«Չհուսահատվել, պայքարել մինչև վերջ, հավատալ սեփական ուժերին»,- Անի Արմենակյանը համատեղում է աշխատանքն ու հաշմանադմություն ունեցող երեխայի խնամքը
7 Հունիսի, 2021

«Չհուսահատվել, պայքարել մինչև վերջ, հավատալ սեփական ուժերին»,- Անի Արմենակյանը համատեղում է աշխատանքն ու հաշմանադմություն ունեցող երեխայի խնամքը


Անի Արմենակյանը բնակվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ ընտանիքի հետ, ունի երկու մանկահասակ երեխա, որից կրտսերն ի ծնե հաշմանդամություն ունի։ Նա տնային պայմաններում վարսահարդարի ու մատնահարդարի ծառայություններ է մատուցում՝ աշխատանքը համատեղելով երեխայի խնամքի հետ։

«Հայաստանում դժվար է և հաշմանդամություն ունեցող երեխա խնամել, և զուգահեռ աշխատել։ Որպես կանոն՝ այդ կարգավիճակում գտնվող կանայք դժվարությամբ են մշտական աշխատանք գտնում»,- ասում է Անին։

Հայաստանի հատկապես հեռավոր մարզերում որպես կանոն ընդունված չէր, որ կանայք աշխատեին, կանանց տեղը խոհանոցում ու երեխաների կողքին էր։ Բայց հիմա այս կարծրատիպը կարծես կոտրվում է։ Հատկապես համավարակով պայմանավորված՝ ավանդույթները փոխվում են, կանայք աշխատանք են փնտրում։

«Մասնագիտություն՝ հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի hամար» ծրագիրը, որն իրականացվում է Լոռու մարզի «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության կողմից, Լոռու մարզում կոտրել է այն կարծրատիպը, որ մարզում բնակվող հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերը անտեսված են և բացի երեխաների խնամքից այլ հնարավորություն չունեն։

Ծրագրի շրջանակներում հմտություններ են ստացել Լոռու մարզում հաշմանդամություն ունեցող 20 երեխաների մայրեր՝ անցնելով վարսահարդարման ու մատնահարդարման դասընթացներ։ Դասընթացի տևողությունը 4 ամիս է եղել, ուսուցումն անցել են լավագույն մասնագետների մոտ, ստացել աշխատանքային գործիքներ ու պարագաներ։

Մատնահարդարումը Անի Արմենակյանի երկրորդ մասնագիտությունն է, նախքան համավարակը նա վարսահարդարի աշխատանք էր կատարում։

«Շատ մեծ հնարավորություն է տվել մեզ այս ուսուցումը։ Մենք շատ ծանր շրջան ենք ապրում նաև covid-ի համավարակի պատճառով, իսկ այս հմտության շնորհիվ կարողանում եմ առաջ նայել, ֆինանսապես օգնել իմ ընտանիքին, ամուսնուս, որը մասնագիտությամբ զինծառայող է։ Ես կցանկանայի աշխատել գեղեցկության սրահում, բայց քանի որ այս պահին երեխայիս խնամող չունեմ, դայակի համար ֆինանսական միջոցներ չեմ կարող նախատեսել, աշխատում եմ տանը»,- ասում է Անին։

  • Ani with her child
  • Ani’s youngest daughter
  • Ani Armenakyan
  • Ani with her youngest daughter

Ըստ նրա՝ մարզերում կանայք կարիք ունեն նման դասընթացների ու սեփական հմտությունները զարգացնելու։ «Մեր մարզում կյանքը ցույց է տալիս, որ կանայք պետք է աշխատեն ու օգնեն իրենց ամուսիններին։ Այսօրինակ դասընթացներն ու ծրագրերը պահանջված են մարզերի կանանց շրջանում»,- հավելում է նա։

Ներկայում Անին հաճախորդներ ունի տանը։ Իսկ եթե տարվա ընթացքում որոշ շրջան երեխան վերականգնողական բուժում է ստանում համապատասխան բուժհիմնարկում, Անին հնարավորություն է ունենում մատնահարդարման սարքավորումներն ու պարագաները վերցնել իր հետ և հնարավորության դեպքում աշխատել։

«Մասնագիտություն՝ հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի hամար» ծրագրի նպատակն է սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական աջակցություն ցուցաբերել մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերին՝ տրամադրելով նրանց մասնագիտական դասընթացների մասնակցության հնարավորություն։

Ծրագրի շրջանակներում շահառուներին նաև տրամադրվել են անհրաժեշտ տեխնիկական ռեսուրսներ և սարքավորումներ, որպեսզի նրանք մասնագիտացված դասընթացն ավարտելուց հետո անմիջապես սկսեն աշխատել:

Ծրագրի շրջանակներում կանայք ձեռք են բերել նաև SMM հմտություններ՝ փորձելով իրենց ծառայությունները վաճառել սեփական հմտություններով։

«Հայ Մայրեր» ՀԿ ներկայացուցիչ, ծրագրի ղեկավար Սահականուշ Պողոսյանը նշում է, որ ծրագրում ներառվել են սոցիալապես խոցելի ընտանիքների կանայք։ Առաջին նախապայմանն այն է, որ շահառուները հաշմանդամություն ունեցող երեխաներ պետք է ունենան։

Ծրագրի 20 շահառու կանացից 12-ն անցել են  մատանահարդարման, 8-ը՝ վարսահարդարման դասընթացներ։

  • Professional manicure is Ani’s second specialisation
  • Ani making manicure to one of her clients
  • Ani during the manicure procedure
  • Ani with one of her regular clients

«Սա կանանց համար հնարավորություն է՝ լինել ֆինանսապես անկախ և ավելի ինքնավստահ, կատարելագործել սեփական հմտությունները, միաժամանակ աստիճանաբար հաղթահարելով խոցելիությունն ու ընկճվածությունը։ Դասընթացներին մասնակցած կանայք իրենց տանը փոքրիկ աշխատանքային անկյուն են ստեղծել ու աշխատում են»,- ասում է Սահականուշ Պողոսյանը։

«Երբ ծրագիրը մարզում նոր էինք մեկնարկել, բավական դժվար էր մասնակիցներ հավաքագրել, քանի որ շատերը թերահավատորեն էին մոտենում թե՛ ծրագրի արդյունավետությանը, թե՛ իրենց հնարավորություններին ու կարողություններին։ Այսօր արդեն, երբ 20 շահառուներն ավարտեցին դասընթաց ու դուրս եկան աշխատաշուկա, մենք շատ-շատ զանգեր ենք ստանում կանացից, ովքեր ուզում են մասնակցել դասընթացներին։ Այսինքն՝ ծրագրի մեկնարկից 7 ամիս անց մենք ունենք հերթագրված բազմաթիվ մայրեր, ովքեր վճռականորեն ցանկանում են իրենք էլ մասնակցել ծրագրին ու փոխել իրենց կյանքի որակը։ Այս պահին ծրագիրը չի շարունակվում, բայց ես կարծում եմ, որ նման ծրագրերի շարունակակությունն ապահովելը շատ կարևոր է»,- ասում է Սահականուշ Պողոսյանը։

Ինչո՞ւ է կարևոր ծրագրի իրականցումը կորոնավիրուսի համավարակի շրջանում

«Հաշմանդամություն ունեցող երեխաների հայրերը մեր մարզում հիմնականում աշխատում են օրավարձով՝ շինարարության, հանրային սպասարկման և այլ ոլորտներում։ Եվ կորոնավիրուսի համավարակի շրջանում փակվեցին աշխատատեղեր, մարդիկ կորցրեցին աշխատանք, ծայրահեղ խնդիրներ առաջացան։ Իսկ հաշմանդամություն ունեցող երեխաներով ընտանիքների կարիքները հրատապ են, նրանց սոցիալական խնդիրները սրվեցին։ Մեր ծրագրի նպատակն էր կանանց կարողությունների հզորացումը, որպեսզի covid-ի համավարակի շրջանում կարողանան գումար վաստակել ու օգնել իրենց ընտանիքներին։ Երբ կինն աշխատում է, ինքնագնահատականը բարձրանում է, ընտանիքի բարոյահոգեբանական մթնոլորտն էլ փոխվում»,- հավելում է Սահականուշ Պողոսյանը։

Անի Արմենակյանի խոսքով՝ համավարակի շրջանում իրեն պետք էր աշխատանքը, որը կկարողանար տանը կատարել՝ չկտրվելով երեխայի խնամքից։ Նա նաև համավարակից առաջ էր աշխատում, բայց համավարակի պատճառով հաճախորդները նվազել էին։ «Հիմա կանայք նորից սկսել են հետևել իրենց արտաքինին՝ խնամելով մազերն ու եղունգները, և հաճախորդներն ավելանում են»,- ասում է նա։

Լոռու մարզում այս ծրագիրը շարունակելու պահանջարկ կա

Լոռու մարզում հաշմանդամություն ունեցող անձանց թիվը 16 386 է։ Այդ թվում՝ 689 երեխա կա, նրանցից 150-ն ունեն մանկական ուղեղային կաթված ախտորոշում։

Լոռու մարզպետարանը բարձր է գնահատել այս ծրագրի իրականացումը և գրությամբ տեղեկացրել է «Հայ Մայրեր» ՀԿ-ին, որ միջոցներ են ձեռնարկում՝ ծրագրի շարունակականությունն ապահովելու համար։ Այդ նպատակով կողմերի միջև առաջիկայում փոխհամագործակցության հուշագիր կկնքվի։

«Հիմա արդեն, երբ ծրագիրն ավարտական փուլում է, մարզպետարանաից ինձ անընդհատ ասում են՝ այս ի՞նչ ծրագիր եք արել, որ շահառուներից շատ դիմումներ են ստացվում։ Այսինքն՝ նաև մարզպետարանը մեծ թվով դիմումներ է ստանում, որպեսզի ծրագիրը շարունակվի»,- նշեց Սահականուշ Պողոսյանը։

«Չհուսահատվել, պայքարել մինչև վերջ, հավատալ սեփական ուժերին, և ամեն ինչ լավ է լինելու»,- հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներին խորհուրդ է տալիս ծրագրի շահառու Անի Արմենակյանը։

  • Ani’s daughter at the rehabilitation centre
  • At the rehabilitation centre in Yerevan
  • Ani with her daugther
  • Special treatments at the rehabilitation centre

«Մասնագիտություն՝ հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի hամար»  ծրագիրն իրականացվում է Եվրամիության ֆինանսավորմամբ՝ «ԵՄ COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը Հայաստանում իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության կողմից՝ Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի ու AFEW Inernational-ի հետ համագործակցությամբ։

«ԵՄ COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագրի նպատակն է նվազեցնել COVID-19-ի բացասական հետևանքներն Արևելյան Եվրոպայի երկրների խոցելի խմբերի շրջանում և իրականացնել համապատասխան միջոցառումների շարք։

Հեղինակ՝ Ռոզա Հովհաննիսյան

Հոդվածը տպագրվել է հայերենռուսերեն և անգլերեն ՝ Lragir.am կայքում



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,