Եվրամիությունը հայտարարում է COVAX-ին լրացուցիչ 500 միլիոն եվրո հատկացնելու մասին` ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, ներառյալ արևելյան գործընկեր պետություններում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի հասանելիություն ապահովելու համար
26 Փետրվարի, 2021

Եվրամիությունը հայտարարում է COVAX-ին լրացուցիչ 500 միլիոն եվրո հատկացնելու մասին` ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, ներառյալ արևելյան գործընկեր պետություններում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի հասանելիություն ապահովելու համար


Փետրվարի 19-ին Եվրոպական միությունը հայտարարեց COVAX գործիքին լրացուցիչ 500 միլիոն եվրո հատկացնելու մասին՝ կրկնապատկելով համաշխարհային այս նախաձեռնությանը մինչ օրս իր կատարած ներդրումը, որը գլխավորում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում COVID-19-ի դեմ անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի արդար և հավասար հասանելիության ապահովման ջանքերը: Նվիրատվության այս նոր խոստումը Եվրոպական միությանը մոտեցնում է COVAX-ի սահմանած նպատակին, այն է՝ մինչև 2021 թ-ի ավարտը 1,3 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ ապահովել ցածր և միջին եկամուտ ունեցող 92 երկրների, այդ թվում` Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար: «Team Europe»-ը COVAX-ի առաջատար ներդրողներից է՝ ավելի քան 2,2 միլիարդ եվրո նվիրատվությամբ, որը ներառում է նախորդ շաբաթ Գերմանիայի ևս 900 միլիոն եվրոյի խոստումը։

«Անցյալ տարի կորոնավիրուսին մեր գլոբալ արձագանքի շրջանակներում ստանձնեցինք մոլորակի յուրաքանչյուր անկյունում պատվաստանյութերի համընդհանուր հասանելիություն ապահովելու հանձնառություն բոլոր նրանց համար, ովքեր կունենային դրանց կարիքը։ COVAX-ը լավագույնս է համապատասխանում այդ նպատակին հասնելու գործում մեզ օգնելու համար։ Ահա թե ինչու մենք որոշեցինք կրկնապատկել Եվրոպական հանձնաժողովի ներդրումը COVAX-ին՝ այն հասցնելով 1 միլիարդ եվրոյի: Այս նոր ֆինանսական խթանով մենք ցանկանում ենք ապահովել պատվաստանյութերի շուտափույթ առաքումը ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներ, քանի որ մենք ապահով կլինենք միայն այն դեպքում, երբ ամբողջ աշխարհն ապահով կլինի», – Մեծ յոթնյակի առաջնորդների վիրտուալ հանդիպման ժամանակ նշել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը` հայտարարելով նոր ներդրման մասին։

Ներդրումը բաղկացած է 300 միլիոն եվրոյի չափով ԵՄ նոր դրամաշնորհից և «Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ պլյուս»-ի (ԿԶԵՀ +) կողմից 200 միլիոն եվրոյի չափով երաշխիքներից, որը կաջակցի Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) տրամադրած վարկին: Անհրաժեշտ է, որպեսզի Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիքն (ՀԶՄՀԳ) արժանանա Խորհրդի ու Եվրոպական խորհրդարանի հաստատմանը: «ԿԶԵՀ +»-ի երաշխավորությամբ ԵՆԲ վարկը ենթակա է հաստատման ԵՆԲ տնօրենների խորհրդի կողմից: Այս միջոցները կլրացնեն ԵՄ բյուջեից 100 միլիոն եվրոյի չափով նախորդ դրամաշնորհին և 400 միլիոն եվրոյի չափով երաշխիքներին:

Ներկա պահին COVAX-ին մասնակցում են 191 երկրներ։ Դրանցից 92-ը՝ ցածր և միջին եկամուտ ունեցող տնտեսություններով, ունեն COVID-19-ի դեմ պատվաստանյութերի նկատմամբ հասանելիության իրավունք՝ «Gavi» պատվաստանյութերի դաշինքի միջոցով:

COVAX մեխանիզմը նպատակ ունի մինչև 2021 թ-ի ավարտը ձեռք բերել 2 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ, որից առնվազն 1,3 միլիարդը՝ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների համար: Այն կօգնի մշակել պատվաստանյութերի բազմազան պորտֆել, որը համաձայնեցված կլինի տարբեր մատակարարների հետ ու կներառի տարաբնույթ գիտական տեխնոլոգիաներ, առաքման ժամկետներ և գներ: Պատվաստանյութերը ձեռք կբերվեն և երկրներին կմատակարարվեն ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մատակարարման բաժնի և Առողջապահության համաամերիկյան կազմակերպության Պատվաստանյութերի հասանելիության շրջանառու հիմնադրամի կողմից:

2020 թ.-ի մայիսի 4-ից ի վեր Եվրոպական հանձնաժողովն իր գործընկերների հետ միասին օգնել է գրեթե 16 միլիարդ եվրո հավաքել կորոնավիրուսին գլոբալ արձագանքի շրջանակներում։ Վերջինս իրենից ներկայացնում է գլոբալ գործողություն` հաջակցություն կորոնավիրուսային թեստերին, բուժմանը և պատվաստանյութերին համընդհանուր հասանելիությանն ու հանուն գլոբալ վերականգնման։ «Team Europe»-ի ներդրումն ունի հետևյալ տեսքը. ԵՄ անդամ երկրներ (3,1 միլիարդ եվրո), Եվրոպական հանձնաժողով (ավելի քան 1,4 միլիարդ եվրո) և ԵՆԲ (գրեթե 2 միլիարդ եվրոյի խոստում՝ մայիսին, և 4,9 միլիարդ եվրոյի խոստում՝ հունիսին):

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ԵՄ գլոբալ արձագանքը կորոնավիրուսին

ԵՄ–ն ԱՀԿ–ի հետ մեկնարկում է նոր ծրագիր, որը կաջակցի պատվաստումների համար Արևելյան գործընկերության երկրների պատրաստությանը

ԵՄ-ի արձագանքը կորոնավիրուսի համավարակին՝ Արևելյան գործընկերության տարածքում

 



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,