Ճամփորդությունը պետք է հասանելի լինի բոլորին․ ինչպես են Հայաստանում զարգացնում ներառական տուրիզմը

Ճամփորդությունը պետք է հասանելի լինի բոլորին․ ինչպես են Հայաստանում զարգացնում ներառական տուրիզմը

21 Սեպտեմբերի, 2021

«ԱրիՏես» տուրիստական գործակալությունն իր առջև նպատակ է դրել Հայաստանում տուրիզմը հասանելի ու գրավիչ դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Նրանց կարգախոսն է՝ «Հասանելի տուրիզմ Հայաստանում»։

Չնայած Հայաստանն ունի մշակութային և պատմական մեծ ժառանգություն, սակայն այսօր երկրի զբոսաշրջային վայրերից շատերը հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց։ Դա վերաբերում է նաև ռեստորանների, սրճարանների, հյուրանոցների ենթակառուցվածքներին։

«Եվրոպական միության «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում  Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում մենք իրականացնում ենք նախագիծ, որի նպատակն է Հայաստանը մատչելի դարձնել հենաշարժողական խնդիրներ ունեցող զբոսաշրջիկների համար։ Ծրագրի շրջանակներում դրամաշնորհ է հատկացվում Հայաստանի երեք մարզերում՝  Տավուշում, Շիրակում և Լոռիում նախագծեր իրականացնելու համար»,- ասում է «ԱրիՏես» տուրիստական գործակալության տնօրեն Սոնա Գաբրիելյանը։

Նա նշում է, որ դեռևս 2019 թվականին են դիմել այս ծրագրին մասնակցելու համար, երբ արձանագրեցին, որ Հայաստանում ընդհանրապես չկային հաշմանդամություն ունեցող զբոսաշրջիկների համար մատչելի ծառայություններ։ «Մեքենաներ չկային, ինֆորմացիա չկար, թե որ հյուրանոցներն ու ռեստորանները հնարավորություն ունեն նման խնդիրներով անձանց սպասարկել։ Մենք այս ծրագրով սարքավորումներ, մասնավորապես, մեքենայի վերելակը գնեցինք, որպեսզի կարողանանք հաշմանդամություն ունեցող զբոսաշրջիկներին օդանավակայանից դիմավորել ու նրանց շրջագայությունը երկրի տարածքում ապահովել»,- ասում է Սոնա Գաբրիելյանը։

Որպեսզի ճանփորդությունը դառնա հարմարավետ, ծրագրով նաև իրականացնում են ճանապարհորդության և զբոսաշրջության ենթակառուցվածքային համակարգի քարտեզագրում, որը ներառում է զբոսաշրջային այն կանգառները, որոնք հասանելի են սահմանափակ հնարավորություններ ունեցող զբոսաշրջիկներին։

«Այդ մարզերի վերաբերյալ ինֆորմացիան քարտեզագրվում ու տեղադրվում է մեր կայքում (https://arites.am/)։ Կայքը գործում էր, մենք հատուկ բաժին ստեղծեցինք, այնտեղ անհրաժեշտ տեղեկատվությունը ներառեցինք»,- ասաց նա։

COVID-ի համավարակի պատճառով, ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս տուրիզմի ոլորտում անկում է գրանցվել։ Ծրագրի իրականացումը դանդաղել էր։ «Մենք հիմա արդեն պետք է սկսենք այս ծրագիրն ակտիվ կյանքի կոչել։ Դրա պահանջարկը կա, քանի որ նմանօրինակ խնդիրներ ունեցող զբոսաշրջիկներից հայտեր ստացվել են, բայց քանի որ հնարավորություն չի եղել, չենք կարողացել սպասարկել նրանց։ Բացի արտերկրի զբոսաշրջիկներից, ծառայություններից օգտվում են նաև տեղացի զբոսաշրջիկները։ Երբ մենք գնում ենք մարզերի հյուրանոցներ, ռեստորաններ ու ասում, թե ինչ նպատակով ենք եկել, մարդիկ պատրաստ են ներդրումներ անել, որպեսզի պայմաններ ստեղծեն հաշմանդամություն ունեցող անձանց համար»,- ասում է նա։

Ազգությամբ հայ Ռոբերտ Թորոսյանը, ով մշտական բնակություն է հաստատել Ռուսաստանում, յուրաքնաչյուր տարի այցելում է Հայաստան՝ բուժական ծառայություններ ստանալու ու զբոսաշրջության նպատակով։ Ռոբերտն ունի հենաշարժողական համակարգի խնդիրներ, տեղաշարժվում է սայլակով։ «Սիրում եմ ճամփորդել, բայց ճամփորդությունը պետք է հարմարավետ լինի։ Հայաստանում հաճելի է ճամփորդել, բայց շրջակա միջավայրը բարենպաստ չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Սակայն կան հաճելի մարդիկ, ովքեր չեն սպասում, որ օգնություն հայցես, միանգամից օգնում են։ Շրջակա միջավայրի անբարենպաստ լինելու հետևանքով ինձ համար շատ դժվար է միայնակ տեղաշարժվել Երևանում»,- ասում է նա՝ հավելելով, որ կուզեր Հայաստանում շատ տեսնել ներառական սրճարաններ, թանգարաններ։

Ռոբերտ Թորոսյանն ասում է, որ «ԱրիՏես» տուրիստական գործակալության հատուկ կահավորված մեքենան իրեն հնարավորություն տվեց հարմարավետ ճամփորդել։ «Իմ կարգավիճակն այնպիսին է, որ միայնակ չեմ կարողանում բարձրանալ մեքենա, հատուկ վերալակը շատ հարմարավետ է։ Այս ծառայության դերը ես կարևորում եմ, քանի որ տուրիզմի այս ճյուղը ևս պետք է զարգացնել»- նշում է նա։

Ըստ «ԱրիՏես» թիմի կողմից իրականացված հետազոտության՝ 2020 թվականի սեպտեմբերի սկզբին զբոսաշրջիկների 23,7% -ը Հայաստան են եկել Ռուսաստանի Դաշնությունից։ Հաջորդ մեծ շուկան ԵՄ երկրներն են՝ ընդհանուր 25.2%։ Հայաստանը գրավիչ երկիր է Գերմանիայից և Ֆրանսիայից ճանապարհորդների համար։ Երրորդ ամենամեծ շուկան Իրանն է, չորրորդը՝ ԱՄՆ-ն։ Ըստ հետազոտության՝ այս երկրներից միասին վերցված անվասայլակով տեղաշարժվողների թիվը մոտ 9 միլիոն է, նրանց 70% -ն ունեն ֆինանսական և ֆիզիկական հնարավորություններ՝ ճանապարհորդելու համար։

«ԱրիՏես» տուրիստական գործակալության հիմնադիր Տիգրան Մարտիրոսյանը շեշտում է այս ծրագրի կարևորությունը՝ նշելով, որ ամբողջ աշխարհում անվասայլակներով տեղաշարժվող անձինք փորձում են ակտիվ կյանքով ապրել, ճամփորդել։ «Ցավոք սրտի, մեր երկրում այդ հարցին այնքան էլ մեծ ուշադրություն չէին դարձրել։ Երկրաշարժից հետո Գյումրի քաղաքում են մատչելիության առումով որոշ քայլեր արվել, բայց Երևանն ու մյուս բնակավայրերը հաշմանդամություն ունեցող զբոսաշրջիկների համար հարմարավետ չեն։ Հենց մայրաքաղաք Երևանում հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժի համար հարմարեցված են հիմնականում խոշոր հյուրանոցներն ու սպասարկման կենտրոնները»,- նշում է Տիգրան Մարտիրոսյանը։

Զբոսաշրջիկ Արման Ամոյանը ևս Ռուսաստանից է ժամանել Հայաստան, ասում է՝ սիրում է ճամփորդել։ «Այստեղ սիրում են, գնահատում են զբոսաշրջիկին, բայց ամենուր տեղաշարաժվելու հնարավորությունները բացակայում են։ Կարող եմ ասել, որ սովորական ճանապարհ անցնելը հաշմանդամություն ունեցող անձի համար խնդիր է դառնում»,- մեզ հետ զրույցում ասում է Արման Ամոյանը։ Նա «ԱրիՏես»-ի միջոցով ճամփորդել է պատմամշակութային վայրերում՝ «Զվարթնոց» ամրոց, Էջմիածին, եղել է Երևանի տեսարժան վայրերում։ Արձանագրել է՝ որոշ վայրերում տեղաշարժվելը հարմար չէր։ «Երևանի միայն կենտրոնական հատվածի որոշ սրճարաններում կան սայլակի համար աստիճաններ, բայց սովորաբար թեքահարթակները հարմարավետ չեն։ Օրինակ՝ Էջմիածնում հայտնի թանգարաններից մեկը մեզ անհասանելի էր՝ թեքահարթակների բացակայության պատճառով»,- նշում է Արման Ամոյանը։

Նախագծի հեղինակները կարևոր են դրա շարունակականության ապահովումը՝ նշելով, որ Եվրամիության ֆինանսավորումը նոր հնարավորություններ է ստեղծել Հայաստանում այս ոլորտի զարգացման համար։

«ԵՄ-ն բիզնեսի համար»  նախագծի «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը համաֆինանսավորում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (GIZ) կողմից։ Ծրագիրը մեկնարկել է 2019 թ. նոյեմբերին և կշարունակվի մինչև 2023թ. ապրիլը: Ծրագիրը մաս է կազմում Եվրոպական միության նախաձեռնության:

Հեղինակ՝ Ռոզա Հովհաննիսյան

Հոդվածը տպագրվել է հայերենռուսերեն և անգլերեն ՝ Lragir.am կայքում



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,