ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհուրդը գնահատել է ՀԸԳՀ-ի կիրարկումը

ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհուրդը գնահատել է ՀԸԳՀ-ի կիրարկումը

20 Մայիսի, 2022

Մայիսի 18-ին Բրյուսելում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի չորրորդ նիստը, որն առաջինն է 2021 թվականի մարտի 1-ին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ուժի մեջ մտնելուց հետո:

Գործընկերության խորհուրդը նախագահում էին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը։

Գործընկերության խորհուրդը քննարկել է ՀԸԳՀ-ի կիրարկումը, որն ընդգրկում է քաղաքական, տնտեսական և առևտրային բնագավառներում համագործակցության ոլորտների լայն շրջանակ և ողջունել է ձեռք բերված առաջընթացը: ԵՄ-ն նաև ողջունել է Հայաստանի հանձնառությունը ՀԸԳՀ-ի կիրարկմանը, դրական գնահատել իրականացված բարեփոխումները և քաջալերել կառավարությանը` շարունակելու բարեփոխումների իր օրակարգը՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների, ինչին ԵՄ-ն լիովին աջակցում է։

Խորհուրդը ողջունել է 2021 թվականի նոյեմբերի 15-ին Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի ստորագրումը: «Այս համաձայնագրով երկու կողմերն էլ ներգրավվում են Հայաստանի ավիացիոն անվտանգության բարելավման գործընթացում, որը կարող է աստիճանաբար հանգեցնել Հայաստանի ընդգրկմանը ԵՄ ավիացիոն շուկայում` օդային տրանսպորտի նոր հնարավորություններով, ավելի ուղիղ հաղորդակցություններով և երկու կողմերի համար տնտեսական օգուտներով»։

Գործընկերության խորհուրդը գոհունակություն է հայտնել «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում հաջող համագործակցության կապակցությամբ և ողջունել է Հայաստանի մասնակցությունը ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին, որը թույլ կտա շարունակել հայ հետազոտողների և հետազոտական կազմակերպությունների մասնակցությունը Եվրոպական հետազոտական և նորարարական ծրագրերին:

Անդրադառնալով Մուտքի արտոնագրերի դյուրացման և Ռեադմիսիայի համաձայնագրերին՝ ԵՄ-ն արձանագրել է դրանց, ընդհանուր առմամբ, հաջող իրականացումը և առաջարկել Հայաստանին շարունակել ջանքերը:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն




Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,