Դու նույնպես կարող ես: Ինչպե՞ս է ԵՄ-ն աջակցում կանանց ձեռներեցությանը Հայաստանում

22 Փետրվարի, 2021

  • Ես ուզում եմ սկսել իմ սեփական բիզնեսը, բայց վստահ չեմ, որ գաղափարս կաշխատի: Ո՞վ կարող է ինձ խորհուրդ տալ:
  • Ես արդեն ունեմ բիզնես, բայց որպես գործարար կին իմ ամենամեծ մարտահրավերը գումար ձեռք բերելն է՝ իմ գործում քայլ առաջ կատարելու համար: Գոյություն ունի՞ արդյոք ԵՄ աջակցության որևէ տարբերակ ինձ համար:
  • Կա՞ն արդյոք իմ նման կանայք, ովքեր իրենց սեփական բիզնեսը սկսել կամ նոր մասնագիտացում են ստացել ԵՄ աջակցությամբ:
  • Ես վստահ չեմ, որ բիզնես սկսելու ցանկություն ունեմ, բայց ուզում եմ ձեռք բերել նոր հմտություններ, որոնք ինձ կօգնեն աշխատանք գտնել: ԵՄ-ն կարո՞ղ է ինձ որևէ բան առաջարկել:
  • ՈՒ՞մ կարող եմ դիմել օգնության համար:
Քարտ %1 / %2

Ես ուզում եմ սկսել իմ սեփական բիզնեսը, բայց վստահ չեմ, որ գաղափարս կաշխատի: Ո՞վ կարող է ինձ խորհուրդ տալ:

Եվրոպական միությունը շատ ակտիվ է նոր բիզնեսների զարգացմանն աջակցելու հարցում, մասնավորապես՝ կանանց շրջանում, և առավել ևս՝ ՀՀ մարզերում: Այնպես որ մի կարծիր, թե անպայման պետք է գտնվես Երևանում, ունենաս բարձրագույն կրթություն կամ արդեն իսկ հիմնադրված բիզնես՝ ԵՄ կողմից աջակցություն ստանալու համար:

armenia1

Ահա մի շարք օրինակներ.

«Քաղաքապետներն հանուն տնտեսական զարգացման» ծրագիրը տեղական իշխանություններին աջակցում է տնտեսական աճի խթանման և աշխատատեղերի ստեղծման գործում: Սևանը, որը մեկն է ծրագրին միացած հայկական 74 համայնքներից, անցել է ընտրության փուլը և իրականացնում է առաջնակարգ մի նախագիծ: Այդ նախագծի շրջանակներում ստեղծվել է Սևանի բիզնես կենտրոնը, որն առաջարկում է պատրաստի լուծումներ և աջակցություն է ցուցաբերում կին ձեռներեցներին (հատկապես նրանց, ովքեր գտնվում են իրենց գործունեության ամենավաղ փուլում)՝ օգնելով նրանց կառուցել ուժեղ և կայուն բիզնեսներ: Առաջին վեց ամսվա ընթացքում բիզնես կենտրոնը 12 կին ձեռներեցների է աջակցել մանրամասն բիզնես պլանի մշակման հարցում, իսկ ավելի քան 150 կին էլ մասնակցել է տարբեր կրթական և ցանցային միջոցառումների:

Եթե ունես նորարարական գաղափար, ապա դիմիր Ստարտափ Ակադեմիա, որը ստեղծվել է EU4Business-ի աջակցությամբ: Ակադեմիան շարունակում է հանդես գալ նոու-հաուներով և տրամադրել փորագիտական աջակցություն՝ իր մասնագիտացված եռամսյա ծրագրի միջոցով, որի շրջանակներում անցկացվել է ավելի քան 160 նստաշրջան և սեմինար: Այն ունեցել է 71 ստարտափ — շրջանավարտ, որոնք հավաքել են ավելի քան 4 միլիոն եվրոյի ֆինանսավորում` իրենց գաղափարները կյանքի կոչելու և շուկա դուրս բերելու համար:

Նշվածներից բացի, «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) 1,7 միլիոն եվրո արժողությամբ գյուղատնտեսության աջակցության հատուկ ծրագիրն աջակցում է Հայաստանի հյուսիսային մարզերում կանաչ գյուղատնտեսության զարգացմանը: Անպայման հետևիր ծրագրի ֆեյսբուքյան էջին՝ ուսուցման և ֆինանսավորման հնարավորությունների համար:

Հայ ձեռնարկատերերը օգտվում են նաև ԵՄ-ի «COSME» ծրագրից, որը տրամադրում է ՓՄՁ զարգացման դրամաշնորհներ, ինչպես նաև ֆինանսավորում է Ձեռնարկությունների եվրոպական ցանցին: Վերջինս հայկական ՓՄՁ-ներին օգնում է բիզնեսի և տեխնոլոգիական գործընկերներ գտնել Եվրոպայում և այլուր: Եթե դու նոր ես բիզնես սկսում, ապա կարող ես օգտվել «Էրազմուս՝ երիտասարդ ձեռնարկատերերի համար» ծրագրից, որը սկսնակ կամ այդպիսի ձգտում ունեցող ձեռներեցներին հնարավորություն է տալիս սովորել այլ մասնակից երկրներում փոքր բիզնեսներ վարող փորձառու ձեռնարկատերերից:

«EU4Youth» նախաձեռնության հինգ ծրագրեր՝ «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում սահմանամերձ գյուղերում՝ կանաչ առաջընթացի համար» (SEED), «Սոցիալական ձեռներեցությունը Հայաստանում և Վրաստանում» (SEAG), «SAY YES. հմտություններ աշխատանքի համար», «Զբաղունակություն և կայունություն» և «Զբաղունակության ներուժի զարգացում», ձեռնարկատիրական դասընթացների և մենթորության հնարավորություններ են առաջարկում երիտասարդ կանանց համար: 2018-2020 թթ. ժամանակահատվածում Հայաստանում 3461 երիտասարդ կին օգտվել են նշված ծրագրերի շրջանակներում կազմակերպված դասընթացներից և սեմինարներից, 147-ը մասնակցել են պրակտիկաների, 86-ն՝ աջակցություն ստանալուց հետո, դարձել են ինքնազբաղված, իսկ 12-ն էլ ստացել են դրամաշնորհներ՝ իրենց բիզնեսը հիմնելու համար:

Ես արդեն ունեմ բիզնես, բայց որպես գործարար կին իմ ամենամեծ մարտահրավերը գումար ձեռք բերելն է՝ իմ գործում քայլ առաջ կատարելու համար: Գոյություն ունի՞ արդյոք ԵՄ աջակցության որևէ տարբերակ ինձ համար:

Եթե ցանկանում ես զարգացնել քո բիզնեսը, ապա Հայաստանում մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված «EU4Business» նախաձեռնության ներքո հասանելի են ֆինանսավորման (և վերապատրաստման) մի շարք ծրագրեր:

Մասնավորապես, ՎԶԵԲ-ի «Գործարար կանայք» ծրագիրն առաջարկում է վարկեր, վերապատրաստումներ և խորհրդատվական ծառայություններ, որոնք նախատեսված են հատուկ կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների համար: Ծրագիրն աշխատում է տեղում իր գործընկերների՝ «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ի, «Ամերիաբանկ»-ի, «Արարատբանկ»-ի և «Հայէկոնոմբանկ»-ի հետ՝ առաջարկելով նպատակային ֆինանսավորման այնպիսի հնարավորություններ, որոնք ուղղված են կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ների կարիքների արձագանքմանը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելի ր նշված կազմակերպությունների կայքէջէր կամ ուղղակի մտի ր մոտակա մասնաճյուղ: Բանկերի ներկայացուցիչներին կարող ես հանդիպել նաև անձամբ՝ ՎԶԵԲ-ի «Գործարար կանայք» սեմինարների շրջանակներում:

Ծրագիրն առաջարկում է նաև «Business Lens» անհատականացված առցանց գործիքը, որի միջոցով հնարավոր է գնահատել քո բիզնեսն ու հասկանալ, թե ինչպիսի աջակցության կարող է հավակնել այն:

«Գործարար կանայք» ծրագրից զատ, փոքր ծավալի վարկեր է տրամադրում նաև Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (EFSE) (միջին վարկի չափը կազմում է 9000 եվրո), որն հասանելի է ոչ միայն ՓՄՁների, այլև՝ գյուղատնտեսության, արդյունաբերության, առևտրի և սպասարկման ոլորտներում գործող գերփոքր ձեռնարկությունների համար: Համանման վարկեր հասանելի են նաև «Green for Growth» ծրագրի միջոցով: Հայաստանյան փոքր բիզնեսների համար հասանելի բոլոր վարկերի և դրամաշնորհների մասին տեղեկատվության համար այցելիր EU4Business-ի կայքէջ:

«Խորհրդատվություն փոքր բիզնեսին» ծրագրի շրջանակներում էլ հնարավոր է սուբսիդավորված խորհրդատվական ծառայություններ ստանալ ռազմավարական պլանավորման, մարքեթինգի, գործառնությունների, որակի կառավարման, էներգաարդյունավետության, ֆինանսական կառավարման և բազմաթիվ այլ ոլորտներում: Այցելիր ՎԶԵԲի կայքէջ և իմացիր, թե ինչպես կարող ես դիմել: Այցելիր նաև նրանց ֆեյսբուքյան էջ և ծանոթացիր Հայաստանի ողջ տարածքից բազմաթիվ կանանց ու փոքր ձեռնարկությունների օրինակների հետ, որոնք օգտվել են ծրագրից:

Եթե ունես գաղափար, որը ցանկանում ես զարգացնել զբոսաշրջության ոլորտում, ապա «EU4Business»-ի մեկ այլ՝ «Նորարարական զբոսաշրջության և տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում» (EU-ITTD) ծրագիրը հնարավորություններ կառաջարկի մինչև 2023 թ.-ի ապրիլ ամիսը: Ծրագրի թիրախում Հայաստանի երեք հյուսիսային մարզերն են` Շիրակը, Լոռին և Տավուշը: Դրամաշնորհները նպատակ ունեն ընդլայնել զբոսաշրջային բիզնեսում նորարարական մոտեցումները և աջակցություն ցուցաբերել ձեռնարկություններին: Կլինեն նաև տեխնոլոգիական ստարտափների համար դրամաշնորհների հնարավորություններ: Բիզնեսի զարգացման գործում գենդերային հավասարությունը ծրագրի համար առաջնահերթություն է, ուստի կին ձեռներեցների կամ կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների կողմից հայտերի ներկայացումը խրախուսվում է:

Կա՞ն արդյոք իմ նման կանայք, ովքեր իրենց սեփական բիզնեսը սկսել կամ նոր մասնագիտացում են ստացել ԵՄ աջակցությամբ:

Նրանք ավելի շատ են, քան դու կարծում ես:

2019 թ.-ին Հայաստանում 226 կին ձեռներեցներ ՓՄՁների համար ԵՄ աջակցության ծրագրերի շրջանակներում գրեթե 1 միլիոն եվրո ընդհանուր ծավալով վարկեր, իսկ 143ն էլ՝ ավելի քան 1,5 միլիոն եվրո ծավալով դրամաշնորհներ ստացան: Ավելի քան 2500ը օգտվել են խորհրդատվական ծառայություններից: Աջակցություն ստացած ընկերությունների շրջանառությունն աճել է գրեթե 36 միլիոն եվրոյով, իսկ աջակցության արդյունքում ստեղծվել է 1592 նոր աշխատատեղ:

Օրինակ՝

Երկու երեխաների միայնակ մայր Լուսինե Առաքելյանն, EU4Youth-ի աջակցությամբ, իր կարի հոբբին վերածեց բիզնեսի: Նա մասնակցեց ծրագրի շրջանակներում անցկացված ձեռնարկատիրության դասընթացներին և շահեց 4000 եվրո բիզնես դրամաշնորհ, որով բարելավեց իր կարի արտադրամասի պայմանները, գնեց անհրաժեշտ սարքավորումներ ու ընդլայնեց իր բիզնեսը:

Զոյա Սաֆարյանը 19 տարեկան է և օգտվել է «Քաղաքապետներն հանուն տնտեսական զարգացման» ծրագրից՝ Սևանում. «Լսել էի, որ Սևանում կա նորարարական բիզնես կենտրոն, որն օգնում է երիտասարդներին, որոնք ունեն գաղափարներ, բայց չգիտեն ինչպես սկսել և ինչ անել»,- ասում է Զոյան: Նա որոշեց փորձել, սովորեց մշակել բիզնես պլան և այժմ նախատեսում է մարքեթինգային կենտրոն ստեղծել իր հայրենի քաղաքում:

Նարինե Սահակյանն աշխատել է որպես խոհարար, դերձակ, բուժքույր և վարսավիր, բայց երբեք մշտական աշխատանք չի ունեցել: Ամեն ինչ փոխվեց, երբ նա մասնակցեց ԵՄ օգնությամբ Շիրակի մարզի Ամասիա համայնքում հիմնադրված բրդի գործարանի համար մանածագործի դասընթացին: Գործարանը հիմնադրվել է «EU4Regions» ծրագրի ներքո ֆինանսավորվող ութ նախաձեռնություններից մեկի՝ «ԵՄ-ն Շիրակի մարզին. նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» նախագծի շրջանակներում:

Նատաշա Գալֆայանը «ՄԵՅԴ» արհեստագործական հարթակի հիմնադիրն է: Հարթակն իրականացնում է տեղաբնակների վերապատրաստում՝ շնորհիվ EU4Regions-ի «Դիլիջանի և հարակից համայնքների զագացման նախաձեռնություն» նախագծի շրջանակներում տրամադրված դրամաշնորհի: Նատաշայի ծրագրի սկսվելուց ի վեր 170 մարդ է վերապատրաստվել, որոնցից 12-ն արդեն իսկ պատրաստ են ստեղծել արտադրանք, բրենդավորել ու վաճառել այն:

Մարիա Ալոյանը և Լիանա Հակոբյանը գործատուների և ուսանողների համար առցանց համագործակցության «Breedge» հարթակի երկու համահիմնադիրներից են: Նրանք ավարտել են Հայաստանի ստարտափ ակադեմիայի եռամսյա դասընթացը և դրամաշնորհ են ստացել «EU-SMEDA» նախագծի կողմից՝ իրենց գաղափարն իրականացնելու համար:

Ինգա Մանուկյանը «Գործարար կանայք» ծրագրի կողմից քոուչինգային և գործնական աջակցություն է ստացել իր մանածագործական ընկերության համար, ինչը հանգեցրել է շրջանառության աճի՝ 25%-ի չափով, և վաճառքների աճի՝ 20%-ի չափով: Այժմ ընկերությունն իր արտադրած հագուստն արտահանում է ԵՄ և Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Ես վստահ չեմ, որ բիզնես սկսելու ցանկություն ունեմ, բայց ուզում եմ ձեռք բերել նոր հմտություններ, որոնք ինձ կօգնեն աշխատանք գտնել: ԵՄ-ն կարո՞ղ է ինձ որևէ բան առաջարկել:

Ուսուցումն ու հմտությունների փոխանցումը Հայաստանում ԵՄ աջակցության կարևորագույն առաջնահերթություններ են: ԵՄ-ն զգալի ֆինանսավորում է տրամադրում մասնագիտական ​​կրթությանը և ուսուցմանը (ՄԿՈՒ)՝ 15 միլիոն եվրո բյուջեով «Մասնագիտական որակավորումների բարելավում՝ աշխատատեղերի բարելավման նպատակով» ծրագրի միջոցով, որն ուղղված է աջակցելու մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման կենտրոնների ազգային համակարգի զարգացմանը, նպաստելու մասնագիտական որակավորումների զարգացմանը, ինչպես նաև նպատակ ունի բարելավել զբաղվածության հնարավորությունները երիտասարդների համար, հատկապես՝ գյուղատնտեսության ոլորտում:

EU4Youthի ներքո իրականացվող մի շարք հատուկ ծրագրեր («Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում սահմանամերձ գյուղերում՝ կանաչ առաջընթացի համար» (SEED), «Սոցիալական ձեռներեցությունը Հայաստանում և Վրաստանում» (SEAG), «SAY YES. հմտություններ աշխատանքի համար», «Զբաղունակություն և կայունություն» և «Զբաղունակության ներուժի զարգացում», և «Հմտությունների բարելավում՝ հանուն լավագույն ապագայի») առանձնակի ուշադրություն են դարձնում մինչև 35 տարեկան երիտասարդների հմտությունների զարգացմանը, հատկապես՝ Հայաստանի թույլ զարգացած շրջաններում:

ԵՄ աջակցությամբ ստեղծվող «ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր»-ը բազմաֆունկցիոնալ կենտրոն է, որտեղ մեկտեղված են բարձրագույն կրթությունն ու արդյունաբերությունը, և որը տեղացի ուսանողներին, հետազոտողներին և մասնագետներին կապում է միմյանց ու իրենց գլոբալ գործընկերների հետ` խթանելով նորարարությունը և ձեռներեցությունը: Կենտրոնում գործելու են կրթական և ուսումնական մի շարք հաստատություններ, ինչպիսիք են՝ ԹՈՒՄՈ լաբորատորիաները, ծրագրավորման «42 Երևան» դպրոցը և Հայաստանում ֆրանսիական համալսարանի (UFAR) Համակարգչային գիտության և մաթեմատիկայի ֆակուլտետը:

ԵՄ-ն «Էրազմուս +»-ի երիտասարդական ծրագրերի շրջանակներում հետաքրքիր հնարավորություններ է առաջարկում 30 տարեկանից ցածր երիտասարդ կանանց և աղջիկներին: Դու կարող ես միանալ մոտ 7000 հայ երիտասարդներին, ովքեր արդեն իսկ նոր հմտություններ և արժեքավոր փորձ են զարգացրել՝ երիտասարդական նախագծերին մասնակցության կամ Եվրոպական համերաշխության կորպուսի ներքո կամավորական աշխատանքի անցնելու շնորհիվ:

Իսկ եթե ներգրավված ես բարձրագույն կրթության ոլորտում, ապա «Էրազմուս +»-ը քեզ առաջարկում է ուսանողների փոխանակման և ասպիրանտական ​​ծրագրերի հնարավորություններ՝ Եվրոպայում: Իմացի́  ր ավելին բոլոր հնարավորությունների մասին, ինչպես նաև ծանոթացի ́ ր դիմելու ընթացակարգին:

ՈՒ՞մ կարող եմ դիմել օգնության համար:

Այցելիր ԵՄ պատվիրակության կայքէջ, ՎԶԵԲի «Գործարար կանայք» ծրագրի կայքէջ՝ աջակցության հասանելի հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության և գործընկեր բանկերի կոնտակտային տվյալների  համար, ինչպես նաև հենց ՎԶԵԲի կայքէջ՝ գործարար խորհրդատվության աջակցության վերաբերյալ տեղեկատվության և կոնտակտային տվյալների համար: Ծանոթացիր նաև Հայաստանում EU4Business-ի հովանու ներքո հասանելի վերապատրաստման և ֆինանսավորման լրացուցիչ հնարավորություններին: Կայքը համապարփակ տեղեկատվություն է ներառում վարկային և դրամաշնորհային հնարավորությունների, ինչպես նաև բիզնեսի զարգացման ծառայությունների մասին: Այն ներառում է նաև COVID-19-ի մասին տեղեկատվական աջակցության կենտրոն, որտեղ շարադրված են ԵՄ աջակցության միջոցառումները, որոնք Հայաստանում գործող փոքր բիզնեսներին կօգնեն դիմագրավել ճգնաժամին:

Կարող ես այցելել նաև Բիզնեսի աջակցման կենտրոն, որը ներգրավված է ԵՄի կողմից ֆինանսավորվող մի շարք նախագծերում, ինչպես նաև՝ ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն (ՓՄՁ ԶԱԿ):

Այցելիր «Քաղաքապետներն հանուն տնտեսական զարգացման» ծրագրի կայքէջ և իմացիր՝ արդյոք քո քաղաքը ևս ծրագրում ընդգրկված քաղաքների թվում է և թե ինչ է այն անում մոտակա տարածքում աշխատատեղերի և բիզնեսի աջակցման համար: Հետևիր նաև «EU4Youth»-ի կայքէջին՝ նոր աշխատատեղերի և վերապատրաստման հնարավորությունների համար:

Կրթական և երիտասարդական հնարավորությունների համար դիմիր Հայաստանում «Էրազմուս +» ծրագրի ազգային գրասենյակին:

Մի մոռացիր նաև հետևել Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջի թարմացումներին ու նոր հնարավորությունների վերաբերյալ ծանուցումներին:

Զետեղել

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,