Հունիսի 22-ին «Արևելյան գործընկերության (ԱլԳ) Եվրոպական դպրոց» ծրագիրը Նոր դպրոցի (Վրաստանի միջազգային դպրոց) կազմակերպած վիրտուալ արարողության շրջանակում հպարտությամբ նշել է ԱլԳ վեց երկրներից իր ուսանողների երկրորդ խմբի ավարտելը:
Ուսանողներին, նրանց ծնողներին և դասավանդողներին միացել էին Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և հաստատությունների զարգացման հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը ու ՄԱԿ-ի Ծրագրային ծառայությունների գրասենյակի (UNOPS) գլխավոր քարտուղար և գործադիր տնօրեն Գրետե Ֆարեմոն, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ գլոբալ համավարակի արտակարգ և ծանր ժամանակներում ուսումնական գործընթացն հաջողությամբ ավարտելու կապակցությամբ դպրոցական համայնքի ստեղծարար և դիմակայուն ոգին մեծարելու համար:
Կրթաթոշակային ծրագրի 2021 թվականի դասարանում ընդգրկված էին 34 ուսանողներ՝ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից: Նրանք բոլորը, այդ թվում՝ 24 աղջիկներ հաջողությամբ ավարտել են միջազգային բակալավրիատի (ՄԲ) դիպլոմային ծրագիրը և կշարունակեն բարձրագույն կրթություն ստանալ Եվրոպայի, ԱՄՆ-ի կամ իրենց հայրենի երկրների համալսարաններում: Ուրախալի է, որ շրջանավարտների 30 տոկոսը լրիվ կամ մասնակի կրթաթոշակ են ստացել աշխարհում հայտնի համալսարաններից ու կմիանան Իսպանիայում, Նիդեռլանդներում, Հունգարիայում, Իտալիայում, Բելգիայում, Էստոնիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Քաթարում, Թուրքիայում, ԱՄՆ-ում և Կանադայում իրենց հասակակիցներին:
«Այսօրվա ավարտական դասի հաջողությունը նաև դիմակայունության և վճռականության դաս է: Դուք «թվայնացաք» և օգտվեցիք ձեր առջև ծառացած դժվարություններից դասեր քաղելու հնարավորությունից: Դուք ցուցաբերեցիք նվիրվածություն և ոգևորություն: Նոր դպրոցն օգնեց ձեր անհատական զարգացմանը և սեփական ապագան ձևավորելու հարցում ավելի ինքնուրույն դառնալուն»,- ավարտական միջոցառման ժամանակ իր ելույթում նշել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և հաստատությունների զարգացման հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը:
2018 թվականին կրթաթոշակային ծրագրի մեկնարկից ի վեր ԵՄ ֆինանսավորմամբ երկամյա կրթաթոշակ է շնորհվել արևելյան գործընկեր 6 երկրների տարբեր քաղաքային և գյուղական բնակավայրերից ընդհանուր առմամբ ավելի քան 105 ուսանողների՝ միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագրի շրջանակում կրթություն ստանալու համար: 2021թ. դրությամբ Եվրոպական դպրոցն ավարտել է երկու խումբ՝ բաղկացած 64 ուսանողներից (44 աղջիկ և 20 տղա), որոնք, ավարտելով ՄԲ դիպլոմային ծրագիրը, շարունակել են զարգացնել իրենց կարիերան բազմապիսի ոլորտներում՝ տնտեսագիտություն, կենսաքիմիական ճարտարագիտություն, ֆիզիկա, սոցիալական գիտություններ, արվեստ և մշակույթ, հաղորդակցություն և մեդիա, միջազգային և գլոբալ հարաբերություններ, բժշկագիտություն, իրավունք, ազատ արվեստ և համակարգչային գիտություններ: 2021-2023 ուսումնական շրջանի ընթացքում ծրագրին պատրաստվում է միանալ 40 ուսանողից բաղկացած մեկ այլ խումբ` դիմումների, գրավոր թեստերի և հարցազրույցների միջոցով խիստ մրցակցային հավաքագրման գործընթացն ավարտելուց հետո:
«Արևելյան գործընկերության Եվրոպական դպրոցը» ծրագիրը մրցունակ և արժանիքների վրա հիմնված կրթաթոշակային ծրագրի միջոցով Եվրոպական ուսումնասիրությունների ուղղվածությամբ բարձրորակ կրթություն է առաջարկում ԱլԳ 6 երկրների ավագ դպրոցի բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներին: Ակնկալվում է, որ ծրագիրը կբարձրացնի ուսանողների կրթության և զբաղվածության հնարավորությունները՝ խթանելով համագործակցությունը, բազմամշակութային ըմբռնումը, հանդուրժողականությունը և հիմնարար արժեքները և նպաստելով ԵՄ-ի և տարածաշրջանում նրա ներգրավվածության ավելի լավ ըմբռնմանը:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից: Այն իրականացնում է Ծրագրային ծառայությունների գրասենյակը (UNOPS)` Նոր դպրոցի (Վրաստանի միջազգային դպրոց), Վրաստանի կրթության և գիտության նախարարության և Միջազգային բակալավրիատի (ՄԲ) կազմակերպության հետ համագործակցությամբ:
Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,