EUvsDisinfo-ն հերքում է ընթացիկ ռուս-ուկրաինական հակամարտության մասին յոթ ամենատարածված միֆերը
7 Փետրվարի, 2022

EUvsDisinfo-ն հերքում է ընթացիկ ռուս-ուկրաինական հակամարտության մասին յոթ ամենատարածված միֆերը


Ընթացիկ ռուս-ուկրաինական հակամարտությունը լուսաբանող կրեմլամետ լրատվամիջոցներն ասում են, որ Ուկրաինան պատկանում է Ռուսաստանին, իսկ հակամարտությունում մեղավոր են ՆԱՏՕ-ն, Արևմուտքը և հենց ինքը՝ Ուկրաինան։ Արձագանքելով Ռուսաստանի նախաձեռնած ապատեղեկատվության այս նոր ալիքին՝ ապատեղեկատվության դեմ պայքարի ԵՄ առաջատար նախաձեռնությունը՝ EUvsDisinfo-ն, մեկտեղել է ամենատարածված և վտանգավոր միֆերը, իսկ հաճախ՝ բացահայտ ստի դրսևորումները:

Միֆ 1. Ներկայիս լարվածության պատճառը Ուկրաինայի և Արևմուտքի նրա դաշնակիցների մշտական ագրեսիվ պահվածքն է։ Ռուսաստանը չի անում ոչինչ, բացի իր օրինական շահերը պաշտպանելուց, և պատասխանատու չէ այս հակամարտության համար։

Սխալ է։ Փաստն այն է, որ Ռուսաստանը շարունակում է խախտել միջազգային իրավունքը, ինչպես նաև այլ համաձայնագրեր, որոնց նա կողմ է։ Ապօրինի կերպով բռնակցելով Ղրիմի թերակղզին և զինված հարձակողական գործողություններ իրականացնելով Ուկրաինայի դեմ՝ Ռուսաստանը, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներից մեկն է, խախտել է առնվազն 12 միջազգային և երկկողմ դաշնագիր։ Այլ կերպ ասած՝ Ռուսաստանի գործողությունները, որոնք խաթարում և սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը, մասնավորապես՝ Դոնբասում, անօրինական են։ Դրանք շարունակում են սպառնալ եվրոպական անվտանգության հիմնական համակարգին և վտանգի ենթարկել միջազգային օրենքների վրա հիմնված կառուցակարգը։

Մարդկային կորուստների առումով՝ 2014թ.-ից ի վեր Ռուսաստանի ագրեսիայի զոհ են գնացել շուրջ 14000 ուկրաինացիներ, և վիրավորվել են շատ ավելի մեծ թվով մարդիկ։ Հակամարտության պատճառով նաև Ղրիմի թերակղզուց և Արևելյան Ուկրաինայից տեղահանվել է ավելի քան 1,5 միլիոն բնակիչ (ներքին տեղահանվածներ)։

Միֆ 2 Ուկրաինայում տիրող իրավիճակն է հանգեցրել այս հակամարտությանը: Կան ապացույցներ, որ Ուկրաինան վայրագություններ է իրականացնում երկրի արևելքում բնակվող իր ռուսալեզու բնակչության նկատմամբ։ Ռուսաստանը պետք է միջամտի ոչ վերջին հերթին նաև այն պատճառով, որ Ուկրաինան և Ռուսաստանը «մեկ ազգ են»: Ուկրաինան պարզապես պատկանում է Ռուսաստանի, այսպես կոչված, «ազդեցության արտոնյալ գոտուն»։

Սխալ է։ Ապացույցներ չկան, որ Ուկրաինայի արևելքում ռուսալեզու կամ էթնիկ ռուս բնակիչները ենթարկվում են հալածանքների, առավել ևս՝ ցեղասպանության, Ուկրաինայի իշխանությունների կողմից: Դա հաստատվել է Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի և ԵԱՀԿ-ի կողմից հրապարակած զեկույցներում։ Բայց Ռուսաստանի ռազմական ագրեսիայի համար երկրի ներսում աջակցություն ստանալու նպատակով ռուսական պետական վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները հետևողականորեն փորձում են վատաբանել Ուկրաինային՝ մեղադրելով նրան արևելյան Ուկրաինայում ենթադրյալ ցեղասպանության մեջ, անհիմն զուգահեռներ անցկացնելով նացիզմի և Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ և հորինելով պատմություններ՝ ուղղված լսարանի մոտ բացասական զգացմունքային արձագանք ստեղծելուն (օրինակ՝ փաստերի ստուգման հարթակների կողմից հերքված շինծու պատմությունը, որում ուկրաինական ուժերը մեղադրվում էին արևելյան Ուկրաինայում մի երիտասարդ տղայի խաչելու մեջ):

Հաճախ օգտագործվող այն պնդումը, որ Ուկրաինան և Ռուսաստանը «մեկ ազգ են», Ուկրաինայի դեմ օգտագործվող ամենահին և ամենախոր արմատներ ունեցող միֆերից մեկն է: Թեև այս երկու երկրներն ունեն ընդհանուր արմատներ, որոնք սկիզբ են առնում Կիևյան Ռուսիայից, որը գոյություն է ունեցել 9-րդ դարից մինչև 13-րդ դարի կեսերը, պարզապես ճիշտ չէ 800 տարի անց պնդել, որ ուկրաինացիներն ու ռուսները մեկ ազգ են: Չնայած օտարերկրյա կառավարման երկարատև ժամանակաշրջանին՝ Ուկրաինան ունի ուժեղ ազգային մշակույթ ու ինքնություն և ինքնիշխան երկիր է:

«Համառուսաստանյան ազգ» եզրույթը, որը քաղաքական սահմաններ չունի, գաղափարական կոնստրուկտ է, որը սկիզբ է առնում կայսերական ժամանակներից և օգտագործվել է որպես Ուկրաինայի ինքնիշխանությունն ու ազգային ինքնությունը ճնշելու գործիք: 2014թ․-ից սկսած՝ Ռուսաստանի կառավարությունը նոր եռանդով զարգացրել է այս միֆը` փորձելով իմաստավորել և արդարացնել Ուկրաինայի դեմ իր ռազմական ագրեսիան:

Նպատակ ունենալով առաջ մղել այն գաղափարը, որ Ուկրաինան պատկանում է Ռուսաստանի «ազդեցության ոլորտին»՝ ռուսական իշխանությունները և պետական վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները հաճախ պնդում են, որ Ուկրաինան «իրական» պետություն չէ: Պետության կողմից հովանավորվող ռուսական քարոզչությունը փորձում է խեղաթյուրել պատմությունը՝ նպատակ ունենալով լեգիտիմացնել այն գաղափարը, որ Ուկրաինան պատկանում է Ռուսաստանի բնական շահերի գոտուն:

Միֆ 3 Ամեն դեպքում, Ուկրաինան պետք է դառնա դեպի Ռուսաստանը, քանի որ ԵՄ-ն և Արևմուտքը հետաքրքրված չեն այդ երկրով և լքել են նրան:

Սխալ է։ ԵՄ-ն ռազմավարական գործընկերության մեջ է Ուկրաինայի հետ։ Իրականում, Ուկրաինան դարձել է ԵՄ-ի ամենամոտ գործընկերներից մեկը, և այդ գործընկերությունը վերջին տարիներին ամրապնդվել է ԵՄ-Ուկրաինա Ասոցացման համաձայնագրով և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրով։ Ներկայումս ԵՄ-ն Ուկրաինայի ամենամեծ առևտրային գործընկերն է, որը կազմում է նրա առևտրի ավելի քան 40%-ը: ԵՄ-ն, իր Արևելյան գործընկերության շրջանակներում, աջակցում է Ուկրաինայում իրականացվող մի շարք ծրագրերի և սատարում է Ուկրաինային իր բարեփոխումների օրակարգի իրականացման հարցում: 2014թ․-ից ի վեր՝ ԵՄ-ն Ուկրաինային տրամադրել է 17 միլիարդ եվրոյի համարժեք վարկեր և դրամաշնորհներ։

2014 թ․-ից ի վեր՝ ԵՄ-ն հաստատապես աջակցել է Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և անկախությանը՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում, և սահմանափակումներ է կիրառել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի, ներառյալ՝ Ղրիմի թերակղզու միտումնավոր ապակայունացման համար։ ԵՄ-ն նաև աջակցում է Ուկրաինային՝ ապատեղեկատվության և կիբերհարձակումների նկատմամբ նրա դիմադրողականությունն ուժեղացնելու գործում։

Միֆ 4 Ներկայիս ճգնաժամի մեղավորները ՆԱՏՕ-ն և Արևմուտքն են։ Եթե նրանք հավատարիմ լինեին դաշինքը չընդլայնելու իրենց խոստմանը, Ռուսաստանը վտանգ չէր զգա։

Սխալ է։ Նման խոստում երբեք չի տրվել, ոչ էլ երբևէ պահանջվել է ՆԱՏՕ-ից։ Ռուսաստանի պետական վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները հաճախ են հայտարարում, որ Խորհրդային Միության ղեկավար Միխայիլ Գորբաչովին «բանավոր» խոստում է տրվել, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի վերամիավորված Գերմանիայի սահմաններից անդին: Իրականում, հենց ինքը՝ Գորբաչովը, 2014 թ․-ի մի հարցազրույցի ժամանակ հերքել է այս պնդումը՝ ասելով, որ «ՆԱՏՕ-ի ընդլայնման թեման ընդհանրապես չի քննարկվել, և այդ տարիներին դրան անդրադարձ չի եղել»։

ՆԱՏՕ-ի անդամները երբեք որևէ քաղաքական կամ իրավաբանորեն պարտադիր պարտավորություն չեն ստանձնել՝ վերամիավորված Գերմանիայի սահմաններից անդին դաշինքը չընդլայնելու մասին:

Բացի այդ, այն պնդումը, թե ՆԱՏՕ-ն խոստացել է չընդլայնվել, լիովին խեղաթյուրում է դաշինքի բնույթը: ՆԱՏՕ-ն՝ որպես պաշտպանական դաշինք, չի «ընդլայնվում» կայսերապաշտական իմաստով։ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ որոշումներն ընդունվում են յուրաքանչյուր առանձին դիմող երկրի և ՆԱՏՕ-ի ներկայիս 30 անդամ-երկրների կողմից։ Յուրաքանչյուր ինքնիշխան պետություն կարող է ընտրել իր ուղին, իսկ սահմանակից պետությունները, այս դեպքում՝ Ռուսաստանը, միջամտելու իրավունք չունեն։

Միֆ 5 ՆԱՏՕ-ի ագրեսիվ ընդլայնման պատճառով Ռուսաստանն այժմ «շրջափակված է թշնամիներով» և պետք է պաշտպանվի:

Սխալ է։ Իրականում, ԵՄ-ն և Ուկրաինան Եվրոպայում հաստատված անվտանգության համակարգի լիարժեք կողմնակիցներ են։ Բացի այդ, Ռուսաստանն իր տարածքով աշխարհի ամենամեծ երկիրն է՝ ավելի քան 140 միլիոն բնակչությամբ, և ունի աշխարհում ամենամեծ թվով զինված ուժերը՝ միջուկային զենքերի ամենամեծ քանակով։ Անիմաստ է ներկայացնել Ռուսաստանը որպես խիստ սպառնալիքի տակ գտնվող երկիր։ Աշխարհագրական տեսանկյունից՝ Ռուսաստանին աշխարհի խոշորագույն երկիրն է, մինչդեռ վերջինիս ցամաքային սահմանի մեկ տասնվեցերորդ մասից պակաս հատվածն է սահմանակից ՆԱՏՕ-ի անդամ-երկրներին։ Ռուսաստանին սահմանակից 14 երկրներից միայն հինգն են ՆԱՏՕ-ի անդամ։

Չկա նաև որևէ հիմնավոր փաստարկ, որը կհաստատի, որ ռազմական ուժը միակ լուծումն է։ Գոյություն ունեն մի շարք միջազգային կազմակերպություններ, երկկողմանի համաձայնագրեր և ձևաչափեր, որոնց միջոցով Ռուսաստանը կարող է ներգրավվել գործակցային և խաղաղ երկխոսության մեջ, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի և սպառազինությունների վերահսկման ռեժիմների շրջանակներում: ԵՄ-ն բաց է պահում Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները՝ Ռուսաստանի հետ տարվող ԵՄ-ի քաղաքականության հինգ հիմնական սկզբունքների հիման վրա: 

Միֆ 6 Ամեն դեպքում, Ռուսաստանը պատասխանատու չէ Ուկրաինայում ստեղծված ներկայիս լարվածության համար։ Ուկրաինան միտումնավոր կերպով խախտել է Մինսկի համաձայնությունները, իսկ Արևմուտքը շարունակում է զինել Ուկրաինային։ Ռուսաստանը պետք է արագ արձագանքի՝ իր սահմանները պաշտպանելու համար։

Սխալ է։ Իրականում Ռուսաստանն է Ուկրաինայի սահմանների մոտ, այդ թվում՝ ապօրինի կերպով բռնակցված Ղրիմի թերակղզում կուտակել 140,000 զինծառայող և զինտեխնիկա։

Ռուսաստանը Մինսկի համաձայնությունների կողմ է հանդիսանում, և դրանք ամենավերջին պաշտոնական փաստաթղթերն են, որոնցում Ռուսաստանն ընդունել է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Սակայն Ռուսաստանն իր կողմից չի ապահովել Մինսկի համաձայնագրի կատարումը. Կրեմլը և իր դաշնակիցները չեն պահպանել հրադադարի ռեժիմը, չեն հեռացրել բոլոր ծանր զինատեսակները, չեն իրականացնել «բոլորը բոլորի դիմաց» քաղբանտարկյալների փոխանակում և չեն ապահովել մարդասիրական օգնության տրամադրումը՝ միջազգային մեխանիզմների հիման վրա։ Ընդհակառակը՝ Ռուսաստանն ավելի է ընդլայնել ապօրինի զինված կազմավորումների առկայությունը Ուկրաինայի արևելքում և թույլ չի տալիս ԵԱՀԿ Հատուկ դիտորդական առաքելության (ԵԱՀԿ ՀԴԱ) դիտորդների անխոչընդոտ մուտքը, այդ թվում նաև՝ ռուս-ուկրաինական սահման։

Այդուհանդերձ, Ուկրաինան առավելագույնս իրականացրել է Մինսկի համաձայնությունները և պահպանել է բոլոր կետերը՝ այնքանով, որքանով ողջամտորեն հնարավոր էր՝ չունենալով վերահսկողություն տարածքի նկատմամբ։ Այն ընդունել է (և երկարացրել գործողության ժամկետը) հատուկ կարգավիճակի և համաներման մասին օրենսդրություն (2014թ.), նախապատրաստել է տեղական մարմինների ընտրությունների մասին օրենսդրության նախագիծ (2014թ.), ինչպես նաև կատարել է սահմանադրական փոփոխություններ՝ այս պահին իր վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներին ավելի մեծ ինքնավարություն տրամադրելու համար (2015թ.):

Միֆ 7 ԵՄ-ն ամեն դեպքում թույլ է և անկարևոր։ Ի՞նչ իմաստ ունի նույնիսկ փորձել երկխոսել ԵՄ-ի հետ:

Սխալ է։ Ռուս պաշտոնյաները և պետական լրատվամիջոցները մշտապես ներկայացնում են ԵՄ-ն որպես անկարևոր և անկարող ճգնաժամերի լուծման հարցում։ 2022թ․ հունվարին արտգործնախարար Սերգեյ Լավրովն այնքան հեռու գնաց, որ մեղադրեց ԵՄ-ին «անկարողության» մեջ։ Ընդամենը այն փաստը, որ Եվրոպայում խաղաղություն է տիրում երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր, բավարար ապացույց է՝ այս պնդումը հերքելու համար: ԵՄ-ն՝ ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի, G7-ի անդամների և այլ միջազգային գործընկերների հետ համատեղ, զգալի ներդրում է ունեցել խաղաղության և անվտանգության ապահովման հարցում ընդլայնված եվրոպական տարածաշրջանում և դրանից դուրս, այդ թվում նաև՝ Ուկրաինայում:

Իմացիր ավելին

Կարդալ հոդվածն ամբողջությամբ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,