Արևելյան գործընկերության եվրոպական դպրոց. նոր հեռանկարներ ԱլԳ տարածաշրջանում երիտասարդների համար
4 Սեպտեմբերի, 2018

Արևելյան գործընկերության եվրոպական դպրոց. նոր հեռանկարներ ԱլԳ տարածաշրջանում երիտասարդների համար


Այս ուսումնական տարվա սկզբին ես, Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ միասին, հպարտորեն նշանավորում եմ նոր՝ Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցի բացումը: Սա խոշորագույն ձեռքբերում է Եվրոպական Միության համար և վերջինիս կողմից Արևելյան գործընկերության տարածաշրջանի (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) երիտասարդներին ուղղված աջակցության լավագույն վկայումն է: Դպրոցն այսօր կբացի իր դռները Թբիլիսիում՝ 16-17 տարեկան իր առաջին 30 աշակերտի առջև, ովքեր հաջողել են ստանալ կրթաթոշակներ՝ խիստ և արժանիքների վրա հիմնված ընտրական գործընթացի արդյունքում: Եվրոպական Միության 28 անդամ պետությունների և նրա վեց արևելյան գործընկեր երկրների աջակցությամբ՝ ուսանողներին կառաջարկվի բարձրակարգ կրթություն` հնարավորություն ընձեռելով բազմալեզու և բազմամշակութային միջավայրում ներգրավվել եվրոպական ուսումնասիրությունների գործընթացում՝ ակադեմիական դասընթացների և արտաուսումնական միջոցառումների միջոցով:

Երիտասարդների ուղղությամբ ներդրումների իրականացումն իմ առաջնահերթություններից է: Ես՝ որպես ԵՄ հանձնակատար, ակտիվորեն աշխատել եմ վեց գործընկեր երկրների հետ միասին՝ տարածաշրջանում երիտասարդների համար ավելի մեծ հնարավորություններ ստեղծելու նպատակով: Հավատացած եմ, որ յուրաքանչյուր ոք ունի որակյալ և ներառական կրթություն ստանալու իրավունք: 2017թ. նոյեմբերին կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովը, ի թիվս «2020 թվականի համար 20 թիրախային արդյունքներ»-ի, հաստատեց 340 մլն եվրո արժողությամբ երիտասարդներին ուղղված աջակցության նոր փաթեթը: Այն կնպաստի անհրաժեշտ պայմանների ստեղծմանը ողջ տարածաշրջանի երիտասարդների համար, որպեսզի վերջիններս կարողանան սովորել, աշխատել, շփվել իրենց հասարակությունների հետ և լիարժեքորեն զարգացնել սեփական ներուժը:

  • Johannes Hahn, EU Commissioner for European Neighbourhood Policy and Enlargement Negotiations
  • Johannes Hahn at the opening of the Eastern Partnership European School in Tbilisi, Georgia on 4 September 2018
  • Johannes Hahn at the opening of the Eastern Partnership European School in Tbilisi, Georgia on 4 September 2018
  • Johannes Hahn at the opening of the Eastern Partnership European School in Tbilisi, Georgia on 4 September 2018

Այս փաթեթի շրջանակներում Եվրոպական Միությունը կամրապնդի իր ամենահաջող նախաձեռնություններից մեկը` «Էրազմուս+»-ը: Մինչև 2020թ.-ը, մեր գնահատմամբ, Արևելյան գործընկերության տարածաշրջանից շուրջ 80,000 երիտասարդ, երիտասարդական ոլորտի աշխատող, ուսանող և դասախոս կստանա փոխանակման ծրագրերին մասնակցելու հնարավորություն:

Ես կրթությունը միշտ համարել եմ փոփոխությունների կարևորագույն շարժիչ ուժը: Այնուամենայնիվ, տեխնոլոգիաների և աշխատաշուկայի կառուցվածքներում տեղի ունեցող փոփոխությունները պահանջում են անընդհատ ճշգրտումներ: Երիտասարդներն ավելի հաճախ են կարիք զգում զարգացնելու իրենց հմտություններն ու մոտեցումները, որոնք կարող են իրենց ավելի ճկուն և նորարար դարձնել՝ մշտապես փոփոխվող միջավայրի հետ առերեսվելիս: Նախադպրոցականից մինչև միջնակարգ և բարձրագույն կրթություն ստանալու ընթացքում ձեռք բերված հիմնական և հարակից հմտությունները խիստ կարևոր նշանակություն ունեն:

Մենք նաև մեր փորձից գիտենք, որ աշխատաշուկայի պահանջարկի հետ հմտությունների լավագույն համադրումը առանցքային նշանակություն ունի երկարաժամկետ հեռանկարում մրցունակության և տնտեսական զարգացման բարելավման հարցում: Այդ իսկ պատճառով վեց երկրում շարունակական աջակցություն է ցուցաբերվում մասնագիտական կրթությանը և ուսուցմանը (ՄԿՈՒ): 80 միլիոն եվրո կազմող բյուջեն նպատակաուղղված է որակավորման համակարգերի արդիականացմանը և ՄԿՈՒ գրավչության բարձրացմանը:

ԵՄն նաև վճռականորեն կիսում է վեց երկրների՝ ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանն աջակցելու և իրենց կրթական համակարգը հաջորդ մակարդակին հասցնելու ձգտումները: Այս համատեքստում ԵՄ-ի EU4Youth («ԵՄ-ն երիտասարդների համար») ծրագիրը նպատակ ունի բարելավել երիտասարդների զբաղվածության հեռանկարները, հատկապես (բայց՝ ոչ միայն) խոցելի և սահմանափակ հնարավորություններով երիտասարդների համար` նրանց ձեռնարկատիրական ներուժի խթանման, ինչպես նաև աշխատաշուկայի համար պիտանի հմտությունների զարգացման միջոցով: Սա արվում է գործարար ինկուբատորների և նորարարական կլաստերների, ինչպես նաև ձեռնարկատիրության և վաղ դպրոցական շրջանավարտների համար նախատեսված ոչ ֆորմալ ծրագրերի վրա կենտրոնացած մենթորային սխեմաների ստեղծման միջոցով:

  • Johannes Hahn at the opening of the Eastern Partnership European School in Tbilisi, Georgia on 4 September 2018
  • First students of the astern Partnership European School at the opening ceremony in Tbilisi, Georgia
  • First students of the Eastern Partnership European School at the opening ceremony in Tbilisi, Georgia

 

Երիտասարդներին աջակցությունը մշտապես եղել և շարունակելու է մնալ Եվրոպական Միության օրակարգի ուշադրության կենտրոնում: Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցը կենտրոնանում է հենց այս նպատակի վրա. Երիտասարդների համար եվրոպական արժեքների վրա հիմնված գիտելիքների, հմտությունների և հնարավորությունների ճիշտ համախմբի ապահովում: Ես համոզված եմ, որ դա կնպաստի տարածաշրջանում ավելի լավ փոխանակմանն ու փոխըմբռնմանը:

Յոհանես Հանն

Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար 

 



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,