Ինչպե՞ս է ԵՄ-ն աջակցում ԶԼՄ-ներին Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Մոլդովայում, Վրաստանում և Ուկրաինայում

7 Մայիսի, 2020

  • Ո՞րն է Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի գործունեության հիմնական տիրույթը
  • Ինչպե՞ս է EED-ն օժանդակում ԶԼՄ-ներին
  • Որո՞նք են ֆինանսավորման աղբյուրները
  • Ո՞ր ԶԼՄ-ները կարող են դիմել և ինչպե՞ս
  • Որո՞նք են ընտրության հիմնական չափանիշները
  • Ինչպե՞ս է տեղի ունենում ընտրության ընթացակարգը
  • Կա՞ն արդյոք ԶԼՄ-ներ, որոնք արդեն իսկ ֆինանսավորում են ստացել
  • Արդյո՞ք EED-ն իրականացնում է այլ գործողություններ, ինչպիսիք են՝ լրագրողների համար դասընթացները, համաժողովները և աշխատաժողովները
Քարտ %1 / %2

Ո՞րն է Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի գործունեության հիմնական տիրույթը

ժողովրդավարության եվրոպական հիմնադրամն (EED) անկախ, դրամաշնորհատու կազմակերպություն է, որը 2013 թ.-ին հիմնադրվել է Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների կողմից՝ որպես ինքնավար միջազգային թրասթային հիմնադրամ: Այն ուղղված է եվրոպական հարևանությունում (Արևելյան գործընկերություն (ԱլԳ) և Մերձավոր Արևելք ու Հյուսիսային Աֆրիկա (MENA)), Արևմտյան Բալկաններում և դրանից դուրս ժողովրդավարության խթանմանը:

 

EED-ն աջակցում է բազմակարծիքային և ժողովրդավարական քաղաքական համակարգերի ուղղությամբ աշխատանք տանող քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, ժողովրդավարամետ շարժումներին, քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներին ու անկախ լրատվական հարթակներին և լրագրողներին: Դրանք կարող են լինել նաև նորաստեղծ կամ չգրանցված կազմակերպություններ, ոչ ֆորմալ հարթակներ, երիտասարդական խմբեր ու անհատներ: EED-ն մասնավորապես աջակցում է նրանց, ովքեր չեն կարող օժանդակություն ստանալ այլ դոնորների և ԵՄ գործող գործիքակազմերի կողմից: Աջակցությունը պայմանավորված է ժողովրդավարական արժեքներին հավատարմությամբ, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքով և բռնության բացառման սկզբունքների պահպանմամբ:

Ինչպե՞ս է EED-ն օժանդակում ԶԼՄ-ներին

EED-ն աջակցում է տեղական լրատվամիջոցների՝ որպես անկախ և որակյալ հաղորդակցման ուղիների զարգացմանը, գոյատևմանն ու աճին, որոնք անհրաժեշտ պայման են լրատվական միջավայրի բազմակարծության և անկախ ու այլընտրանքային տեղեկատվության նկատմամբ հանրային հասանելիության ապահովման համար: Այն ընդգրկում է բոլոր տեսակի լրատվամիջոցները՝ սկսած սկսնակ նախաձեռնություններից, մինչև՝ ավելի խոշոր, արհեստավարժ ԶԼՄներ: EED-ի աջակցությունը կարող է տարածվել անհատ բլոգերներից մինչև թվային պլատֆորմների, երգիծաբաններից մինչև նորարարական լրատվության ու տեղեկատվական հանդեսների վրա:

Աջակցությունն իրականացվում է դրամաշնորհային ֆինանսավորման միջոցով, որն ընդգրկում է անկախ լրատվական գործակալությունների կայունության ամրապնդմանն ու զարգացմանը, ռեպրեսիվ միջավայրերում գործող լրագրողներին և ԶԼՄ-ներին օժանդակությանը կամ նոր լրատվամիջոցների աջակցմանն ուղղված նախաձեռնությունների լայն շրջանակ:

Ֆինանսավորման ծավալի պաշտոնական միջակայք գոյություն չունի: Որպես կանոն, աջակցության համար ներկայացված հայտերը տատանվում են 10,000-ից 150,000 եվրոյի սահմաններում, բայց պրակտիկայում տրամադրվել են նշված միջակայքից ինչպես փոքր, այնպես էլ՝ մեծ ծավալի դրամաշնորհային հատկացումներ: Միջին հաշվով, EED-ի աջակցությունը սովորաբար կազմում է 40,000-ից 60,000 եվրո:

Անցյալ տարի EED-ի կողմից ֆինանսավորված բոլոր նախաձեռնությունների 32%-ը բաժին է հասել Արևելյան գործընկերության տարածաշրջանին, իսկ EED-ի ֆինանսավորման ընդհանուր պորտֆելի մոտ մեկ երրորդը լրատվամիջոցների հետ է կապված: EED-ի աջակցությունը, մասնավորապես, նպատակ ունի լրացնել բացերը այն ոլորտներում, որոնք չեն աջակցվում այլ դոնորների կողմից:

EED-ն աջակցում է նաև զարգացող զանգվածային լրատվամիջոցներին, որոնք նորագույն տեխնոլոգիաներն ու սոցիալական ցանցերը օգտագործում են նորարարական հիմունքներով: Այն նաև ավելի կայացած լրատվամիջոցներին օգնում է դիվերսիֆիկացնել իրենց արտադրանքը, այդ թվում՝ առցանց պրոդուկտների միջոցով, ինչպիսին, օրինակ, podcast-ներն են: EED-ն պայքարող լրատվամիջոցներին տրամադրում է հիմնական ֆինանսավորում և ռեսուրսներ՝ խորքային հետաքննական լրագրության շարունակականության համար: Աջակցություն է ցուցաբերվում նաև լրագրողներին իրավաբանական աջակցություն տրամադրող և խոսքի ազատությունը խթանող կազմակերպություններին:

Ներկայում ֆինանսավորվում են այնպիսի նախագծեր, ինչպիսիք են՝ ZMIST անկողմնակալ զանգվածային առցանց լրատվական հարթակը, որը ստեղծվել է Ուկրաինայի Պոլտավա քաղաքի մի խումբ երիտասարդների կողմից, մոլդովական ProTV անկախ հեռուստաընկերությունը, որը EED դրամաշնորհ է ստացել առաջիկա խորհրդարանական և ՏԻՄ ընտրություններում իր աշխատանքի շարունակականությունն ապահովելու համար, և «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն, որը հետաքննական հոդվածների պատրաստման միջոցով լույս է սփռում ՀՀ ռազմական հաստատություններում տեղ գտնող խախտումների վրա:

Լրատվամիջոցներին տրամադրված դրամաշնորհների լրացուցիչ օրինակների մասին կարելի է տեղեկանալ EED-ի վեբ կայքում՝: Կարող եք ծանոթանալ նաև անհատ դրամաշնորհառուների հետ, ովքեր իրենց պատմությունները պատմում են այստեղ՝ և այստեղ՝:

2016 թվականին իր հիմնադրումից ի վեր EED-ի աջակցության ներքո գործող Ստեղծարար բովանդակության աջակցության հիմնադրամը (Creative Content Support Fund) նպաստում է Արևելյան գործընկերության երկրներում և դրանից դուրս ԶԼՄ-ների հեղինակության և հավասարակշռության բարձրացմանը՝ ամրապնդելով ռուսալեզու անկախ ԶԼՄ-ների առաջարկը տարածաշրջանում: Մինչ օրս Content Fund-ը 20-ից ավելի լրատվական հարթակների տրամադրել է ավելի քան 100 դրամաշնորհներ՝ ընդհանուր 6,4 միլիոն եվրոյի չափով: 2019 թվականը նշանավորվեց որպես Content Fund-ի զարգացման նոր փուլ, երբ այն որպես շահույթ չհետապնդող հիմնադրամ գրանցվեց Բելգիայում: EED-ն շարունակում է մասնակցել հիմնադրամի աշխատանքներին և ընդգրկված է դրա կառավարման խորհրդում: Content Fund-ի կողմից տրամադրվող դրամաշնորհների, հայտերի ներկայացման ընթացակարգի և աջակցություն ստացած նախագծերի մասին ավելին իմանալու համար այցելեք հիմնադրամի վեբ կայք:

Որո՞նք են ֆինանսավորման աղբյուրները

Կառավարման խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի անդամ հանդիսացող քսաներեք եվրոպական երկրներ մասնակցում են EED-ի բյուջեի ձևավորմանը: Կանադան ունի իր սեփական ներդրումը՝ Ուկրաինայի համար հատուկ դրամաշնորհի միջոցով:

Ո՞ր ԶԼՄ-ները կարող են դիմել և ինչպե՞ս

EED-ն ֆինանսավորում է տեղական ցանկացած համապատասխան լրատվամիջոցի, այդ թվում՝ բլոգերներին, թվային հարթակներին, հեռուստակայաններին, ռադիոկայաններին և այլ անկախ լրատվական-տեղեկատվական միջոցներին:

EED-ն կարող է աջակցել անհատներին ու ոչ ֆորմալ խմբերին, ինչպես նաև՝ կայացած լրատվամիջոցներին, և կարող է աջակցել նաև գործառնական ծախսերի (աշխատավարձեր, գրասենյակային և կապի ապահովման ծախսեր) ծածկմանը:

Աջակցության համար հայտի ներկայացման գործընթացը չափազանց պարզ է: Այցելեք EED-ի վեբ կայք և անցեք «Apply for Support» (Դիմել աջակցության համար) բաժին, որտեղ կարող եք գտնել հայտի ձևն ու ուղեցույցը:

EED-ն աջակցության համար հայտերը դիտարկում է մշտական հիմունքներով, այնպես որ հայտատուները կարող են ցանկացած պահի ներկայացնել իրենց առաջարկները, քանզի հայտամրցույթներ և վերջնաժամկետներ գոյություն չունեն:

Այն հայտատուները, որոնց անվտանգությունը հատկապես վտանգված է, կարող են օգտվել իրենց հայտը գաղտնագրելու առանձին ապահով համակարգից և այն ուղղակիորեն ուղարկել [email protected] հասցեով:

Որո՞նք են ընտրության հիմնական չափանիշները

EED-ն հատուկ ուշադրություն է դարձնում այն դեպքերին, երբ վարչական, իրավական, սոցիալական և քաղաքական արգելքները խոչընդոտում են քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների զարգացմանը: EED-ն իր գործունեության շրջանակներում նշանակալի քաղաքական և գործառնական ռիսկերի է ենթարկվում:

Հիմնադրամի գլխավոր առանձնահատկությունը կայանում է բարդ միջավայրերում գործունեություն ծավալելու իր ունակության մեջ: Միջավայրեր, որտեղ չեն կարողանում աշխատել այլ դոնորները: Այն հաճախ աշխատում է ոչ մեծ, սկսնակ խմբերի հետ, որոնք նպաստում են հասարակության ժողովրդավարացմանը: EED-ն նրանց օգնում է զարգացնել իրենց կարողությունները՝ հետագայում ավելի մեծ ֆինանսավորման սխեմաների դիմելու համար:

EED-ն հաճախ է աջակցում անկախ ԶԼՄ-ներին, որոնք փորձարարություններ են անում նորարարական գաղափարների հետ, իրենց ձայնը հասցնում են առանձին թիրախային լսարաններին ու նպաստում են ԶԼՄ-ների բազմակարծությանը: Կախված համատեքստից՝ աջակցություն կարող են ստանալ նաև բարդ պայմաններում աշխատող ու իրենց գոյության համար կռիվ տվող արհեստավարժ անկախ ԶԼՄ-ները:

EED-ն հայտեր է ընդունում անկախ ԶԼՄ-ներից, որոնք միջոցներ են փնտրում նոր ալիքների կամ արտադրանքների գործարկման համար, ունեն զարգացման կամ գոյատևման աջակցության կարիք և չունեն հասանելիություն դոնորային ֆինանսավորման այլ ձևերի նկատմամբ:

Ինչպե՞ս է տեղի ունենում ընտրության ընթացակարգը

Լրատվական կազմակերպությունները կամ անհատները կարող են դիմել ուղղակիորեն՝ EED-ի վեբ կայքի միջոցով, հետևյալ հասցեով՝ www.democracyendowment.eu: Ֆինանսավորման ցիկլ գոյություն չունի, իսկ աջակցության համար ներկայացված հայտերը ստացվում և քննվում են յուրաքանչյուր պահի:

Դուք կստանաք ձեր ուղարկած հայտի ստացումը հաստատող ավտոմատ էլեկտրոնային ծանուցում, իսկ EED-ի ծրագրի ղեկավարները թեկնածուների խիստ ընտրության ընթացակարգի շրջանակներում լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կդիմեն լրատվական կազմակերպություններին: EED-ն փորձում է հայտատուներին վերջնական պատասխան տալ 12 շաբաթվա ընթացքում:

Ֆինանսավորման վերաբերյալ որոշումներն իր հերթական նիստերի շրջանակներում ընդունում է EED-ի գործադիր կոմիտեն՝ EED քարտուղարության կողմից կազմակերպական մանդատին համապատասխան իրականացված գնահատումից հետո: EED-ն հնարավորինս հետևողական է հարավային և արևելյան հարևանությունների միջև միջոցները բաշխելիս աշխարհագրական հավասարակշռության պահպանմանը:

Բացառիկ դեպքերում EED-ն կարող է հրատապ հիմունքներով սահմանափակ թվով հայտեր մշակել: Հրատապ օգնություն խնդրելու համար դուք պետք է նշում կատարեք ստորին հատվածում գտնվող աղյուսակում և ներկայացնեք համառոտ բացատրություն, թե ինչու է ձեր խնդրանքը հրատապ, ինչպես նաև՝ հրատապ ֆինանսավորում չստանալու դեպքում հնարավոր հետևանքները:

Կա՞ն արդյոք ԶԼՄ-ներ, որոնք արդեն իսկ ֆինանսավորում են ստացել

EED-ի կողմից աջակցված բոլոր նախաձեռնությունների շուրջ մեկ երրորդը կազմում են ԶԼՄ-ները: Ֆինանսավորում ստացած ԶԼՄ-ների մասին առավել ընդգրկուն տեղեկություններ կարելի է ստանալ EED-ի վեբ կայքում՝:

ԶԼՄ-ներին EED-ի աջակցության վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների և օրինակների համար ներբեռնեք անկախ ԶԼՄ-ների ոլորտում EED-ի կատարած աշխատանքի վերաբերյալ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ՝ ՀԱՆՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ» հաշվետվությունը:

 

Արդյո՞ք EED-ն իրականացնում է այլ գործողություններ, ինչպիսիք են՝ լրագրողների համար դասընթացները, համաժողովները և աշխատաժողովները

EED-ի բազմաթիվ դրամաշնորհառուներ իրականացնում են ԶԼՄ-ների համար նախատեսված գործողություններ, ինչպիսիք են՝ դասընթացները, համաժողովները և աշխատաժողովները, և EED-ին դիմում են, որպեսզի դրամաշնորհ ստանան այդպիսի գործողությունների համար: EED-ն այդպիսի տեխնիկական օժանդակություն ուղղակիորեն չի տրամադրում:

Զետեղել
The recommended iFrame size is 100% width and 750px height


ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ


Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,