«Մարի Սկլոդովսկա-Կյուրի» գործողություններ. 2021-ին ԵՄ-ն 822 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի հետազոտողներին և կազմակերպություններին
25 Հունիսի, 2021

«Մարի Սկլոդովսկա-Կյուրի» գործողություններ. 2021-ին ԵՄ-ն 822 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի հետազոտողներին և կազմակերպություններին


Հունիսի 22-ին Եվրոպական հանձնաժողովը հայտարարեց նոր հայտամրցույթներ` «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում դոկտորական կրթության և հետդոկտորական վերապատրաստման ֆինանսավորման ԵՄ դրոշակակիր ծրագրի՝ «Մարի Սկլոդովսկա-Կյուրի» գործողությունների (MSCA) ներքո հետազոտողների վերապատրաստմանը, հմտությունների և կարիերայի զարգացմանն աջակցելու նպատակով: Հայտամրցույթները հաջորդում են «Հորիզոն Եվրոպայի» 2021-2022թթ. աշխատանքային ծրագրի ընդունմանը և բաց են արևելյան գործընկեր երկրների հետազոտողների համար:

2021-2027թթ. համար 6,6 միլիարդ եվրո ընդհանուր բյուջեով «Մարի Սկլոդովսկա-Կյուրի» գործողություններն աջակցում են ողջ աշխարհի հետազոտողներին՝ նրանց կարիերայի բոլոր փուլերում և բոլոր գիտակարգերում: Դրանք նաև օգուտ են բերում հաստատություններին՝ աջակցելով գերազանց դոկտորական ու հետդոկտորական ծրագրերին և համագործակցային հետազոտություններին ու նորարարական ծրագրերին, խթանելով դրանց գլոբալ գրավչությունն ու տեսանելիությունը և նպաստելով ներառյալ խոշոր ընկերությունների և ՓՄՁ-ների հետ ակադեմիական շրջանակներից դուրս համագործակցությանը:

2021 թ.-ին MSCA-ն կտրամադրի շուրջ 822 միլիոն եվրո՝ ներառելով աշխատանքային ծրագրի հետևյալ հինգ հիմնական գործողությունները.

  • MSCA դոկտորական ցանցեր: Ակադեմիական և այլ հատվածներում, այդ թվում՝ արդյունաբերության և բիզնեսի ոլորտներում դոկտորանտների վերապատրաստման դոկտորական ծրագրերի իրականացում: 402,95 միլիոն եվրո բյուջեով 2021թ. հայտամրցույթը մեկնարկում է ս.թ. հունիսի 22-ին և ավարտվում նոյեմբերի 16-ին:
  • MSCA հետդոկտորական կրթաթոշակներ: Դոկտորական կոչում ունեցող և խորացված ուսուցման, միջազգային, միջգիտակարգային և միջոլորտային շարժունակության միջոցով նոր հմտություններ ձեռք բերել ցանկացող հետազոտողների ստեղծարար և նորարարական ներուժի ընդլայնում: Ֆինանսավորումը հասանելի կլինի այն հետազոտողներին, ովքեր պատրաստ են առաջանցիկ հետազոտական ​​և նորարարական նախագծեր իրականացնել Եվրոպայում և ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ոչ ակադեմիական հատվածում: 242 միլիոն եվրո բյուջեով 2021թ. հայտամրցույթը մեկնարկում է հունիսի 22-ին և ավարտվում ս.թ. հոկտեմբերի 12-ին:
  • MSCA անձնակազմի փոխանակումներ: Հետազոտությունների և նորարարությունների ոլորտում միջազգային, միջոլորտային և միջգիտակարգային կայուն համագործակցության զարգացում՝ անձնակազմի փոխանակումների միջոցով: Սխեման օգնում է գաղափարները վերածել նորարարական պրոդուկտների, ծառայությունների կամ գործընթացների: 72.5 միլիոն եվրո բյուջեով 2021թ. հայտամրցույթը մեկնարկում է հոկտեմբերի 7-ին և ավարտվում 2022թ. մարտի 9-ին:
  • MSCA համաֆինանսավորում: Նոր կամ գոյություն ունեցող դոկտորական ծրագրերի և հետդոկտորական կրթաթոշակային սխեմաների ֆինանսավորում ԵՄ անդամ պետություններում կամ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ասոցացված երկրներում՝ MSCA-ի լավագույն պրակտիկաների տարածման նպատակով: Սա ներառում է միջազգային, միջոլորտային և միջգիտակարգային հետազոտական ​​դասընթացներ, ինչպես նաև հետազոտողների միջազգային և միջոլորտային շարժունակություն՝ իրենց կարիերայի բոլոր փուլերում: 89 միլիոն եվրո բյուջեով 2021թ. հայտամրցույթը մեկնարկում է հոկտեմբերի 12-ին և ավարտվում 2022թ. փետրվարի 10-ին:
  • MSCA և քաղաքացիներ: հետազոտությունների և ուսանողների, ընտանիքների ու լայն հանրության միջև տարածության կրճատում՝ հիմնականում «Եվրոպացի հետազոտողների գիշերվա» շնորհիվ: Գործողությունը բարձրացնում է քաղաքացիների կյանքի, հասարակության և տնտեսության վրա հետազոտողների աշխատանքի ազդեցության մասին իրազեկությունը: Այն նաև նպատակ ունի բարձրացնել հետազոտական և գիտական կարիերայի նկատմամբ երիտասարդների հետաքրքրությունը: 15,5 միլիոն եվրո բյուջեով 2022թ. հայտամրցույթը ներառում է «Եվրոպացի հետազոտողների գիշերվա» 2022 և 2023 թվականների միջոցառումներն ու մեկնարկում է հունիսի 22-ին և ավարտվում ս.թ. հոկտեմբերի 7-ին:

2021-2027 թթ. «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում MSCA-ը խիստ ուշադրություն է դարձնելու միջոլորտային համագործակցությանը (հատկապես ակադեմիական շրջանակների և բիզնեսի միջև) և խթանելու է Եվրոպական կանաչ գործարքին համահունչ կայուն վարքագիծը, հետազոտական գործունեությունը և կառավարումը:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

«Մարի Սկլոդովսկա-Կյուրի» գործողություններ

 



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,