Erasmus+ Հայաստանում

  • Ես ցանկանում եմ սովորել արտերկրում, սակայն դրա համար միջոցներ չունեմ։ Կարո՞ղ է արդյոք ԵՄ-ն օգնել ինձ այդ հարցում։
  • Կարծես թե «Էրազմուս +»-ը լավ հնարավորություն է ինձ համար։ Իսկ ինչպե՞ս կարող եմ դիմել
  • Լեզուների իմացության հետ կապված ինչպիսի՞ պահանջներ կան: Արդյո՞ք ես ունեմ անգլերենի իմացությունը հաստատող որևէ վկայականի կարիք
  • Ես կստանա՞մ արդյոք կրթաթոշակ: Եթե այո, ապա՝ որքա՞ն:
  • Որո՞նք են «Էրազմուս +» - ի առավելությունները։ Արդյո՞ք դրանից հետո հեշտ է գտնել լավ աշխատանք։
  • Աշխատանքի մասին. լսել եմ, որ «Էրազմուս+»-ն առաջարկում է նաև Եվրոպայում աշխատանքի տեղավորման հնարավորություններ: Սա իսկապես ճի՞շտ է
  • Ես ուսանող չեմ, բայց կցանկանայի կրթություն կամ ուսուցում ստանալ արտերկրում. կա՞ արդյոք որևէ հնարավորություն ինձ համար
Քարտ %1 / %2

Ես ցանկանում եմ սովորել արտերկրում, սակայն դրա համար միջոցներ չունեմ։ Կարո՞ղ է արդյոք ԵՄ-ն օգնել ինձ այդ հարցում։

Այո, կարող է։ «Էրազմուս +» ծրագրի միջոցով ԵՄ-ն առաջարկում է բակալավրիատի, մագիստրատուրայի և դոկտորանտուրայի մակարդակներում ուսանողական փոխանակումներ եվրոպական բուհերում։ 

Այդ փոխանակումները կլինեն ձեր ընթացիկ ուսումնական ծրագրի մի մասը և կարող են տևել մեկ կիսամյակից մինչև մեկ տարի: Ծրագիրը փոխհատուցում է նաև ձեր ծախսերը: Դուք նաև կարող եք դիմել և ստանալ «Էրազմուսկրթաթոշակ՝ լավագույն եվրոպական համալսարաններում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով:

«Էրազմուս+» ծրագրի շրջանակներում Հայաստանից մոտ 5000 համալսարանական ուսանողներ և դասախոսներ 2015-2020 թթ. ընթացքում կարողացել են ուսանել կամ դասավանդել Եվրոպայում, մինչդեռ 2004 թվականից ի վեր հայաստանցի 141 ուսանող էլ ստացել են մագիստրոսական կրթաթոշակներ: Հատկանշական է, որ վերջիններիս թիվը տարեց տարի ավելանում է, այնպես որ սա հաստատ պետք է փորձել:

Կարծես թե «Էրազմուս +»-ը լավ հնարավորություն է ինձ համար։ Իսկ ինչպե՞ս կարող եմ դիմել

Փոխանակմանը մասնակցելու համար այցելեք ձեր համալսարանի միջազգային հարաբերությունների բաժին: Այնտեղ կասեն, թե ձեր մասնագիտության շրջանակներում ինչպիսի հնարավորություններ են առկա և կօգնեն դիմում ներկայացնել:

Մագիստրատուրայի համար անհրաժեշտ է ուսումնասիրել Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերի կատալոգը, որում ներկայացված է առաջիկա ուսումնական տարում Էրազմուս կրթաթոշակներ առաջարկող դասընթացների ցանկը (2021 թվականին այդ ցանկում ներկայացվել է 149 դասընթաց), ապա կապ հաստատել տվյալ համալսարանի հետ` դասընթացին մասնակցելու և կրթաթոշակ ստանալու համար դիմում ներկայացնելու նպատակով:

Հայաստանում գործող Էրազմուս+ ազգային գրասենյակը ձեզ կօգնի ստանալ ցանկացած տեղեկատվություն: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք ստուգել նշված գրասենյակի կայքէջը, նամակ ուղարկել info@erasmusplus.am էլեկտրոնային փոստով կամ զանգահարել +374 10 580963 հեռախոսահամարով:

Լեզուների իմացության հետ կապված ինչպիսի՞ պահանջներ կան: Արդյո՞ք ես ունեմ անգլերենի իմացությունը հաստատող որևէ վկայականի կարիք

Դա կախված է նրանից, թե դուք որտեղ եք սովորելու և որ լեզուներով եք այնտեղ դասավանդելու: Որոշ փոխանակումներ առաջարկում են դասընթացներ անգլերենով, իսկ մյուսները՝ տեղական լեզուներով: Հիշեք, որ «Էրազմուս»-ի փոխանակմանը մասնակցելն ենթադրում է ուսուցման լեզվով դասախոսությունների ունկնդրում, գրավոր անհատական աշխատանքների պատրաստում և քննությունների հանձնում: Եթե դուք չունեք համապատասխան լեզվի որակավորում, ապա ձեզանից կպահանջվի հանձնել լեզվի քննություն՝ դրա իմացության մակարդակը գնահատելու նպատակով:

Մինչև մեկնելը փոխանակման ծրագրում ներգրավված բոլոր ուսանողները պետք է մասնակցեն «Էրազմուս+»-ի լեզվի իմացության առցանց գնահատմանը: Գնահատման արդյունքները ձեզ չեն խանգարի մասնակցել ծրագրին, բայց կարող են օգտագործվել՝ բացահայտելու համար՝ արդյոք դուք այնպիսի աջակցության կարիք ունեք, որը հասանելի է «Էրազմուս+»-ի լեզուների առցանց դասընթացների միջոցով: Որոշ դեպքերում ընդունող համալսարանը ևս կարող է լեզվի դասընթացներ առաջարկել:

Ես կստանա՞մ արդյոք կրթաթոշակ: Եթե այո, ապա՝ որքա՞ն:

Ուսանողական փոխանակումների դեպքում ԵՄ-ն մինչև 1,500 եվրո տրամադրում է ճանապարհորդության (կախված սեփական և հյուրընկալող երկրների միջև հեռավորությունից) և ամսական 800-900 եվրո էլ` կեցության ծախսերը հոգալու համար:

Մագիստրոսական կրթաթոշակների դեպքում այն կծառայի որպես շահառու ուսանողների կրած ծախսերի ուղղությամբ ներդրում և կծածկի ճանապարհորդության, վիզայի, կեցության և կենսապահովման ծախսերը: Ամսական կրթաթոշակը կազմում է 1,400 եվրո՝ մագիստրոսական ծրագրի ողջ ընթացքի համար:

Որո՞նք են «Էրազմուս +» - ի առավելությունները։ Արդյո՞ք դրանից հետո հեշտ է գտնել լավ աշխատանք։

Բազմաթիվ միջազգային ուսումնասիրություններ ցույց են տվել «Էրազմուս +»-ի շրջանակներում արտերկրում սովորելու առավելությունները։ «Էրազմուս+»-ի շրջանավարտներն աշխատանք գտնելու ավելի մեծ հնարավորություն ունեն, որպես կանոն, նշանակվելով ավելի պատասխանատու պաշտոնների: Բացի այդ, նրանք ավելի հաճախ են սեփական ընկերություններ հիմնում:

Շրջանավարտները, որպես կանոն, նշում են, որ «Էրազմուս+»-ը էական ազդեցություն է ունեցել իրենց անհատական զարգացման և հմտությունների ձեռքբերման գործում. նոր երկրների հետ ծանոթությունն ու տարբեր մշակույթներ ներկայացնող մարդկանց հետ շփումը թույլ են տվել բարելավել նրանց հաղորդակցության և հարմարման հմտությունները: Բայց, որ ամենակարևորն է, նրանք ձեռք են բերել նոր ընկերներ և նոր մասնագիտական հեռանկարներ:

Ասվածը լավագույնս հաստատում են հենց մասնակիցները: Ծանոթացեք Դավիթի, Քրիստինայի, Իրենայի և Սաթենիկի հետ և իմացեք, թե ինչ նշանակություն ունի «Էրազմուս+»-ը նրանց համար: Նրանք նաև թանկարժեք խորհուրդներ են տալիս դիմումի ներկայացման և այս փորձից առավելագույնը ստանալու վերաբերյալ:

Աշխատանքի մասին. լսել եմ, որ «Էրազմուս+»-ն առաջարկում է նաև Եվրոպայում աշխատանքի տեղավորման հնարավորություններ: Սա իսկապես ճի՞շտ է

Այո, «Էրազմուս+»-ն աջակցում է արտասահմանում բակալավրիատի, մագիստրատուրայի և դոկտորանտուրայի ուսանողների, ինչպես նաև վերջին շրջանավարտների (ավարտելուց հետո մեկ տարվա ընթացքում) աշխատանքի տեղավորմանը և պրակտիկային: Սակայն այդ պրակտիկան պետք է համապատասխանի կրթական աստիճանին և, հնարավորության դեպքում, ինտեգրված լինի ձեր ուսումնական ծրագրի հետ: Անհրաժեշտ է ստուգել՝ հնարավո՞ր է արդյոք նմանատիպ պրակտիկայի կազմակերպումն այն համալսարանի միջոցով, որտեղ տվյալ պահին դուք ուսումնառություն եք ստանում: Աշխատանքի տեղավորումը կարող է տևել երկուսից տասներկու ամիս, իսկ «Էրազմուս+» դրամաշնորհները հասանելի են՝ ձեր ծախսերը հոգալու համար:

Արտերկրում աշխատանքի տեղավորման կամ ուսումնական շրջանները նաև հասանելի են, եթե դուք ներկայումս ներգրավված եք մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) գործընթացում: Դուք կարող եք հյուրընկալվել արտերկրյա աշխատավայրում կամ մեկ այլ ՄԿՈՒ հաստատությունում՝ ձեր ուսումնական գործընթացի հետ կապված աշխատանքային ուսուցման ժամանակահատվածներով: Դրա համար անհրաժեշտ է ձեր ՄԿՈՒ հաստատության հետ պարզել, թե արդյոք նշված հնարավորությունները հասանելի են ձեզ համար:

Ես ուսանող չեմ, բայց կցանկանայի կրթություն կամ ուսուցում ստանալ արտերկրում. կա՞ արդյոք որևէ հնարավորություն ինձ համար

Այո: «Էրազմուս+»-ը նախատեսված չէ միայն ուսանողների համար: Վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանից շուրջ 1,500 երիտասարդ և երիտասարդական ոլորտի աշխատող է մասնակցել «Էրազմուս+»-ի համատեղ երիտասարդական նախագծերին (փոխանակումներ, դասընթացներ, քաղաքականության քննարկումներ, կամավորություն):

ԵՄն առաջարկում է երիտասարդական փոխանակումներ, որոնք բաց են 13-ից 30 տարեկան յուրաքանչյուր երիտասարդի առջև և որոնք տևում են 5-ից 21 օր: Դրանք կարող են ներառել աշխատաժողովներ, վարժանքներ, բանավեճեր, դերային խաղեր, բացօթյա միջոցառումներ և այլն: Այս փոխանակումները տեղի են ունենում երիտասարդական կազմակերպությունների միջոցով և դուք՝ որպես անհատ, չեք կարող դրանց դիմել ուղղակիորեն: Լրացուցիչ տեղեկությունների համար կապվեք Հայաստանում Erasmus+ Youth տեղեկատվության կենտրոնի հետ` այցելելով նրանց կայքէջ կամ ֆեյսբուքյան էջ, զանգահարելով +374 94 525254 հեռախոսահամարով կամ գրելով info.armenia@salto-youth.net էլ. հասցեով:

Արտերկրում փորձ ձեռք բերելու ևս մեկ հրաշալի հնարավորություն է կամավորությունը՝ Եվրոպական կամավորական ծառայության միջոցով: Սա տարբեր մշակույթների հետ ծանոթանալու և նոր ընկերներ ձեռք բերելու, ինչպես նաև այլոց օգնելու ու նոր հմտություններ ստանալու յուրահատուկ ճանապարհ է: Դուք պետք է լինեք 17-ից 30 տարեկան և պատրաստ՝ արտասահմանում երկու շաբաթից մինչև 12 ամիս անցկացնելու: Կամավորության ծրագրերը կարող են լինել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մշակույթը, երիտասարդությունը, սպորտը, երեխաները, մշակութային ժառանգությունը, արվեստը, կենդանիների բարեկեցությունը կամ շրջակա միջավայրը: Դիմումի ներկայացման մանրամասներին կարելի է ծանոթանալ Եվրոպական կամավորական ծառայության պորտալում:

Զետեղել