Եվրոպական խորհուրդ. այս ագրեսիայի գործողության և դրա պատճառած բոլոր զոհերի համար ողջ պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը
25 Փետրվարի, 2022

Եվրոպական խորհուրդ. այս ագրեսիայի գործողության և դրա պատճառած բոլոր զոհերի համար ողջ պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը


Փետրվարի 24-ին Եվրոպական խորհուրդը «ամենախիստ ձևով» դատապարտեց Ռուսաստանի Դաշնության չհրահրված և չարդարացված ռազմական ագրեսիան Ուկրաինայի դեմ։

«Իր անօրինական ռազմական գործողություններով Ռուսաստանը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները ու խաթարում եվրոպական և համաշխարհային անվտանգությունն ու կայունությունը»,- ասված է հինգշաբթի երեկոյան Եվրոպական խորհրդի ընդունած եզրակացություններում։ «Այս ագրեսիայի գործողության և դրա պատճառած բոլոր զոհերի համար ողջ պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը»:

Եվրոպական խորհուրդը Ռուսաստանից պահանջել է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, անվերապահորեն դուրս բերել բոլոր ուժերն ու զինտեխնիկան Ուկրաինայի ողջ տարածքից և լիովին հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Խորհուրդը Ռուսաստանին և Ռուսաստանի կողմից աջակցվող զինված կազմավորումներին նաև կոչ է արել հարգել միջազգային մարդասիրական իրավունքը և դադարեցնել իրենց ապատեղեկատվական արշավն ու կիբերհարձակումները։

Ավելի վաղ ԵՄ-ն վճռականորեն էր արձագանքել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ինքնահռչակ անջատողական միավորումների ճանաչմանն ու նրա զինված ուժերի տեղակայմանը՝ ի պատասխան ընդունելով սահմանափակող միջոցներ։ Փետրվարի 24-ին Խորհուրդը համաձայնեցրեց հետագա պատժամիջոցները, որոնք վերաբերում են ֆինանսական հատվածին, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներին, երկակի նշանակության ապրանքներին, ինչպես նաև արտահանման վերահսկմանը և արտահանման ֆինանսավորմանը, վիզային քաղաքականությանը, ռուսաստանցի ֆիզիկական անձանց լրացուցիչ ցուցակներին և ցուցակման նոր չափանիշներին:

Խորհուրդը նաև ափսոսանք է հայտնել ռուսական ագրեսիայի հետևանքով առաջացած ողբերգական մարդկային կորուստների և մարդկային տառապանքների համար և հայտարարել, որ համոզված է, որ 21-րդ դարում սահմանները փոխելու համար ուժի և հարկադրանքի կիրառումը տեղ չունի։

ԵՄ-ն նաև խստորեն դատապարտել է Բելառուսի մասնակցությունն այս ագրեսիային և վերջինիս կոչ արել զերծ մնալ նման գործողություններից։ Միևնույն ժամանակ, Խորհուրդը կոչ է արել հրատապ կերպով պատրաստել և ընդունել անհատական և տնտեսական պատժամիջոցների լրացուցիչ փաթեթ, որը կտարածվի նաև Բելառուսի վրա:

Եզրակացություններում ասվում է, որ ԵՄ-ն կշարունակի սերտ համագործակցությունը հարևանների հետ և վերահաստատում է իր անվերապահ աջակցությունն ու հավատարմությունը Վրաստանի և Մոլդովայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,