Հայաստանի Եվրոպացի երիտասարդ դեսպաններ

30 Օգոստոսի, 2023

  • Ես լսել եմ երիտասարդ եվրոպական դեսպանների մասին, բայց վստահ չեմ, թե գիտեմ՝ ովքեր են նրանք և ինչ են անում:
  • Ի՞նչ օգուտ կքաղեմ ես՝ լինելով երիտասարդ եվրոպական դեսպան:
  • Արդյո՞ք ես կվարձատրվեմ իմ աշխատանքի համար՝ որպես երիտասարդ եվրոպական դեսպան:
  • Ես կցանկանայի դառնալ երիտասարդ եվրոպական դեսպան: Ինչպե՞ս կարող եմ դիմել:
  • Ինչպե՞ս են ընտրվում երիտասարդ եվրոպական դեսպանները:
  • Քանի՞ երիտասարդ եվրոպական դեսպան կա Հայաստանում: Ի՞նչ բնույթի գործունեությամբ են նրանք զբաղված եղել այս ընթացքում:
  • Ես չեմ կարող միանալ երիտասարդ եվրոպական դեսպաններին, սակայն կցանկանայի մասնակցել նրանց միջոցառումներին. արդյո՞ք դա հնարավոր է:
Քարտ %1 / %2

Ես լսել եմ երիտասարդ եվրոպական դեսպանների մասին, բայց վստահ չեմ, թե գիտեմ՝ ովքեր են նրանք և ինչ են անում:

«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (ԵԵԴ) նախաձեռնությունն ապաքաղաքական, կամավորական, կենսունակ հաղորդակցական ցանց է, որը կապում և բարեկամության կամուրջներ է կառուցում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և ԵՄ անդամ երկրների ու Միացյալ թագավորության երիտասարդների միջև։ Ցանցի նպատակն է` բարձրացնել իր արևելյան գործընկեր երկրների հետ ԵՄ համագործակցության մասին իրազեկությունը, ցուցադրել այդ համագործակցության շոշափելի արդյունքները, նպաստել տարբեր թեմաների շուրջ քաղաքական երկխոսությանը, բարձրացնել քաղաքացիական ակտիվության մակարդակը և միասին աշխատել հանուն ավելի լավ ապագայի:

«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը հիմնադրվել է 2016 թվականի հունիսին՝ որպես «EU NEIGHBOURS east» ծրագրի մաս, եւ մինչ օրս ունեցել է ավելի քան 1,700 երիտասարդ մասնակից ավելի քան 30 տարբեր երկրներից:

2023թ դրությամբ արեւելյան գործընկեր վեց երկրներում, ԵՄ անդամ 27 պետություններում եւ Մեծ Բրիտանիայում գործում են ավելի քան 30 տարբեր ազգություններ ներկայացնող ավելի քան 500 երիտասարդ եվրոպական դեպաններ։

Երիտասարդ եվրոպական դեսպաններն ուսանողներ, երիտասարդ մասնագետներ եւ համայնքային ակտիվիստներ են, ովքեր կամավորական հիմունքներով ժամանակ են հատկացնում ու մասնակցում տարբեր երկրներում եւ առցանց կարգով անցկացվող հարյուրավոր միջոցառումների: Սեղմիր այստեղ՝ նրանց ՊՐՈՖԻԼՆԵՐԸ տեսնելու համար:

«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունն իր ցանցի անդամներին առաջարկում է կամավորության, կարիերայի զարգացման եւ երիտասարդական առաջնորդության հնարավորություններ: Նրանք իրենց ներդրումն են ունենում քաղաքացիական ակտիվության տարբեր ձեւերի մեջ, այդ թվում.

  • Եվրաակումբներ. հայաստանյան երիտասարդ եվրոպական դեսպանների ջանքերով երկրում գործում են երկու Եվրաակումբներ՝ Օշականում եւ Վայքում: Եվրաակումբները շահառուներին առաջարկում են հմտությունների զարգացման դասընթացներ, տեղեկատվական սեմինարներ եւ երիտասարդների ակտիվությանն ուղղված տարատեսակ այլ միջոցառումներ:
  • Դպրոցներ եւ համալսարաններ այցելություններ՝ դպրոցների աշակերտներին եւ համալսարանների ուսանողներին ԵՄ-Հայաստան համագործակցության մասին իրազեկելու եւ այդ համագործակցության արդյունքում ստեղծված հնարավորությունների մասին տեղեկացնելու նպատակով:
  • Համագործակցություն երիտասարդական կազմակերպությունների հետ. Հայաստանում երիտասարդ եվրոպական դեսպանները համատեղ գործունեություն են ծավալում երիտասարդական կազմակերպությունների հետ կամ միանում են ավելի մեծ երիտասարդական միջոցառումներին: Նշված գործունեության ձեւերը կարող են ներառել շնորհանդեսներ, սեմինարներ, վերապատրաստման դասընթացներ, մասնակցություն հանրային տոնավաճառներին եւ այլն:
  • Հայ երիտասարդների քաղաքացիական ակտիվությանն ուղղված տարատեսակ միջոցառումներ, ինչպիսիք են ֆիլմերի ցուցադրությունները, սեղանի խաղերը, բարեգործական ակցիաները, պանելային քննարկումները, հանրային վիկտորինաները եւ այլն:
  • Մասնակցություն միջազգային միջոցառումներին, ներառյալ Եվրոպական երիտասարդական միջոցառմանը, Արեւելյան գործընկերության համաժողովներին,  ԵՄ ուսումնական այցերին ու սեմինարներին, որոնք ընդգրկում են ամբողջ տարածաշրջանն ու ԵՄ անդամ պետությունները:

Ի՞նչ օգուտ կքաղեմ ես՝ լինելով երիտասարդ եվրոպական դեսպան:

Լինելով երիտասարդ եվրոպական դեսպան` դու հնարավորություն կստանաս ձեռք բերել նոր երիտասարդ համախոհներ եւ զարգացնել անձնային ու մասնագիտական ունակություններդ: Կկարողանաս ծանոթանալ քեզ հետ միեւնույն գաղափարներն ու հետաքրքրությունները կիսող այլ երիտասարդների հետ՝ քո եւ այլ երկրներից: Կշրջես ամբողջ երկրում եւ կշփվես այլ մարդկանց հետ՝ խոսելով Եվրոպական միության, քո երկրի հետ վերջինիս գործընկերության, ինչպես նաեւ դրա ընձեռած հնարավորությունների մասին: Այս ամենը կօգնի բարելավել քո թիմային աշխատանքի, նախագծերի պլանավորման եւ իրականացման, միջոցառումների կառավարման, ներկայացման եւ հանրային խոսքի, լեզուների եւ հաղորդակցության, ինչպես նաեւ բովանդակության ստեղծման ունակությունները, եթե թվարկելու լինենք դրանք: Նշվածները կարեւոր հմտություններ են, որոնք օգտակար կգտնվեն քո հետագա կարիերայում:

Դու նաեւ կօգտվես դինամիկ եւ ներառական աջակցության համակարգից, որը ներառում է.

  • Ստեղծարար երիտասարդ կամավորների ներառական եւ դրական համայնք՝ գաղափարներով կիսվելու, հիշողություններ ստեղծելու եւ ընկերական հարաբերություններ հաստատելու համար,
  • Նախաձեռնության մենթորներ՝ անձնական ուղղորդման համար,
  • Նախաձեռնության համակարգողներ՝ վարչական եւ նյութատեխնիկական աջակցության համար, որոնք կօգնեն սեփական նախաձեռնությունների իրականացմանը.
  • Մասնակցություն ԵԵԴ ակադեմիային՝ փորձառու մասնագետների մատուցմամբ հաղորդակցության, ռազմավարության, բովանդակության ստեղծման, լսարանի հետ աշխատանքի եւ այլնի վերաբերյալ տեղեկատվություն եւ ուսուցում ստանալու համար.
  • Վեբկայք եւ սոցցանցային հարթակներ, որոնց միջոցով կարելի է կիսվել տեղեկատվությամբ, շփվել եւ փոխազդել լսարանի հետ:

Լինելով ակտիվ հարազատ համայնքում՝ հնարավորություն կստանաս քո ընկերներին, ընտանիքին և երկրին ցույց տալու, թե ինչպիսի միջավայրում ես ցանկանում ապրել: Կկարողանաս հզորացնել քեզ շրջապատող մարդկանց և ազդեցություն ունենալ նրանց կյանքում:

Եվ վերջում, որն ամենակարևորն է, երիտասարդ եվրոպական դեսպան լինելը քեզ հնարավորություն է ընձեռում ձեռք բերել նոր ընկերներ, կիսվել քո գիտելիքներով և փորձով կամ պարզապես բացահայտել ինքդ քեզ ու շրջապատող աշխարհը:

Արդյո՞ք ես կվարձատրվեմ իմ աշխատանքի համար՝ որպես երիտասարդ եվրոպական դեսպան:

Մասնակցությունը «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությանը կամավոր է, և որևէ վարձատրություն նախատեսված չէ:

Երիտասարդ եվրոպական դեսպանների գործունեության կազմակերպումը ֆինանսավորվում է «EU NEIGHBOURS east» ծրագրի կողմից: Այն ներառում է, օրինակ, ինտերակտիվ սեմինարների անցկացման համար այցելությունների կազմակերպումը դպրոցներ և բուհեր, բնապահպանական գործողությունները (օրինակ՝ ծառատունկ, տարածքի մաքրում և այլն), մասնակցությունը արտերկրյա միջազգային միջոցառումներին և այլն:

 

Ես կցանկանայի դառնալ երիտասարդ եվրոպական դեսպան: Ինչպե՞ս կարող եմ դիմել:

Դու կարող ես դիմել, եթե.

  • ԵՄ անդամ պետություններից, Մեծ Բրիտանիայից կամ Արևելյան գործընկերության վեց երկրներից (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն, Ուկրաինա) որևէ մեկի քաղաքացի ես.
  • 16-ից 26 տարեկան ես.
  • վարժ տիրապետում ես անգլերեն լեզվին.
  • հետաքրքրված ես ԵՄ-ով և վերջինիս ու քո երկրի միջև գործընկերությամբ և համագործակցությամբ.
  • հետաքրքրված ես հանրային դիվանագիտությամբ և տեղեկատվության տարածման գործունեությամբ, պատրաստ ես կիսվելու քո գիտելիքներով, փորձով և տեղեկություններով.
  • մոտիվացված ես հարազատ համայնքիդ և երկրիդ զարգացմանը նպաստ բերելու հարցում.
  • հետաքրքրված ես կամավորական գործունեությամբ և պատրաստ ես էական ժամանակ հատկացնել՝ քաղաքացիական մասնակցության գործողություններում ներգրավվելու նպատակով:

Ընտրության բոլոր չափանիշներն և հաճախ տրվող հարցերին կարող ես ծանոթանալ այստեղ: Ամենամյա հայտամրցույթին կարող ես դիմել այստեղ:

Ինչպե՞ս են ընտրվում երիտասարդ եվրոպական դեսպանները:

Երիտասարդ եվրոպական դեսպան դառնալու համար հարկավոր է անցնել որոշակի գործընթացով: Առաջին փուլը երիտասարդ եվրոպական դեսպան դառնալու վերաբերյալ սեփական հետաքրքրության արտահայտումն է՝ մասնակցելով ամենամյա հայտամրցույթին: Հայտերի ընդունման գործընթացի փակվելուց հետո անհրաժեշտ է կատարել ևս մի քանի քայլ, որոնք լրացուցիչ գործողություններ են պահանջում թեկնածուների կողմից: Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի, որից հետո այդ հարցազրույցը հաջողությամբ հաղթահարած թեկնածուներին կառաջարկվի ներկայացնել հավելյալ տեղեկատվություն (օրինակ` տրամադրել պրոֆիլի լուսանկար, ստորագրել համաձայնության ձև, մշակել կայքի պրոֆիլի նկարագրություն և այլն) և, ի վերջո, նրանց պրոֆիլները կուղարկվեն հետագա հաստատման (պաշտոնական շահագրգիռ կողմերին): Հայտերի ընդունման ավարտից մինչև վերջնական արդյունքների ամփոփման գործընթացը տևում է մոտ ութ շաբաթ: Կարող է թվալ, թե այս ամենը ժամանակատար է, բայց ամեն ինչ ավելի հեշտ է, քան թվում է:

Քանի՞ երիտասարդ եվրոպական դեսպան կա Հայաստանում: Ի՞նչ բնույթի գործունեությամբ են նրանք զբաղված եղել այս ընթացքում:

Հայաստանում գործում են 129 երիտասարդ եվրոպական դեսպաններ: Սեղմիր այստեղ՝ նրանց հետ ծանոթանալու համար:

Մինչ օրս հայաստանցի երիտասարդ եվրոպական դեսպանները կազմակերպել եւ իրականացրել են քաղաքացիական ակտիվությանն ուղղված շուրջ 170 միջոցառումներ: Օրինակ, նրանք պարբերաբար այցելում են երկրի տարբեր մարզեր՝ հանդիպում տեղի երիտասարդներին եւ վերջիններիս ներկայացնում ԵՄ կողմից ֆինանսավորվող հնարավորությունները, որոնցից նրանք կարող են օգտվել: Միեւնույն ժամանակ, նրանք օգնում են մարզաբնակ երիտասարդներին գտնել այդպիսի հնարավորություններ, դիմել դրանց եւ հաջողության հասնել այդ ծրագրերում:

Գործունեության մյուս ձեւերից են.

  • այցելություններ դպրոցներ եւ համալսարաններ՝ կիսվելու ԵՄ-ի եւ վերջինիս կողմից երիտասարդներին առաջարկվող հնարավորությունների մասին իրենց գիտելիքներով,
  • բնապահպանական միջոցառումներ,
  • միջազգային եւ հանրային դիվանագիտական միջոցառումներ,
  • սոցիալական հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներ։

Ես չեմ կարող միանալ երիտասարդ եվրոպական դեսպաններին, սակայն կցանկանայի մասնակցել նրանց միջոցառումներին. արդյո՞ք դա հնարավոր է:

ԱՅՈ: Նույնիսկ եթե դու երիտասարդ եվրոպական դեսպան չես, կարող ես մասնակցել նրանց կազմակերպած միջոցառումներին: Հետաքրքրե՞ց: Եթե այո, ապա ստորև ներկայացնում ենք այն տարբերակները, որոնց միջոցով կարող ես հետևել նորություններին.

  • Հավանիր և հետևիր EU NEIGHBOURS east-ի պաշտոնական էջերին Facebook-ում և Instagram-ում: Մենք պարբերաբար տեղեկացնում ենք քո երկրում երիտասարդ եվրոպական դեսպանների հետ շփվելու նոր տարբերակների մասին:
Զետեղել
The recommended iFrame size is 100% width and 750px height


ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ


Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,