ԵՄ-ն համաձայնություն է տվել Ուկրաինային ռազմական տեխնիկայի մատակարարման, ՌԴ ինքնաթիռների թռիչքների արգելքի և Ռուսաստանի կենտրոնական բանկի հետ գործարքների արգելման միջոցառումներին
1 Մարտի, 2022

ԵՄ-ն համաձայնություն է տվել Ուկրաինային ռազմական տեխնիկայի մատակարարման, ՌԴ ինքնաթիռների թռիչքների արգելքի և Ռուսաստանի կենտրոնական բանկի հետ գործարքների արգելման միջոցառումներին


Եվրոպական միությունն այս գիշեր ընդունել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիային արձագանքելու նոր համալիր միջոցառումներ՝ ներառյալ Ուկրաինայի զինված ուժերին մահաբեր սարքավորումների և միջոցների մատակարարումը, բոլոր տեսակի ռուսական ինքնաթիռների թռիչքների արգելքը և Ռուսաստանի կենտրոնական բանկի հետ գործարքների արգելքը:

Եվրոպական միության խորհուրդն այս միջոցառումները համաձայնեցրել է՝ սերտորեն համագործակցելով ԵՄ գործընկերների և դաշնակիցների հետ:

«Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի խնդրանքով՝ մենք անմիջապես արձագանքում ենք՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամը մոբիլիզացնելով հրատապ օգնության երկու միջոցառումների համար՝ ֆինանսավորելու ուկրաինական բանակին մահաբեր և ոչ մահաբեր միջոցների մատակարարումը: Պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ ԵՄ-ն մահաբեր սարքավորումներ է տրամադրում երրորդ երկրի: Մենք ամեն ինչ անում ենք Ուկրաինային աջակցելու համար, կանգնած ենք ուկրաինացի ժողովրդի կողքին», – հայտարարել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

ԵՄ խորհուրդը աջակցության երկու միջոցառում է ընդունել Խաղաղության եվրոպական հիմնադրամի (ԽԵՀ) շրջանակներում, որոնք կնպաստեն Ուկրաինայի զինված ուժերի կարողությունների և դիմակայունության ամրապնդմանը երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու և խաղաղ բնակչությանը շարունակվող ռազմական ագրեսիայից պաշտպանելու համար։ 500 միլիոն եվրո ընդհանուր արժեքով աջակցության միջոցառումներով կֆինանսանորվի Ուկրաինայի զինված ուժերի համար սարքավորումների և միջոցների, այդ թվում՝ առաջին անգամ մահաբեր սարքավորումների տրամադրումը:

Երկրորդ՝ Խորհուրդը խիստ սահմանափակող միջոցառումներ է ընդունել՝ կապված ավիացիայի և ֆինանսական հատվածների հետ։

ԵՄ անդամ երկրները հրաժարվելու են իրենց տարածքներում կամ այնտեղից վայրէջքի, վերելքի և թռիչքի թույլտվություն տրամադրել ցանկացած ինքնաթիռի, որը շահագործվում է ռուսական ավիափոխադրողների կողմից, այդ թվում՝ որպես առևտրային փոխադրող, կամ ցանկացած ռուսական գրանցում ունեցող ինքնաթիռի կամ ռուսական գրանցում չունեցող ինքնաթիռի, որը պատկանում կամ շահագործվում կամ որևէ այլ կերպ վերահսկվում է ռուսական իրավաբանական կամ ֆիզիկական անձի կողմից:

Բացի այդ, արգելվելու է գործարքներ կատարել Ռուսաստանի կենտրոնական բանկի կամ վերջինիս անունից կամ ցուցումով գործող ցանկացած իրավաբանական անձի, կազմակերպության կամ մարմնի հետ:

Վերոնշյալ միջոցառումների մասին հայտարարելով՝ ԵՄ-ն «խստորեն դատապարտում է Ռուսաստանի Դաշնության չհրահրված և չարդարացված ռազմական ագրեսիան Ուկրաինայի դեմ, ինչպես նաև այդ ագրեսիային Բելառուսի ներգրավումը»՝ պահանջելով, որպեսզի Ռուսաստանն անհապաղ դադարեցնի իր ռազմական գործողությունները, անվերապահորեն դուրս բերի բոլոր ուժերը և ռազմական տեխնիկան Ուկրաինայի ողջ տարածքից, ինչպես նաև լիովին հարգում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում։

«Սահմանները փոխելու համար ուժի և հարկադրանքի կիրառումը տեղ չունի 21-րդ դարում։ Լարվածությունն ու հակամարտությունը պետք է լուծվեն բացառապես երկխոսության և դիվանագիտության միջոցով: ԵՄ-ն կշարունակի սերտորեն համագործակցել հարևանների հետ և վերահաստատում է իր անվերապահ աջակցությունն ու հավատարմությունը Վրաստանի և Մոլդովայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- ասված է ԵՄ հայտարարության մեջ:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,