ԵՄ-ն որոշել է ապաստան տրամադրել բոլոր ուկրաինացի փախստականներին և հայտարարում է, որ պատրաստ է արագ կարգով նոր պատժամիջոցներ սահմանել

ԵՄ-ն որոշել է ապաստան տրամադրել բոլոր ուկրաինացի փախստականներին և հայտարարում է, որ պատրաստ է արագ կարգով նոր պատժամիջոցներ սահմանել

12 Մարտի, 2022

ԵՄ անդամ 27 երկրների առաջնորդները հայտարարել են, որ ժամանակավոր պաշտպանություն կառաջարկեն «բոլոր ուկրաինացի պատերազմական փախստականներին» և պահանջել են ռուսական զորքերի լիակատար և անվերապահ դուրսբերում Ուկրաինայի ողջ տարածքից:

Վերսալում ԵՄ գագաթնաժողովի ժամանակ այսօր վաղ առավոտյան հրապարակված հայտարարության մեջ ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարներն ասում են, որ ներխուժման համար պատասխանատու ռուսներն ու բելառուսները «պատասխանատվության կենթարկվեն իրենց հանցագործությունների համար», ներառյալ խաղաղ բնակչության վրա հարձակումները:

ԵՄ առաջնորդները հայտարարել են, որ իրենք վճռական են ավելի մեծ ճնշում գործադրելու Ռուսաստանի և նրա դաշնակից Բելառուսի վրա: «Մենք սահմանել ենք լրջագույն պատժամիջոցներ ու պատրաստ ենք արագ կարգով սահմանել նորերը»,- նշել ենք նրանք:

«Երկու շաբաթ առաջ Ռուսաստանը պատերազմը վերադարձրեց Եվրոպա»,- ասված է հայտարարության մեջ: «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի չպատճառաբանված և չարդարացված ռազմական ագրեսիան կոպտորեն խախտում է միջազգային իրավունքն ու ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները և խաթարում է եվրոպական ու համաշխարհային անվտանգությունն ու կայունությունը»:

ԵՄ առաջնորդները ողջունել են Միջազգային քրեական դատարանի դատախազի՝ հետաքննություն սկսելու որոշումը և կոչ են արել անհապաղ ապահովել Ուկրաինայի միջուկային օբյեկտների ապահովությունն ու անվտանգությունը։

Նրանք նշել են, որ ԵՄ-ն ժամանակավոր պաշտպանություն է առաջարկում Ուկրաինայի պատերազմի բոլոր փախստականներին, ինչպես նաև երախտիք են հայտնել եվրոպական երկրներին, հատկապես՝ Ուկրաինային սահմանակցող պետություններին՝ «ուկրաինացի փախստականներին ընդունելու հարցում ցուցաբերած անսահման համերաշխություն համար»:

«ԵՄ-ն և նրա անդամ երկրները կշարունակեն համերաշխություն և մարդասիրական, բժշկական ու ֆինանսական օժանդակություն ցուցաբերել բոլոր փախստականներին և նրանց հյուրընկալող երկրներին»,- ասվում է հայտարարության մեջ:

Արձագանքելով Եվրոպական միությանն անդամակցելու Ուկրաինայի դիմումին՝ ԵՄ առաջնորդներն ի գիտություն են ընդունել «Ուկրաինայի եվրոպական ձգտումներն ու ընտրությունը»՝ հավելելով, որ «Ուկրաինան պատկանում է մեր եվրոպական ընտանիքին»։

«Խորհուրդը գործել է արագ և Եվրոպական հանձնաժողովին հրավիրել է ներկայացնելու իր կարծիքը Ուկրաինայի՝ ԵՄ անդամ դառնալու դիմումի վերաբերյալ՝ պայմանագրերի համապատասխան դրույթների համաձայն»:

Միևնույն ժամանակ, ԵՄ առաջնորդներն առանց հապաղելու պարտավորվել են էլ ավելի «ամրապնդել կապերը» և «խորացնել գործընկերությունը» Ուկրաինայի հետ։

Եվրոպական խորհուրդը Հանձնաժողովին հրավիրել է կարծիք ներկայացնել նաև Մոլդովայի և Վրաստանի դիմումների վերաբերյալ։

Իմացիր ավելին

Հայտարարությունն ամբողջությամբ




Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,