ԵՄ-Չինաստան գագաթնաժողով. Ուկրաինայում խաղաղության և կայունության վերականգնումն ընդհանուր պատասխանատվություն է
4 Ապրիլի, 2022

ԵՄ-Չինաստան գագաթնաժողով. Ուկրաինայում խաղաղության և կայունության վերականգնումն ընդհանուր պատասխանատվություն է


Ապրիլի 1-ին Եվրոպական միությունը և Չինաստանը տեսակոնֆերանսի միջոցով անցկացրին իրենց 23-րդ երկկողմ գագաթնաժողովը, որին մասնակցում էին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը և նախագահ Սի Ցզինպինը:

ԵՄ-ը և Չինաստանը լայնորեն անդրադարձել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիային, համաշխարհային տնտեսությանը, պարենային և էներգետիկ անվտանգությանը և COVID-19-ի դեմ պայքարին։

ԵՄ-ն Չինաստանին կոչ է արել աջակցել Ուկրաինայում արյունահեղության անհապաղ դադարեցմանն ուղղված ջանքերին՝ աշխարհում Չինաստանի՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի դերի և Ռուսաստանի հետ նրա բացառիկ սերտ հարաբերությունների հանգույն:

«Որպես խոշոր համաշխարհային տերություններ՝ ԵՄ-ն և Չինաստանը պետք է միասին աշխատեն՝ հնարավորինս շուտ դադարեցնելու Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում: Մենք ունենք ընդհանուր պատասխանատվություն խաղաղության ու կայունության պահպանման, ինչպես նաև անվտանգ և կայուն աշխարհի համար: Մենք հույս ունենք, որ Չինաստանն իր աջակցությունը կբերի տևական հրադադարի հասնելու, անհիմն պատերազմը դադարեցնելու և դրա առաջացրած ողբերգական հումանիտար ճգնաժամը հաղթահարելու գործում»,- ասել է Շառլ Միշելը:

«Մենք ընդգծեցինք, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա որոշիչ պահ է ոչ միայն մեր մայրցամաքի, այլև մնացած աշխարհի հետ մեր հարաբերությունների համար։ Պետք է հարգել միջազգային իրավունքը, ինչպես նաև Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ հավելելով, որ Չինաստանը՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ ունի հատուկ պատասխանատվություն։

Անդրադառնալով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը՝ ֆոն դեր Լեյենն ասել է, որ դրանց ընդհանուր առմամբ միացել է ավելի քան 40 երկիր։ «Այնպես որ, մենք նաև շատ հստակ հասկանալ տվեցինք, որ Չինաստանը պետք է եթե ոչ աջակցի, ապա գոնե չմիջամտի մեր պատժամիջոցներին»,- հայտարարել է նա գագաթնաժողովից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նաև ասել է, որ ԵՄ-ի և Չինաստանի միջև երկկողմ առևտրի առումով Ռուսաստանի հետ բիզնես վարելու շարունակումը հեղինակությանը սպառնացող մեծ ռիսկեր է պարունակում. «Սա վստահության, հուսալիության և, իհարկե, երկարաժամկետ ներդրումների վերաբերյալ որոշումների հարց է։ Հիշեցնեմ, որ ամեն օր Չինաստանը և Եվոպական միությունը կատարում են գրեթե 2 միլիարդ եվրոյի ապրանքների և ծառայությունների առևտուր: Համեմատության համար՝ Չինաստանի և Ռուսաստանի միջև առևտուրը կազմում է օրական ընդամենը 330 միլիոն եվրո: Հետևաբար, պատերազմի երկարաձգումը և համաշխարհային տնտեսության համար դրա բերած խաթարումները ձեռնտու չեն ոչ մեկին, և անշուշտ՝ նաև Չինաստանին»:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,