Արմինե Աբրահամյան. Գիտության զարգացման համար այն պետք է ծառայեցնել տնտեսությանը
8 Մարտի, 2019

Արմինե Աբրահամյան. Գիտության զարգացման համար այն պետք է ծառայեցնել տնտեսությանը


Մասնագիտությամբ ագրոնոմ, բնապահպան, կենսաբանական գիտությունների դոկտոր Արմինե Աբրահամյանը, ով ղեկավարում է Ագրարային համալսարանի նորաստեղծ Միջազգային գիտական ծրագրերի համակարգման բաժինը, փորձում է միջազգային գիտական ծրագրերի ներդրմամբ բարձրացնել համալսարանի գիտական կենտրոնների կարողությունները՝ ագրոպարենային էկոհամակարգում նորորարական զարգացող ուղղություններին համապատասխան։

Որպեսզի Հայաստանում գիտությունը զարգանա, այն պետք է ծառայեցնել տնտեսությանը, սերտ կապ ստեղծել գիտության ու տնտեսության միջև, ասում է Արմինե Աբրահամյանը:

Սովորելով Ագրարային համալսարանում, այնուհետև կրթությունը շարունակելով արտերկրում, Արմինեն աշխատել է Լատվիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի հետազոտական կենտրոններում՝ որպես հետազոտող, համակարգել է տարաբնույթ ծրագրեր, այդ թվում՝ ինովացիոն նախագծեր: Նա այն երիտասարդ մասնագետներից է, ով որոշել է վերադառնալ Հայաստան ու իր գիտելիքները ծառայեցնել Հայաստանի գիտության զարգացմանը:

2017 թվականը կարևոր դերակատարություն ունեցավ Արմինե Աբրահամյանի համար: Մասնակցելով Հորիզոն 2020 ծրագրին՝ նա նոր գաղափարներ իրագործելու հնարավորություն ստացավ:

Հորիզոն 2020-ին հաջողված նախագծեր ներկայացնելու համար կարևորվում են Եվրոպական երկրներից գործընկերներ գտնելու և համագործակցության հիմքեր ստեղծելու հնարավորությունները։ 

«Հորիզոն 2020 ծրագրում նախագծեր ներկայացնելու և համագործակցության կապեր ստեղծելու “Business to Business” (B2B) հանդիպումներին մասնակցելու հնարավորություն ստացա 2017թ- ին EAP+ (Eastern Partnership Plus) դրամաշնորհային ծրագրին դիմելով»,- ասում է Արմինեն:

«Ես նաև մասնակցեցի Իսպանիայի՝ Լյեիդա քաղաքում կայացած միջազգային Plant Intercluster Meeting -ին։ Այն, բույսերի արտադրության և գյուղատնտեսության բնագավառում կարևորագույն միջոցառում է, որը կազմակերպվում է Եվրոպայում յուրաքանչյուր տարի: Միջոցառումը նպատակ է հետապնդում բույսերի գիտության, գյուղատնտեսության բնագավառում նպաստել գիտելիքի զարգացման, փորձի փոխանակման՝ կազմակերպված հանդիպումների միջոցով որոնք տեղի են ունենում ոչ միայն Եվրոպական տարբեր գիտական կենտրոնների, համալսարանների ներկայացուցիչների, այլ նաև բիզնես ոլորտից մասնակիցների միջև, ինչը շատ կարևոր էր»,- հավելեց նա:

  • Armine Abramyan (Photo by Nazik Armenakyan)
  • Armine Abramyan (Photo by Nazik Armenakyan)
  • Armine Abramyan (Photo by Nazik Armenakyan)

Իսպանիայում Արմինեն ներկայացրել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը և առաջիկա հնարավոր ծրագրերը, որոնք ուզում է իրագործել Հորիզոն 2020 ծրագրի շրջանակներում: «Ուրախությամբ կարող եմ նշել,  որ թե առանձին հանդիպումների, և թե հաջող ելույթիս շնորհիվ կարողացա 10-ից ավելի նոր գործընկերներ ձեռք բերել՝ Դանիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Շվեդիայից, Գերմանիայից, Իտալիայից»,- նշում է Արմինե Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ ձևավորված նոր գործընկերության արդյունքում՝ Իսպանիայից IRTA-ի (Ագրոպարենային հետազոտական և տեխնոլոգիական ինստիտուտ) հետ համատեղ ներկայացվեցին հինգ ավանդական մշակաբույսերի համար մշակության նորարարական նախագծեր:

Արմինե Աբրահամյանի խոսքով՝ Հորիզոն 2020-ի շրջանակում իրականացվող ծրագրերն իրականում ունեն հատուկ հետազոտական ու ինովացիոն տարրեր, այսինքն՝ հետազոտական գաղափարից պետք է գնալ մինչև նորարարություն: «Կոնկրետ իմ հետազոտությունների նպատական է ստեղծել ագրո-էկոսիստեմի նոր ծառայություններ՝ նպաստելով բնական ռեսուրսների և կենսաբազմազանության արդյունավետ և կայուն օգտագործամանը: Ես կարծում եմ՝ գյուղատնտեսությանը պետք է նայել ստեղծարար մոտեցմամաբ, բնական համակեցությունների ներդրման միջոցով բարձրացնել ֆերմերային տնտեսության արդյունավետությունը, կիրառելով շրջանային տնտեսություն և ստեղծելով նոր արժեշղթաներ»,- ասում է նա:
Արմինե Աբրահամյանի խոսքով՝ Eastern Partnership Plus-ի դրամաշնորհային ծրագրին և Հորիզոն 2020 ծրագրին մասնակցելը մեծ հաջողություններ բերեց իրեն: «Ես այս ծրագրի շրջանակներում Գերմանիայի ինովացիոն կառավարման ակադեմիայի կողմից հրավեր ստացա մասնակցելու իրականացվող թրեյնիգներին, և հաջող քննությունները հանձնելուց հետո 2018 մայիսի 8-ին ագրոպարենային համակարգում ինովացիոն ծրագրերի միջազգային փորձագետի որակավորում ստացա:  Երբ Ագրարային համալսարանի նորաստեղծ բաժնի ղեկավարումը վստահվեց ինձ, այն մեծ պատվով ընդունեցի նպատակ ունենալով դրսում ստացած կրթությունը և փորձը ծառայեցնել մեր բուհի զարգացմանը»,- ասաց նա:

Չնայած երեք ամիս է ինչ Ագրարային համալսարանում գործում է վերոհիշյալ բաժանմունքը, նա նշում է, որ Հորիզոն 2020-ի արդեն մեկ ծրագրի դիմել են և մի քանիսը գտնվում են մշակման փուլում։ Արմինեն, հույս է հայտնում որ ապագա ծրագրերի շնորհիվ հնարավորություն կստեղծվի համալսարանի հետազոտողների կարողությունների զարգացման, ինստիտուցիոնալ բարելավումների, գիտության, կրթության և բիզնես ոլորտներում կապի ամրապնդման և Եվրոպական հաջողված փորձի ներդրման համար։

  • Armine Abramyan (Photo by Nazik Armenakyan)
  • Armine Abramyan (Photo by Nazik Armenakyan)
  • Armine Abramyan (Photo by Nazik Armenakyan)

Ծրագրերը հնարավորություն կստեղծեն համալսարանի և գիտական կենտրոնների հետազոտողներին տարբեր երկրներում դասընթացների և վերապատրաստումների մասնակցության համար:

«Մեր գիտությունը մեկուսացված է, ոչ միայն արտաքին աշխարհից այլ նաև թույլ է կապը բիզնես ոլորտի հետ։ Հայ մասնագետների զգալի մասը մեկուսացված է աշխատում: Օրինակ՝ 20 տարուց ավելի է՝ Եվրոպայում գյուղատնտեսության ոլորտում թվայնացումը նորություն չէ, և այդ ուղղությամբ Հորիզոն 2020-ի միջոցով տարբեր ծարագրեր են իրականացնում: Սակայն մեր մասնագետները հիմնականում այդ մասին տեղեկացված չեն, և այդ բացը պետք է լրացնել»,- նշեց նա:

Այս առումով մասնագետը կարևորում է այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք կնպաստեն հետազոտական նոր մեթոդների ներդրմանը, Internet of Things գործիքների զարգացմանն ու կատարելագործմանը:

Ռոզա Հովհաննիսյան

Article published in Armenian, Russian and English by Lragir.am



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,