԱԶԾ Հայաստանի կազմակերպած «Երիտասարդ առաջնորդների դպրոցին», երկուսը՝ «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի կազմակերպած «Մարդամեջ» սոցիալ – նորարարական ճամբարին, մեկը՝ «Եվրոպական դպրոցական ամառային ճամբարին», երկուսն էլ մասնակցեցին խոշորագույն եվրոպական միջոցառումներից մեկին` Եվրոպայում համերաշխության գործողության օրվա շարժման (SAME) կազմակերպած «Act.ival for future 2021» փառատոնին:

Նախագիծը մեկնարկեց 24 մասնակիցներով, և թվում էր, թե ամեն ինչ լավ է ընթանում. «Կարծում էինք, թե ամեն ինչ հեշտ է լինելու. մենք աշխատելու ենք երիտասարդների հետ ու հասնելու ենք մեր նպատակներին: Բայց վերջին մեկ տարվա ընթացքում բոլորս բախվել ենք բազմաթիվ աղետների, որոնք լուրջ մարտահրավեր էին մեզ համար»,- հիշում է Ռազմիկը:

Սկզբում դա COVID-19-ն էր, և դրա հետևանքով առաջացավ գործունեությունն առցանց տիրույթ տեղափոխելու անհրաժեշտությունը. «Դրա համար մենք ստիպված էինք ինտերնետային կապ ունենալ, բայց կային երիտասարդներ, որոնք չունեին այդ հնարավորությունը: Եվ ես խնդրեցի Մշակույթի պալատի տնօրենին, որպեսզի նա թույլ տա նրանց հաճախել պալատ ու օգտվել տեղի Wi-Fi-ից»: Ռազմիկը նաև ահռելի մեծ ծավալի հետազոտություններ է կատարել առցանց հանդիպումներն ավելի ներառական և արդյունավետ դարձնելու վերաբերյալ:

Մյուս մարտահրավերը պատերազմն էր. «Պատերազմից հետո բոլորին հավաքելը մեծ խնդիր էր, քանի որ մասնակիցների շրջանում առկա էր դեմոտիվացիա»:

Ճամբարի մասնակիցները

Ռազմիկը ստիպված էր «խորը փորել» իր ծրագրի մենթոր Աննայի աջակցությամբ («Առանց նրա ես գլուխ չէի հանի»), իսկ այնուհետև՝ շրջանավարտների ցանցի երկրորդ անդամի՝ Քրիստինեի կարողությունների զարգացմամբ: Վերջինս նախագծին միացավ պատերազմից հետո:

«Իհարկե, ես թույլ եմ տվել սխալներ, բայց, միևնույն ժամանակ, շատ լավ արձագանքներ եմ ստացել իմ մենթորից և շրջանավարտների ցանցում իմ ընկերներից: Նրանցից շատ բան սովորեցի, ինչը, անշուշտ, կօգնի ինձ իմ հետագա ծրագրերի ընթացքում»:

Այժմ Ռազմիկն ու Քրիստինեն աշխատում են խմբի համար նոր գործողություններ մշակելու ուղղությամբ: «Մենք նախատեսում ենք տարբեր դասընթացներ, մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ հանդիպումներ, շախմատի և ֆուտբոլի մրցումներ և ոչ միայն: Ուստի խաչեք ձեր մատները և հետևեք հետագա զարգացումներին»:

Ու թեև երիտասարդներից մի քանիսն անցել են իրենց ավարտական քննություններին նախապատրաստվելուն, Ռազմիկն իր գործողությունների ազդեցության վերաբերյալ լավատեսական գնահատականներ է հնչեցնում. «Օշականցիները սկսել են լսել մեր երիտասարդների հաջողությունների մասին, ինչը նրանց ավելի ակտիվ և մոտիվացված է դարձնում՝ մեր գործողություններում ներգրավվելու առումով»:

«Դու իսկապես կարող ես անել դա»,- կրկնում է Ռազմիկը: «Իմ՝ որպես երիտասարդական աշխատողի տեսլականը մեր հասարակությունն ավելի ինքնավստահ և ինքնուս դարձնելն է»: Ռազմիկը և «ԵՄ-ն երիտասարդների համար» ծրագրի շրջանավարտների ցանցն  Օշականում հենց դա են անում:



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,