Ուկրաինա. ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը
16 Մարտի, 2022

Ուկրաինա. ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը


Եվրոպական միության Խորհուրդն այսօր՝ մարտի 15-ին, որոշում է կայացրել կիրառել տնտեսական և անհատական պատժամիջոցների չորրորդ փաթեթը՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող ռազմական ագրեսիայի։

Խորհուրդը որոշել է.

  • արգելել բոլոր գործարքները տնտեսության տարբեր ոլորտներում գործող և Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի մաս կազմող կոնկրետ պետական ​​ձեռնարկությունների հետ,
  • արգելել վարկային վարկանիշային ծառայությունների մատուցումը, ինչպես նաև վարկային վարկանիշային գործունեության հետ կապված ցանկացած բաժանորդային ծառայության հասանելիությունը Ռուսաստանում ցանկացած անձի կամ կազմակերպության համար,
  • ընդլայնել Ռուսաստանի պաշտպանական և արդյունաբերական համալիրի հետ կապված անձանց ցանկը, որոնց նկատմամբ սահմանվել են ավելի խիստ սահմանափակումներ երկակի նշանակության ապրանքների, ինչպես նաև այն ապրանքների ու տեխնոլոգիաների արտահանման մասով, որոնք կարող են նպաստել Ռուսաստանի պաշտպանության և անվտանգության ոլորտի տեխնոլոգիական բարելավմանը,
  • արգելել նոր ներդրումները Ռուսաստանի էներգետիկայի հատվածում, ինչպես նաև ներդնել արտահանման համապարփակ սահմանափակում էներգետիկ արդյունաբերության համար սարքավորումների, տեխնոլոգիաների և ծառայությունների համար,
  • ներդնել լրացուցիչ սահմանափակումներ երկաթի և պողպատի առևտրի համար, ինչը Ռուսաստանի դեպքում կհանգեցնի արտահանման գծով մոտ 3,3 միլիարդ եվրո եկամտի կորստի,
  • արգելել ԵՄ-ից Ռուսաստան շքեղության ապրանքների (օրինակ՝ թանկարժեք մեքենաների, զարդերի և այլնի) արտահանումը՝ ուղղակիորեն հարվածելով ՌԴ վերնախավին:

Բացի այդ, Խորհուրդը որոշել է պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի հետ կապված Կրեմլի օրակարգն առաջ մղող առանցքային օլիգարխների, լոբբիստների և քարոզիչների, ինչպես նաև ավիացիայի, ռազմարդյունաբերության, նավաշինության և մեքենաշինության ոլորտներում գործող առանցքային ընկերությունների դեմ:

Առանձին կերպով Խորհուրդը թույլատրեց Եվրոպական հանձնաժողովին՝ ԵՄ-ի անունից միանալու Բելառուսի աջակցությամբ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի վերաբերյալ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բազմակողմ հայտարարությանը: ԵՄ-ն հաստատել է իր պատրաստակամությունը՝ ձեռնարկելու ցանկացած գործողություն, որն անհրաժեշտ է համարվում իր էական անվտանգային շահերը պաշտպանելու համար։ Դրանք կարող են ներառել Ուկրաինային աջակցելու գործողություններ կամ Ռուսաստանի նկատմամբ զիջումների կամ այլ պարտավորությունների կասեցման գործողություններ, ինչպես օրինակ՝ ռուսական ապրանքների և ծառայությունների նկատմամբ առավել բարենպաստ վերաբերմունքի կասեցումը: ԵՄ-ն նաև գտնում է, որ ԱՀԿ-ին Բելառուսի անդամակցության գործընթացը պետք է կասեցվի։

«Պատժամիջոցների այս չորրորդ փաթեթը ևս մեկ մեծ հարված է տնտեսական և նյութատեխնիկական այն բազային, որի վրա հենվում է Ռուսաստանը Ուկրաինա ներխուժումն իրականացնելիս։ Պատժամիջոցների նպատակն այն է, որ նախագահ Պուտինը դադարեցնի այս անմարդկային և անիմաստ պատերազմը»,- ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,